Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի հուշաղբյուրը «խանգարում» է

Մայիս 08,2008 00:00

\"\"Ցայտաղբյուրի ջրի համար պատրաստ են վճարել

Սարգիս Խիթարյանը խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայության տարիներին որոշեց նվիրվել զինվորական ծառայությանը եւ մորը գրած վերջին նամակում խնդրեց ուղարկել փաստաթղթերը՝ բարձրագույն ռազմական դպրոցում ուսանելու հեռանկարով։ Տիկին Օլյան չէր կարող համաձայնել։ Միակ որդին էր։ Սարգիսը վերադարձավ ու նվիրվեց ազգային-ազատագրական պայքարին:

Մայրը հիշում է, որ Սարգիսը սովորաբար տուն էր դառնում գիշերային վերջին ավտոբուսով։ Կանգառը երեւում էր տան պատուհանից, եւ տիկին Օլյան նախ հայացքով էր դիմավորում որդուն: Ի վերջո, նա չհասցրեց որդու կարոտն առնել ինչպես հարկն է: Առաջին մարտերից Սարգիս Խիթարյանը ՀԱԲ-ի (Հայոց ազգային բանակ) կազմում մասնակցեց հանրապետության սահմանների պաշտպանությանը, այնուհետեւ անդամագրվեց ՀՅԴ-ին ու ուղեւորվեց Շահումյան։ Նրա ոգին ու միտքը արնաքամ լինող եւ օրհասին մեծագույն ճիգով դիմակայող Արցախից մասնատված աշխարհում էր՝ Շահումյանում։ Սարգիսին մնում էր հետեւել ոգու կանչին եւ մտքի թելադրանքին։ Բուզլուխի ինքնապաշտպանական հերոսամարտերից մեկում Սարգիսն ընկավ։ Պատմում են, որ մարտական ընկերները չեն հավատացել, մտածել են, թե Սաքոյի հերթական «ծռություններից» է։ Զարմանալի կենսախինդ էր այս մարտիկը եւ կենսախնդությունը տարածում էր շուրջ բոլորը։ Մահվան գույժը «Ազատամարտ» շաբաթաթերթում երեւութացավ աննշան մի հրապարակմամբ՝ «Նվիրյալը» խորագրի ներքո։ 1991-ն էր։ Ռազմական փառքով ընկավ Ս. Խիթարյանը՝ ծնված 1967-ին, Լոռվա չքնաղ Օձուն գյուղում։ Ռազմիկին վայել փառքով էլ թաղվեց Եռաբլուրում։ Ժամանակ անց մարտական ընկերները կանգառում, ուր իջնում էր Սարգիսը, հուշաղբյուր կառուցեցին, կառուցումը համաձայնեցնելով Շահումյանի գործադիր կոմիտեում։ Փաստաթղթի տակ երջանկահիշատակ Վահան Զատիկյանի ստորագրությունն է։

Օլյա Խիթարյանը, ասես որդու հետ զրուցելով, պատմում է, որ եթե անգամ համաձայներ ու Սարգիսն ուսաներ Ռուսաստանի խորքերում տեղակայված հատուկ նշանակության սպաներ պատրաստող դպրոցում, միեւնույն է, տղան հասնելու էր Հայաստան ու ճանապարհ էր բռնելու դեպի Արցախի լեռները։

Հուշաղբյուրը կառուցվեց Կոշիկի գործարանի հարեւանությամբ, ուր, ի դեպ, աշխատել էր Ս. Խիթարյանը՝ թեթեւ արդյունաբերության տեխնիկումն ավարտելով։ Հուշաղբյուրին ջուր է մատակարարում գործարանի տարածքով անցնող խողովակը եւ փականն էլ վերահսկվում է գործարանի մշտապես փակ դարպասների հետեւում։ Տիկին Օլյայի բազմաթիվ փորձերը՝ հանդիպելու տնօրենին, հաջողություն չեն ունեցել։ Տնօրենը կամ տեղում չի եղել, կամ «ժամանակ չի ունեցել»։ Սարգսի ընկերներն իրենց հերթին փորձել են հասկացնել, որ պատրաստ են հաշվիչ տեղադրել եւ վճարել հուշաղբյուրում հոսած ջրի դիմաց։ Ապարդյուն. հուշաղբյուրը «խանգարում» է գործարանի նոր դարպասին:

Գուցե այս հրապարակումը առիթ կհանդիսանա, որ խնդրի կարգավորմամբ զբաղվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարությունը, ՀՅԴ-ն եւ պաշտպանության նախարարությունը։ Գործարանը գտնվում է Տիչինայի 136-ում, սեփականատերը ՀՀ քաղաքացի Մանվել Ղարիբյանն է, ով, անշուշտ, առիթի դեպքում մեծ բավականությամբ է բաժակ բարձրացնում հանուն հայրենիքի եւ նրա անկախության համար նահատակված զինվորի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել