Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ»

Հուլիս 17,2008 00:00

Հայ-ռուսական համալսարանի լրատվական կենտրոնը տարածել է համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Երեւան հրավիրելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ. «Վերջին տարիների ընթացքում հայ հասարակությունը մի տեսակ կարծես կարոտել էր նախաձեռնող դիվանագիտության դրսեւորումներին: Մեր դիվանագիտությունը կարծես թե պարփակվել էր ընդամենը Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկություններն ընդամենը մեկնաբանելու եւ կամ, պետք եղած դեպքում, դրանք տապալելու գործառույթների մեջ: Ցավոք, դիվանագիտական մտքի եւ գործողությունների այլ, առավել արդյունավետ դրսեւորումներ չէին նկատվել վերջին ժամանակներս: Այս իմաստով հաճելի բացառություն էր Թուրքիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի հրավերը: Սա հենց նախաձեռնող դիվանագիտության փայլուն օրինակ է, եւ անկախ այդ հրավերին թուրքական կողմի պաշտոնական արձագանքից՝ Հայաստանը միանգամից, դիվանագիտական իմաստով, հայտնվեց շատ շահեկան վիճակում: Ինձ այս համատեքստում զարմացնում են նաեւ հայ որոշ փորձագետների կամ քաղաքական գործիչների մոտեցումները. նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ֆուտբոլային խաղը Երեւանում Թուրքիայի նախագահի հետ դիտել: Կարծում եմ, նրանք շատ ավելին չեն պատկերացնում, մասնավորապես, թե ինչպես կարելի է ընդհանրապես Թուրքիայի հետ գոյատեւել նույն արեւի տակ: Իսկ մեզ անհրաժեշտ է ոչ միայն գոյատեւելը, այլ նաեւ զարգացումը, եւ ինչու ոչ՝ համատեղ զարգացումը: Կուզենայի հավատալ, որ ՀՀ նախագահի այս քայլով սկիզբ է դրվում Հայաստանի նոր՝ նախաձեռնող դիվանագիտությանը: Ողջունում եմ դրա առաջին արտահայտությունը»:

Հ. Գ. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը եւս դրական է գնահատել Սերժ Սարգսյանի այս քայլը, սակայն նշել է, թե վերապահումով է վերաբերվում նախաձեռնության անկեղծությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել