Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն կայացել է որպես ոլորտի առանցքային հաստատություն. Սրբուհի Գալյան

Սեպտեմբեր 24,2026 20:20 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել հայկական միջազգային արբիտրաժային օրեր միջոցառմանը։

Նախարարը նշել է, որ միջոցառման վայրը խորհրդանշական է, քանի որ այն անցկացվում է Մատենադարանում, որտեղ պահվում է նաև Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»՝ հայ իրավական մտքի այն կոթողը, որը դեռևս 12-րդ դարում կոչված էր վեճերը լուծելու հստակ, կանխատեսելի և բոլորի համար հասկանալի կանոններով:

Հայաստանն այս տարի չորրորդ անգամ է հյուրընկալում միջազգային արբիտրների՝ աշխարհի տարբեր երկրներից:

Նախարարը նշել է, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը Կառավարության համար շարունակում է մնալ առաջնահերթություն։

Ներդրողը որոշում կայացնելիս գնահատում է ոչ միայն շուկան, այլև այն, թե որքան արագ և արդար կլուծվի հնարավոր վեճը։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր գործունեության երեք տարիների ընթացքում կայացել է որպես ոլորտի առանցքային հաստատություն։ Կենտրոնում արդեն վարվել է շուրջ 1000 արբիտրաժային և հաշտարարության գործ, ինչը վկայում է, որ բիզնեսն ու քաղաքացիները ավելի ու ավելի են սկսում վստահել այս մեխանիզմներին։

Կենտրոնը շարունակ ընդլայնում է նաև միջազգային համագործակցությունը առաջատար կենտրոնների հետ։ Այս արդյունքները հնարավոր են դարձել կենտրոնի արբիտրների և հաշտարարների, միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված արբիտրաժային և հաշտարարական խորհուրդների, ինչպես նաև կենտրոնի թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ։

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև հաշտարարության ինստիտուտի զարգացմանը, նշելով, որ ներկայում որակավորված է 125 հաշտարար, իսկ ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ներդրումից հետո կողմերը հաշտության են հասել դեպքերի մոտ 29,5%-ում, համապատասխան գործերով դատարան մուտք եղած գործերի թիվն նվազել է ավելի քան 50 տոկոսով։

Այս փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը դիտարկում է նաև այլ բնույթի վեճերով պարտադիր հաշտարարություն ներդնելու նախաձեռնությունները։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել