Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ

Հուլիս 17,2008 00:00

\"\"Ոմանք այն կապում են Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ

Միքանի օր է, ինչ քրեական գործեր են հարուցվում ինչպես Գյումրիի քաղաքապետարանի, այնպես էլ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուների դեմ: Օրեր առաջ Գյումրիի 205 /369 տնակի բնակչուհի Կարինե Խաչատրյանի բողոքի հիման վրա քրգործ էր հարուցվել քաղաքապետարանի անօրինական շինությունների եւ հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանի ու մյուս աշխատակիցների դեմ: Պաշտոնյան, մի խումբ մարդկանց հետ նախնական համաձայնության գալով ու պաշտոնեական դիրքը չարաշահելով, վաճառել ու յուրացրել էր Կարինե Խաչատրյանի տնակը: Սակայն այս փաստը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ չէր մարսել, երբ հինգ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը նոր «սյուրպրիզ» մատուցեց. քրգործ հարուցվեց Վարդան Ղուկասյանի եղբոր խնամու՝ Ներսես Ղարաքեշիշյանի ղեկավարած սոցիալական կառույցում: Սակայն մեղադրանք առաջադրվեց ոչ թե խնամու, այլ ամենաերկարամյա մասնագետի՝ Գյումրի-1 սոցծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Քոթանջյանի դեմ: Տեղեկացնենք, որ Գյումրու քաղաքապետն անցած տարվա դեկտեմբերից է պաշտոնի նշանակել Ներսես Ղարաքեշիշյանին, ով, ըստ էության, որեւէ կապ չի ունեցել սոցծառայությունների հետ ու այստեղ աշխատանքի է անցել Շիրակի մարզի դատախազությունում դատախազի պաշտոնը թողնելուց հետո: Ըստ մեր տեղեկությունների, նա մեծ լումա է ունեցել 2004-ին ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալելու գործում: Ինչեւէ, գլխավոր դատախազությունն իր նախկին գործընկերոջը անակնկալի բերեց: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ժան Մովսիսյանը եւ նրա ծանոթ՝ Գյումրի-1 սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի տեղակալ Ռաֆիկ Քոթանջյանը նախնական համաձայնությամբ թաքցրել եւ 2007-2008թթ. ընտանիքի ապահովության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթի ցանկում չեն ներառել Ժան Մովսիսյանի կողմից 2006թ. ապրիլի 14-ին ձեռք բերված «ԿԱՎԶ» 685 մակնիշի ավտոբուսը, որի հետեւանքով Ժան Մովսիսյանը ներգրավվել է նպաստառուների ցանկում եւ ապօրինի ստացել 286 000 դրամ գումար»: Սակայն քրեական այս գործի հետ համաձայն չէ պաշտոնյան: Քոթանջյանի պնդելով՝ ինքը որեւէ ապօրինի գործողություն չի կատարել: «Ինչո՞ւ չպիտի կատարեի կառավարության աջակցության խորհրդի նիստի որոշումը, ինչի՞ց ելնելով պիտի աղքատ ընտանիքին զրկեի նպաստից, եթե մեքենան շահագործման ենթակա չէ, կա ոստիկանության համապատասխան տեղեկանքը մեքենայի պիտանի չլինելու մասին, քաղաքացուն էլ ճանաչում եմ որպես քաղաքացի, դատախազության հաղորդագրության մեջ նշված է, թե ես նախապես ծանոթ եմ եղել, նման բան չկա»,- ասում է Քոթանջյանը, ով նույնիսկ աջակցության խորհրդի անդամ չէ: Աջակցության խորհրդի նիստի արձանագրության մեջ մասնավորապես գրված է. «Քաղաքացի Ժան Մովսիսյանի կողմից 2006 թ. ապրիլ ամսին ձեռք է բերվել «ԿԱՎԶ» 685 մակնիշի 1978 թ. արտադրության ավտոմեքենա եւ սահմանված կարգով տեղյակ չի պահվել Գյումրի-1 սոցծառայության տեղական գրասենյակին: Արդյունքում՝ Ժան Մովսիսյանի ընտանիքը վեց ամիս, ամսական՝ 15 հազար դրամ՝ շուրջ 90 հազար դրամ անօրինական ընտանեկան նպաստ է ստացել: Հանձնաժողովը արձանագրել է, որ ընտանիքը խախտել է գործող համապատասխան հրահանգը, իրոք անօրինական ընտանեկան նպաստ է ստացել, սակայն խորհրդի կողմից կատարված ուսումնասիրությունները միաժամանակ ցույց են տվել, որ քաղաքացի Մովսիսյանի ընտանիքը ներկայումս գտնվում է ծանր սոցիալական պայմաններում, բնակվում է կոմունալ-կենցաղային պայմաններից դուրս բնակարանում, չունի կողմնակի եկամուտ, մեքենան գտնվում է անսարք վիճակում, երբեմն շահագործվում է հարեւանությամբ առանձին բնակվող զառամյալ եւ հիվանդ ծնողներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Ելնելով վերը նշվածից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ ընտանիքը գտնվում է սոցիալական խիստ ծանր վիճակում, սոցիալական աջակցության խորհուրդը որոշում է առաջարկել Գյումրի-1 սոցծառայության գրասենյակին՝ չզրոյացնել ընտանիքի կարիքավորության միավորը եւ բացառության կարգով քաղաքացուց 90000 դրամը հետ չգանձել»: Մնում է ենթադրել, որ այս քրգործը քաղաքական աստառ ունի ու կապված է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը քաղաքապետ Ղուկասյանի դեմ նույն մեթոդները կիրառեց նաեւ անցած տարի. կաշառակերության մեղադրանքով քրգործ հարուցեց Գյումրի-2 սոցծառայության պետ Մովսես Ջուհարյանի ու Վարդան Ղուկասյանի եղբոր՝ «Բնակարանային տնտեսություն» ՓԲԸ պետ Գեւորգ Ղուկասյանի դեմ, սակայն հետո գործը կարճեց՝ նույն պաշտոնյաներին արատավոր գործունեությունը շարունակելու հնարավորություն տալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել