Լրահոս
Օրվա լրահոսը

«Չտես ազգի տպավորություն»

Դեկտեմբեր 12,2008 00:00

Ըստ «Շարմ» հոլդինգի հիմնադիր Կարեն Ղազարյանի՝ դա հայկական գովազդների «վաստակն» է

Հայկական գովազդների ու այդ քաղաքականության մասին օրերս «Առավոտը» նամակ-բողոք ստացավ: Նամակագիրը մտահոգություն է հայտնում, որ հեռուստասերիալներում 10-15 րոպե շարունակ ցուցադրվում են խաղատներում նկարահանված իրավիճակներ: Նա հարցնում է, արդյո՞ք դա գովազդի մասին օրենքի խախտում չէ եւ ինչո՞ւ դրանով չեն զբաղվում վերահսկող մարմինները:

«Առավոտը» այս եւ գովազդին առնչվող այլ հարցերի մասին զրուցեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի եւ «Շարմ» հոլդինգի հիմնադիր, «Փրայմ Քոմերշըլ» գովազդային գործակալության տնօրեն Կարեն Ղազարյանի հետ: Մ. Հարությունյանը նամակագրի բարձրացրած հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Փոքր-ինչ համաձայն չեմ այդ ձեւակերպմանը: Դա նշանակում է, որ փողոցում համբուրվող զույգ էլ չպետք է ցույց տալ, այդ դեպքում կընկնենք ծայրահեղության գիրկը՝ հասնելով նրան, որ արգելվեն նույնիսկ հայկական ժողովրդական հեքիաթները, քանի որ այնտեղ էլ հնարավոր է բռնություն լինի, կամ որովհետեւ դրանցից մեկում աղջկա թեւերն են կտրում: Մի հաջողված ամերիկյան ֆիլմ կա, որի գործողությունները ամբողջությամբ խաղատանն են ընթանում: Ի՞նչ անենք, արգելե՞նք ցուցադրել: Բայց օրենքին հետեւել պարտավոր ենք. օրինակ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության հաղորդումները չեն կարող ընդհատվել գովազդով: Բայց ուրբաթ եւ շաբաթ օրերին հեռարձակվող «Բենեֆիսը» եւ «Շաբաթ երեկոն» 2 անգամ ընդհատվում են գովազդով: Մյուս կողմից էլ գովազդները հեռուստաընկերությունների հացն են, նրանց սպանում ենք գովազդն արգելելով»:

Անդրադառնալով գովազդի լեզվին՝ փորձագետը նկատեց. «Մենք գրում, խոսում եւ կարդում ենք տարբեր լեզուներով: Ոչ միայն գովազդի, այլեւ հեռուստաընկերությունների բազում հաղորդումների լեզուն ինձ չի բավարարում: Թող դրանցում օգտագործվող լեզուն լինի խոսակցական, բայց դրա մեջ չմտնեն օտար բառեր: Օրինակ, եթե հայերեն քիվ բառը կա, ինչո՞ւ օգտագործել «կառնիզը» եւ այլն»:

Խոսելով ՀՀ-ում գովազդի «կենսագրության» մասին՝ Կարեն Ղազարյանը նկատեց, որ այժմ ցանկացած ոք, ով ունի 300 դոլար՝ տեսախցիկ գնելու համար, սկսում է գովազդ նկարել եւ իր անունը դնում գովազդային գործակալություն. «Մեր երկրում գովազդային մշակույթ դեռ ձեւավորված չէ: Ցավոք, մինչեւ հիմա չենք հասկացել, որ հեծանիվ հորինել պետք չէ: Աշխարհն աշխատում է նույն օրենքներով: Պիտի եղած լավագույն տարբերակները վերցնել եւ հաջող կերպով պրոյեկտել մեր իրողության վրա»: Կ. Ղազարյանը հայկական գովազդների՝ երբեմն դժգոհություն հարուցելու հանգամանքը պայմանավորում է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով. «Այդտեղ կան բազում բացթողումներ: Օրինակ, ըստ օրենքի՝ պիտի լինի գովազդը վերահսկող մարմին, ինչը իրականում գոյություն չունի: Այսինքն՝ եթե գովազդի մասին օրենքը խախտես, չի գտնվի որեւէ կազմակերպություն, որը քեզ պատասխանատվության ենթարկի»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ հայ հեռուստադիտողը գովազդը տեղեկատվություն ստանալու միջոց չի համարում: Կ. Ղազարյանը պատասխանեց. «Չի կարելի այնպիսի գովազդ պատրաստել, որտեղ կան ընտանեկան դավաճանություններ, բռնություններ, ժարգոն եւ այլն: Պետք չէ անլուրջ վերաբերվել կարգախոսներին: Աբսուրդ է, երբ, օրինակ՝ բնական հյութի կարգախոսն է. «Մեր նարնջի հյութի համը հաճելի անակնկալ կլինի ձեզ համար»: Նարինջը առնվազն պիտի մորիի համ ունենա, որ անակնկալ դառնա: Ցավոք, հայկական գովազդների 80%-ը սկսվում է «աննախադեպ», «վերջապես Հայաստանում» արտահայտություններով, կամ ասում են. «Այդքան սպասված ձեթ՝ Հայաստանում»: Կարծես ողջ Հայաստանը սպասում էր, թե երբ է այդ ձեթը հասնելու մեր երկիր: Այդպիսի գովազդներով չտես ազգի տպավորություն ենք թողնում»: Խոսելով գովազդային իրավախախտումների մասին՝ զրուցակիցս նկատեց. «Ըստ օրենքի՝ 1 ժամվա ընթացքում 10 րոպեից ավելի գովազդ չի կարելի հեռարձակել: Այնինչ, հեռուստաեթերից 20-25 րոպեանոց գովազդային բլոկեր են գնում, պարզ չէ՞, որ հեռուստադիտողը կամ ալիքը կփոխի, կամ կհեռանա… Լավ կլինի, որ գովազդային գործակալությունները լիցենզավորվեն: Թող գովազդ նկարելու համար լիցենզիա չպահանջվի, բայց մեդիաներում այն տեղադրող կազմակերպությունները պիտի անպայման լիցենզիա ունենան: Արտասահմանում դա ընդունված պրակտիկա է, ինչի շնորհիվ անորակ գովազդի համար պատասխանատվության են ենթարկում տվյալ գործակալությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել