Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ԷԼ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Դեկտեմբեր 04,2008 00:00

\"\"Շահագործման հանձնվեց նոր տրանսպորտային հանգույցը

«Ձեր սպասումները եւ շինարարության ընթացքում կրած դժվարությունները, կարծում եմ, այսօր լիարժեք փոխհատուցում են ստանում այս առաջնակարգ մայրուղու շահագործմամբ։ Վստահեցնում եմ, որ թեպետ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացվել են աննախադեպ սեղմ ժամկետներում եւ լարված ռեժիմով, սակայն շինարարությունը կատարվել է այսօրվա պահանջներին համապատասխան բարձր մակարդակով եւ որակով, հաշվարկված՝ ծառայելու մեր ժողովրդին երկար տարիներ, բազմաթիվ սերունդների, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հանրապետության նախագահ Սերժ Մարզպանին»,- երեկ՝ Խանջյան, Չարենցի, Հերացի փողոցներն ընդգրկող տրանսպորտային հանգույցի բացման պաշտոնական արարողության ժամանակ այսպես ավարտեց իր խոսքը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։ Նա չմոռացավ նաեւ նախագիծն իրականացրած «Երեւաննախագիծ» ինստիտուտը եւ շինարարներին: Տրանսպորտային այս հանգույցը, որի բացման ժապավենը կտրեցին Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները, քաղաքապետ Երվանդ Զախարյանը համարում է մայրաքաղաքի վերջին տասնամյակների ճանապարհաշինության պատմության մեջ՝ բացառիկ: Քաղաքի հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան հատվածները միացնող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը մշակվել էր դեռեւս 70֊80-ական թվականներին, սակայն իրականություն դարձավ «միայն անկախության տարիներին՝ մեր պետության տնտեսական կայուն վերելքի ժամանակաշրջանում, երբ հասարակության վստահության ամրապնդումը, նրա ժամանակակից սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը պետության եւ կառավարության առաջնային խնդիրներից են, երբ առանձնապես արժեւորվում է հետագա խաղաղ, շինարար, ստեղծագործ զարգացումը։ Մեր հանրապետության տնտեսությունը զարգանում է այսօրվա քաղաքակրթության չափանիշների հետ համաքայլ, կանխատեսելով ժամանակի բոլոր մարտահրավերները»,- ասաց քաղաքապետը։

Շահագործման հանձնված այս կառույցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին: Այսօր, երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում, մայրաքաղաքը ստանում է երկար սպասված եւ քաղաքի կյանքում խիստ կարեւոր մի ընդգրկուն կառույց, որը կոչված է ամբողջովին փոխելու մայրաքաղաքի կենտրոնի դեմքը եւ էականորեն բարելավելու տրանսպորտային հաղորդակցության վիճակը։

Նոր մայրուղու արդեն շահագործման հանձնված վերջին հատվածը ունի 2,6 կմ երկարություն։ Այն հնարավորություն է տալիս «Այրարատ» կինոթատրոնի շրջակայքի՝ Տիգրան Մեծի եւ Արշակունյաց պողոտաների ինտենսիվ տրանսպորտային հոսքերն արագընթաց ճանապարհով ուղղորդել Խանջյան փողոցին զուգահեռ՝ Գետառի հունի վրայով դեպի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասի նորակառույց թունելը, միանալ վերջերս շահագործման հանձնված Սարալանջի ճանապարհին, եւ ողջ երկայնքով, առանց որեւէ խոչընդոտի ու լուսացուցային կարգավորման, անընդհատ հոսքով արագորեն հասնել Կոմիտասի պողոտա ու Դավիթաշենի կամուրջ։ Այս ուղղությունն այլեւս էականորեն կբեռնաթափի Մաշտոցի, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների, Խանջյան, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Նալբանդյան, Կորյունի, Չարենցի փողոցների ծանրաբեռնվածությունը եւ առնվազն եռակի կկրճատի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

Խորհրդային Հայաստանի 50-ամյա տարեդարձի կապակցությամբ կառուցված հուշարձանը այս տարի նույնպես վերակառուցվել է: Այն այժմ նվիրվում է բռնադատվածների հիշատակին: Նախագահները երեկ բացեցին նաեւ այդ հուշարձանը: Հուշարձանի՝ հավերժություն խորհրդանշող գմբեթի վերին հատվածում առկա խաչի վրա հետագայում կտեղադրվի եկեղեցական զանգ, որը կղողանջի հայ բռնադատված զոհերի հիշատակի օրը։ Հուշարձանի վերանորոգման համար ծախսվել է շուրջ 320 միլիոն դրամ: Ամրացվել են հիմնապատերը, կրող կառուցվածքները եւ ծածկը։ Երեսպատվել են մասնաշենքի ներսի ու դրսի բազալտե քարերով հարթակները, ավազաշիթով մաքրվել են երեսպատման բոլոր մակերեսները, տեղադրվել է արտաքին եւ ներքին լուսավորման համակարգ։ Որպես նոր ճարտարապետական լուծում՝ հուշարձանի վրա գմբեթ է կառուցվել։ 24 սյուների վրա հենված այս գմբեթը իր խորհրդանշական տեսքով նմանվել է զանգակատան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել