Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐ ՍԱՆԻ ԹԱԼԻՍՄԱՆ ՄԱՐԶԻՉԸ

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"Նոյեմբերի 1-ին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում իր եւ WBC-ի ու WBA-ի վարկածներով գոտիների միավորման մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ:

Վախթանգը Երեւանում էր, որ իմացավ այդ մենամարտն անցկացնելու նշանակված օրը եւ արագ մեկնեց Ավստրալիա՝ ձեռնամուխ լինելու նախապատրաստությանը: Օրերս տեղեկացանք, որ Վիկն արդեն մեկնում է Ամերիկա եւ մարզումները շարունակելու է այնտեղ: Իր սանի մոտ մեկնել է պատրաստվում նաեւ Վիկի առաջին մարզիչը՝ Վազգեն Բադալյանը:

«Առավոտը» երեկ հանդիպեց նրան:

– Պարոն Բադալյան, Վախթանգը միշտ էլ հայտարարել է, որ իրեն ավելի վստահ է զգում, երբ Դուք իր կողքին եք: Բայց նա պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարզիչ ունի: Ամերիկայում ի՞նչ եք անելու:

– Նրա մարզիչը կատարում է իր աշխատանքը: Բայց մարզիկին ճանաչելը, նրա հոգեբանությունն իմանալն ու զգալը այլ բան է: Նախապատրաստության վճռորոշ փուլում մարզչի մեկ ճիշտ խոսքը, խորհուրդը կարող են մարզիկին ոգեւորել: Եվ հակառակը. աննշան թվացող ցանկացած սխալ մոտեցում կարող է ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը ջուրը գցել: Վախթանգը սիրողական բռնցքամարտում առաջին քայլերն արել է ինձ մոտ: Ես մշտապես նրա կողքին եմ եղել մինչեւ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելը ու, չգիտեմ ճիշտ է, թե ոչ, Վախթանգին ավելի լավ եմ ճանաչում, քան իմ հարազատ որդուն: Հաճելի է լսել, որ նա ինձ չի մոռացել: Ընդհակառակը, իմ ներկայության կարիքն զգում է: Արդեն որերորդ անգամ եմ պատասխանատու պահերին Վախթանգի կողքին լինում: Այս անգամ էլ նրա մարզչի գործերին չեմ խառնվելու: Պարզապես, լինելու եմ իմ սանի կողքին (դա նրան օգնում է հանգիստ նյարդային վիճակ պահպանել) եւ հարկ եղած դեպքում աշխատելու եմ խորհուրդներով օգնել:

– Անցած տարվա հուլիսին Վիկը պարտվեց Նոնիտո Դոներին՝ կրելով պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին ու միակ պարտությունը: Այդ օրը Դուք նրա կողքին չէիք: Դա կարեւո՞ր պատճառ էր:

– Այդ մենամարտի հետ կապված շատ բան կա ասելու: Մարտը կազմակերպած անձը ե՛ւ Վիկի, ե՛ւ Նոնիտոյի պրոումոթերն էր: Այնպես որ, նրա համար միեւնույն էր, թե ով կհաղթեր: Այդ պատճառով նա, փաստորեն, Վախթանգին փաստի առջեւ կանգնեցրեց՝ մենամարտը 20 օր առաջ գցելով: Մարտի օրը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար շատ մեծ նշանակություն ունի: Մարզիկը ծրագիրը կազմում է այնպես, որ պահանջվող օրը լավագույն մարզավիճակում լինի: Նա հոգեբանորեն նախապատրաստվում է հենց այդ օրը ռինգ մտնելուն: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը նաեւ շոու է, մեծ փող ու բիզնես: Այդ պրոումոթերը, մարտն ինչպես էլ ավարտվեր, շահող էր դուրս գալու: Բայց այս ամենով հանդերձ, Վախթանգը միանշանակ պետք է հաղթեր: Այն ժամանակ մենք հեռախոսով մշտապես կապ էինք պահպանում: Ուսումնասիրել էի մրցակցի մարտավարությունը: Վախթանգին ընդամենը երկու բան էի խորհուրդ տվել: Առաջին՝ մինչեւ 5-րդ եւ 6-րդ ռաունդները Դոների հետ «խաղալ» ու հոգնեցնել եւ երկրորդ՝ հարվածելու ժամանակ առաջ չթռչել: Երկու խորհուրդներն էլ չկատարեց, եւ արդյունքը բոլորս տեսանք:

Քանի որ խոսեցի մեծ գումարների մասին, ուզում եմ մի բան էլ ասել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, իսկապես, մեծ գումարներ են շրջանառվում: Մարզիկը, տվյալ դեպքում՝ Վախթանգը, այդ գումարը վաստակող գլխավոր գործող անձն է: Բայց շահի տեսակետից նրան այդ գումարի միայն մի փոքր մասն է բաժին հասնում: Այդ փողերի առյուծի բաժինը բաշխվում է նույն պրոումոթերին, մենեջերին, մարզչին, իր թիմի մյուս անդամներին, մարզումների ժամանակ հրավիրվող մարզումային մրցակիցներին ու էլի բազմաթիվ տեղեր: Այնպես որ, բռնցքամարտիկի վաստակած գումարն ամենաարդարն է, սեփական քրտինքով վաստակած:

– Շարունակենք դրամի թեման: Դուք մեկնում եք ԱՄՆ ու մոտ 20 օր մնալու եք այնտեղ: Ո՞վ է այդ միջոցները տրամադրում:

– Մի մասը՝ Վախթանգը, մյուսը՝ Հյուսթոնում բնակվող մեր հայրենակից ու իմ լավ բարեկամ Ալբրիկ Նազարյանը, որը հայկական սպորտի, հատկապես բռնցքամարտի մեծ սիրահար է: Նա 1999թ. աշխարհի առաջնությանը (Հյուսթոնում) մեր բռնցքամարտիկների լավ մասնակցությանն աջակցելու նպատակով հինգ հոգուց բաղկացած հավաքականի անդամներին եւ երկու մարզիչներին հրավիրել էր մոտ երկու շաբաթ առաջ եւ պահում էր իր տանը: Դուք էլ դա պետք է հիշեք, որովհետեւ ինքներդ այնտեղ էիք:

– Այսինքն՝ Վախթանգին օգնել-աջակցելու համար չե՞ք վարձատրվում:

– Ոչ: Արդեն ասացի, որ մանուկ հասակից Վախթանգը տարվա մեծ մասն ինձ հետ է եղել: Նրա հանդեպ, մի տեսակ, ծնողական զգացում ունեմ: Մեր պարագայում փողի մասին մտածելը բարոյական չէ: Այլ բան է, եթե երբեմն հենց նրանից կամ Ամերիկայի իմ ընկերներից ընծաներ եմ ստանում:

– Դուք Լոռվա մարզի ոստիկանության պետի տեղակալն եք: Ոլորտում, առավել եւս Ձեր պաշտոնում երկար ժամանակ բացակայելը հեշտ չէ:

– Այս տարվա արձակուրդս, անկեղծ ասած, արդեն օգտագործել եմ: Սակայն հանրապետության ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը սպորտի մեծ սիրահար է, տեղյակ լինելով, որ Դարչինյան-Միխարես մենամարտը պատմական է, որում առաջին անգամ գրավ է դրված միանգամից երեք չեմպիոնական գոտի, թույլատրեց աշխատանքից բացակայել:

– Նոյեմբերի 8-ին կայանալու է նաեւ Արթուր Աբրահամ-Ռաուլ Մարկես մենամարտը: Ի՞նչ կասեք:

– Բնականաբար, Արթուրին վստահ հաղթանակ եմ մաղթում: Արթուրն ու Վախթանգն արժանի են գնահատումի եւ հատկապես՝ Հայաստանում: Նրանք երկուսն էլ հայկական սպորտի, մասնավորապես՝ բռնցքամարտի պատմության վառ էջեր են գրում: Օրինակ, Վախթանգը վերջին հինգ մարտերում ռինգ է մտնում Հայաստանի դրոշի ներքո ու դահլիճում էլ ոչ միայն հայտարարվում է, որ նա Հայաստանից է, այլեւ նշվում է հարազատ Վանաձոր քաղաքը: Նա ժամանակին վերցրեց պայուսակը ու մեկնեց Սիդնեյ: Գրավեց Ավստրալիան, այնուհետեւ՝ աշխարհը: Բայց չմոռացավ, որ մեծացել է Հայաստանում, որպես մարզիկ ձեւավորվել ու կայացել այստեղ: Նրան աշխարհում ու Ավստրալիայում էլ շատ են մեծարում: Բայց մի նրբություն կա: Ավստրալացու համար նշանակություն չունի, եթե վաղը Վախթանգի տեղը, ասենք, ալժիրցի մեկը դառնա: Բայց որտեղ եւ ինչ էլ լինի, նա եւ նրա նմանները հայաստանցի են, մերն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել