Լրահոս
Օրվա լրահոսը

Վախենում եմ

Օգոստոս 30,2008 00:00

Կարծես թե ոչ մի լուրջ պատճառ չկա, բայց երբ տեսնում եմ մեր կառավարության քայլերը… ոտքերս վախից թուլանում են: Այո, վախենում եմ, սարսափում:

Առաջին անգամ վախ զգացի, երբ, ինչպես այդ տարիների ընդդիմությունն էր պնդում, մի քանի կոպեկով մեր ազգային պարծանք Կոնյակի գործարանը նվիրեցին ֆրանսիացիներին: Որպես ավանդական հայկական մտածողության կրող, ենթադրում էի, որ ֆրանսիացիները գնել են գործարանը՝ կոնյակի բնագավառում իրենց միակ իրական մրցակցից ազատվելու համար: Արագ սպառելու են հնեցրած կոնյակի պաշարները ու քանդեն, սնանկացնեն «Արարատը»… Զարմանալիորեն՝ կատարվեց հակառակը: Գործարանը ոչ միայն աշխատեց, այլեւ վերականգնեց իր «բրենդը» Ռուսաստանում եւ այլուր…

Զգո՞ւմ եք վտանգը: Ո՞չ… Անկեղծ ասած՝ ես էլ այդ ժամանակ դեռ չէի զգում…

Հետո՝ էլեկտրական բաշխիչ ցանցերն արտաքին կառավարման տվեցին… Բնական է, սպասում էի, որ կիսամեռ ոլորտը արագորեն հոգին վերջնականապես կավանդի… Կարգի բերեցի տատիկիցս ժառանգած եւ 90-ականների սկզբին մեզ փառքով ծառայած նավթավառը, վառելափայտի ու մոմի մեծ պաշար ձեռք բերեցի ու սկսեցի սպասել… Մի որոշ ժամանակ անց նավթավառը վերադարձավ իր տեղը՝ խորդանոցի վերին դարակին…. Կրկին սխալվեցի:

Հետո էլ «Զվարթնոց» օդանավակայանի պատմությունը… Ինձ թվում է, 90-ականներին Հայաստանից մեկնածները «Զվարթնոցի» ծառայություններին կրկին առնչվելու ահից Հայաստան չվերադարձան եւ այլ երկրներում քաղաքական ապաստան խնդրեցին: Ու այսպես, մինչեւ մի օր օդանավակայանն էլ արտաքին կառավարման տվեցին… Հիմա, երբ Երեւան ես ժամանում, քեզ թվում է, թե ահաբեկիչներն օդանավը գերել են ու օդաչուներին ստիպել վայրէջք կատարել, ասենք՝ Վիեննայում:

Վերջապես հասկացա՞ք վտանգը: Ո՞չ, լավ, չշահագործեմ ձեր համբերությունը, ասեմ…

Մեր նոր կառավարության քայլերն ինձ մասամբ սկսել են դուր գալ, որոշակի ոլորտներում որոշ բարեփոխումներն ակնհայտ են: Իսկ, ինչպես փորձն է ցույց տալիս, մեզ մոտ բարեփոխվում են միայն այն կառույցները, որ կամ վաճառվում եմ արտասահմանցիներին, կամ գոնե արտաքին կառավարման են տրվում:

Ու հիմա վախով մտածում եմ՝ գուցե երկիրը «մի քանի կոպեկով» ինչ-որ արտասահմանցիների՞ են վաճառել կամ թաքուն, ինչպես սովորաբար անում են, առանց հայտարարությունների ու միջազգային մրցույթների տվել արտաքին կառավարմա՞ն…

Չգիտեմ… Բայց իսկապես վախենում եմ, վախենում եմ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել