Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Սեպտեմբեր 24,2026 19:44 Share

Քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու գործելակերպից։ Ընդ որում՝ խոսքը մի պնդման մասին է, որը վաղուց հերքվել է երեք միջազգային փորձաքննություններով, իսկ դրանց եզրակացությունները հրապարակվել և հասանելի են դարձել հանրությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը։

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով։
Զեկույցից պարզ է դառնում, որ քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու գործելակերպից։ Ընդ որում՝ խոսքը մի պնդման մասին է, որը վաղուց հերքվել է երեք միջազգային փորձաքննություններով, իսկ դրանց եզրակացությունները հրապարակվել և հասանելի են դարձել հանրությանը։

Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ, մասնավորապես, նշված է․

«(…) Արշակ արք. Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումը, որտեղ, ըստ աղբյուրի պնդման, արքեպիսկոպոսը սեռական կապ է ունենում իր ազգականի հետ։ Չնայած արքեպիսկոպոսի կողմից հերքմանը՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձաքննության է ենթարկել տեսանյութերը, ինչի արդյունքում հաստատվել է տեսանյութերի իսկությունը»։

Հայտնի կեղծ տեսանյութերի առնչությամբ իրականացվող քրեական վարույթով, որպես Արշակ Սրբազանի փաստաբան, պաշտոնապես հայտարարում եմ՝ վարչապետի հանձնարարությամբ հրապարակված այս զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից չի նշանակվել և չի կատարվել որևէ այնպիսի փորձաքննություն, որի արդյունքում հաստատված լինի հրապարակված տեսանյութերի իսկությունը։

Ավելին՝ ճիշտ հակառակը։

Մեր նախաձեռնությամբ նշանակվել և իրականացվել են երեք միջազգային փորձաքննություններ, որոնց եզրակացություններով հստակ և միանշանակ հաստատվել է՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը ԿԵՂԾ ԵՆ։

Հետևաբար, պետական մարմնի կողմից պաշտոնական զեկույցում նման պնդման ներառումը ոչ թե պարզապես փաստական սխալ է, այլ արդեն իսկ հերքված տեղեկության կրկնակի տարածում՝ օգտագործելով պետական պաշտոնական խողովակը»,- գրել է Արսեն Բաբայանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել