Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 04,2008 00:00

\"\"Վերջիններն էլ դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈՒՄ) ամռանը հայաստանյան բուհերի շրջանում ուսումնասիրություն էր կատարել՝ հայտնաբերելու Հայ ուսանողական շարժման «պլյուսներն» ու «մինուսները»: Արդյունքում հրատարակվել է զեկույց, որտեղ տեղ են գտել միայն «մինուսներ»: Այստեղ, մեղմ ասած, քննադատվում են Հայ ուսանողական շարժումը, ուսանողական խորհուրդների, բուհերի գործունեությունը եւ այլն: Նշված փաստաթուղթը վերջին շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Բուհերի ղեկավարները կամ ուսանողական տարբեր կազմակերպություններ փորձում էին եվրոպացիների քննադատությանն արժանացած հայաստանյան խայտառակ պատկերի մեղքը բարդել մեկը մյուսի վրա:

«Առավոտը» զրուցեց ուսանողական մի քանի կազմակերպությունների հետ, պարզելու՝ որքանո՞վ են համամիտ ԵԱՀԿ-ի եւ ԵՈՒՄ-ի գնահատականներին: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) փոխնախագահ Հայկ Ակարմազյանին հարցրինք՝ ինչո՞ւ հանկարծ ԵԱՀԿ-ն սկսեց հետաքրքրվել հայ ուսանողական շարժմամբ: «ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակն, ըստ երեւույթին, նոր աշխատակից է ընդունել, որը որոշել է ԵԱՀԿ-ի գումարներով իբր լավ գործ անել, բայց իրականում աչքը շինելու տեղը հոնքն էլ է հանել: Սա քաղաքական փաստաթուղթ է, որը մի քանի տարով երկարաձգեց Հայաստանի՝ ԵՈՒՄ անդամ դառնալու Բոլոնիայի հռչակագրով սահմանված պայմանը: Բոլորս էլ գիտենք, թե ԵԱՀԿ-ն ինչով է զբաղվում, Եվրոպական ուսանողական միությունն էլ Եվրամիության եւ Եվրախորհրդի քաղաքականությունը տանող կազմակերպություն է»,- պատասխանեց Հ. Ակարմազյանը: Այնուհետեւ մեր խնդրանքով երիտասարդներն անդրադարձան զեկույցում տեղ գտած առանձին գնահատականների: Օրինակ, ըստ այդ փաստաթղթի՝ Հայ ուսանողական շարժումը դեռ չի իրականացնում ուսանողների ներկայացվածության հիմնական սկզբունքները: Այս կապակցությամբ Հ. Ակարմազյանն ասաց. «Հայ ուսանողական շարժման հիմքը մաքուր էր, երբ ղարաբաղյան պատերազմից վերադարձած տղաներն իրենց ընկերների պատվին հիմնեցին այն: Հետո շարժումը մոդիֆիկացվեց: Այժմ մեր ուսխորհուրդներն ունեն փոքր հեղինակություն: Երբ 2006-2007-ին բոլոր ուսխորհուրդները քաղաքականացվեցին, դրանց ղեկավարները հասկացան, որ հարցեր լուծելու համար ամենեւին էլ պարտադիր չէ վայելել ուսանողության հարգանքը, դա կարելի է անել քաղաքական ակցիաների, իշխանական պնակի կողքին կանգնելու միջոցով: Ցավոք, ուսանողության այսօրվա լիդերները չկայացած մարդիկ են, որոնք տեղ չեն տալիս իրական լիդերներին: Նրանց թվում է, երբ գնում են ՀՀ նախագահի մոտ եւ ասում, թե այնքան ուժեղ են, որ կարող են շատ բան անել՝ նախագահը կհավատա: Դրա ապացույցն է ուսանողների բողոքավոր զանգվածը: Փոխանակ ՄԻԱԿ-ի թերթոններ, ՀՀԿ-ի դրոշակներ բաժանեն, ՀՅԴ-ի հետ ասեն՝ «Մենք Վահանի հետ ենք», ընդդիմության հետ գոչեն՝ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ փչացնեն ուսանողական դաշտը, թող հասկանան, որ կոչված են պաշտպանելու ուսանողների շահերը»: Զեկույցի մի կետով էլ նշվում է, որ ուսխորհուրդների ղեկավարների մեծ մասը կապված է ՀՀ իշխող կուսակցության հետ, քանի որ «սխալ» կամ այլ կուսակցության հետ կապը դժվարացնում է առաջխաղացումը: Այս կապացությամբ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի անկուսակցական նախագահ Կարապետ Թոռչյանը նշեց. «Դա բխում է ուսանողների անտարբերությունից: Մյուս կողմից էլ ինչպե՞ս կարելի է խոսել անկախության մասին, եթե ուսխորհուրդը տվյալ բուհի մի ստորաբաժանում է, դրա կնիքը, հաշվեհամարը բուհինն են: Կամ եթե մի կազմակերպություն ֆինանսավորվում է ընդամենը մեկ աղբյուրից, ապա նա ինքնըստինքյան ընկնում է կախման մեջ»: Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նախկինում ուսխորհրդի նախագահի պաշտոն զբաղեցրած Հ. Ակարմազյանը նկատեց. «Եթե ուսխորհրդի նախագահը գնում է երկրի նախագահի մոտ եւ ասում՝ ինձ լավ նայիր,՝ ինչ ասես՝ կանեմ, ուրեմն նրա հետեւում ոչ ոք չկա կանգնած: Այլապես, եթե իմանար, որ իր հետեւից գոնե 1000 մարդ է գալիս, հաշվի կնստեր այդ զանգվածի հետ: Սա բնորոշ է եւ ընդդիմադիր, եւ իշխանական թեւի երիտասարդներին: Առաջինների շուրջ ժամանակին հավաքվում էին բանակի հարց բարձրացնելու պատճառով, երկրորդներն էլ խոստանում էին, թե «Բազե» կտանեն: Ի վերջո, պարտադիր չէ, որ ուսխորհրդի նախագահը լինի գերազանցիկ, գալստուկավոր, թղթապանակը թեւի տակ, կարեւորը՝ ուսանողությունը հարգի եւ գնա նրա հետեւից»: Հայ ուսանողական շարժումը մերկացնող զեկույցում նաեւ նշվում է, որ բուհի կողմից տրամադրված ռեսուրսները հեշտությամբ կարող են դառնալ շանտաժի զենք: Այս երեւույթը Կ. Թոռչյանը բացառում է միայն մեկ պարագայում. «Եթե ուսխորհրդի եւ բուհի ղեկավարության միջեւ լինի առողջ համագործակցություն»: Իսկ Հ. Ակարմազյանը «անկեղծացավ». «Բուհի ղեկավարությունը, ըստ էության, կարող է շանտաժի գնալ: Օրինակ՝ կարող է ուսխորհրդին ասել. եթե խոսես տվյալ դասախոսի կոռումպացվածության մասին՝ կզրկվես համապատասխան ֆինանսավորումից: Ախր այդ ֆինանսավորումը ուսանողներին պետք է, չէ՞: Այստեղ մեծ դեր ունի բուհի ռեկտորի բարոյական նկարագիրը: Հուսանք՝ ուսխորհրդից դուրս եկած պարոն Աշոտյանը հանդես կգա ուսխորհուրդների իրավական կարգավիճակին առնչվող օրենսդրական նախաձեռնությամբ»: Եվրոպացի մասնագետները ՀՀ-ում նաեւ նկատել են շիզոֆրենիկ կապ բուհերի եւ կուսակցական քաղաքականության միջեւ: Այս առիթով Հ. Ակարմազյանն ասաց. «Վատ չէ, երբ ուսխորհրդի նախագահը որեւէ կուսակցության անդամ է, եթե դա կարողանում է ծառայեցնել ուսանողների խնդիրները վեր հանելուն, ոչ թե ընդհակառակը»: Զրույցի վերջում էլ մեր զրուցակիցը նեղսրտեց. «Նրանք իրավունք չունեին գնահատել եւ թողնել- գնալ: Իսկ ո՞վ պիտի օգնի մեր ուսանողական կազմակերպություններին՝ կայանալ: Ի՞նչ է նշանակում, որ Եվրոպական ուսանողական միության նախագահը Հայաստանին երաշխավորություններ տա, սա երկիր է, պետություն, ոչ թե իրենց նման կազմակերպություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել