Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆլիկտներն ու մշակույթը ըստ դիվանագետների

Դեկտեմբեր 12,2008 00:00

Լեհերը՝ ԵՊՀ-ում

«Հայ-լեհական հարաբերությունները զարգանում են, լավ է»,- երեկ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Տոմաշ Կնոտհեն: «Միջազգային կազմակերպությունները եւ Հարավային Կովկասի հակամարտությունները» թեմայի շրջանակներում ելույթ ունեցան եւ ուսանողների հարցերին պատասխանեցին լեհ փորձագետներ՝ դիվանագետ Մարիան Ստաշեւսկին եւ Լոձի համալսարանի պրոֆեսոր Անջեյ դե Լազարին: Հյուրերը Հայաստան են ժամանել «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հ/կ-ի հրավերով:

«Հանդիպմանը ներկա ուսանողները մեր ապագա քաղաքականագետներն ու միջազգայնագետներն են: Իսկ դիվանագիտություն պետք է սովորել ոչ միայն գրքերից, այլեւ տարբեր երկրների դիվանագետների հետ շփումից»,- ասում է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հ/կ-ի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Լեհ հյուրերը զբաղվել են Աբխազիայի հիմնահարցի կարգավորմամբ: Դիվանագետ Մարիան Ստաշեւսկին եղել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Աբխազիայում՝ մինչեւ 2006 թվականը: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ փորձագետների դերը մեծ է հակամարտությունները առանց պատերազմի լուծելու հարցում: «Ռուս-վրացական պատերազմը, Աբխազիայի հակամարտությունը տարբերվում են ղարաբաղյան խնդրից, բայց առիթ են տալիս մտածելու՝ ինչպե՞ս լուծել Արցախի հիմնահարցն առանց պատերազմի: Լեհ-գերմանական, լեհ- լիտվական խնդիրները եւս լուրջ էին, բայց իրենք կարողացան հաշտեցման եզրեր գտնել: Այսօր այդ փորձը պետք է կարողանանք կիրառել: Անպայման չէ միշտ մեր սխալների վրա սովորել»,- ասում է նա:

Դիվանագետ Մարիան Ստաշեւսկին ներկայացրեց իր դիտարկումները վրաց-օսեթական հակամարտության վերաբերյալ: Իսկ պրոֆեսոր Անջեյ դե Լազարին իր ելույթի ժամանակ նշեց, որ եթե իր գործընկերներն ասում են, որ Ռուսաստանում դեմոկրատիա չկա, համաձայնում է. «Որտեղից լինի, եթե երբեք չի եղել»: «Ինչի՞ է հասել Եվրոպան. հարգանք օրենքի, անձի նկատմամբ,- հավելում է պրոֆեսորը,- անգամ քրիստոնեությունը չի կարող համախմբել տարբեր մշակույթներով, մտածելակերպով ապրող մարդկանց, միայն ընդհանուր օրենքով կարելի է հասնել դրան: Պետք է դաստիարակել հասարակությանը. ինչքա՜ն են գերմանացիներն աշխատել, որ քաղաքացիները աղբը աղբարկղերի մեջ գցեն»:

Ուսանող Աստղիկ Ազիզյանի հարցին, թե Լեհաստանը դեմոկրատակա՞ն երկիր է, լեհ հյուրերը պատասխանեցին, որ համարյա այդպիսին է, բայց գերմանական, շվեդական դեմոկրատիային չի հասնի:

ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Մշակութային ցեղասպանություն

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ մշակութային ցեղասպանություն է իրականացվում: Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում անցկացված սեմինարի ընթացքում: Ինչպես հաղորդել է թուրքական «Միլլիեթ» թերթը, սեմինարն անցկացվել է ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի ընդունման 60-րդ տարեդարձի առնչությամբ: Լորդերի պալատի անդամ լորդ Հիլթոնի նախագահությամբ անցկացված միջոցառման ընթացքում զեկույցով հանդես է եկել «Քուրդիստանի ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Աքիֆ Ուանը, ով Թուրքիայի Հանրապետությանը քննադատել է այն բանի համար, որ երկրի իշխանությունները մերժում են «Թուրքիայում ապրող ավելի քան 20 միլիոն քրդերի եւ մյուս ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության ճանաչումը»: Նա ռասիզմի դրսեւորում է համարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ որոշ հայտարարություններ:

Սեմինարը նախագահող լորդ Հիլթոնն իր հերթին պաշտպանել է այն կարծիքը, որ Թուրքիայի վարչապետի «Մեկ պետություն, մեկ ազգ, մեկ դրոշ եւ մեկ հայրենիք» արտահայտությունը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի մեծ աղմուկ հանած այն հայտարարությունը, որ «եթե չլինեին Հայոց ցեղասպանությունը եւ հույների տեղահանությունը», թուրքերը «չէին կարող ազգային պետություն ստեղծել», հակասում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին: Սեմինարի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյանը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը մտավորականներին լռեցնելու նպատակ է հետապնդում: «Իր ելույթում Հայոց ցեղասպանության գաղափարներին մեծ տեղ տված Խաչատուր Փիլիկյանը, հակառակ նիստը նախագահող լորդ Հիլթոնի համառ պահանջներին, հրաժարվել է դադարեցնել իր ելույթը, եւ Հիլթոնը լքել է միջոցառումը, հայտնելով, թե պետք է մասնակցի այլ միջոցառման»,- գրում է «Միլլիեթը»:

Դեսպանը՝ լեզվաբանականում

Դեկտեմբերի 10-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան (ԵՊԼՀ) այցելեց ՌԴ-ում եւ ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Կյու Հյոնը (նստավայրը՝ Մոսկվա), որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: Նա հանդիպեց բուհի ուսանողների ու դասախոսների հետ:

Ինչպես նշեց բուհի պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանը, կորեերենը բուհում դասավանդվում է 2005 թվականից, սակայն արդեն նկատելի է շոշափելի առաջընթաց. «Ներկայումս ավելի քան հարյուր ուսանող է ուսանում կորեերեն: Այդ լեզուն մեզ մոտ դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու, իսկ գալիք տարվա փետրվարից այն կհամալրի երկրորդ օտար լեզուների շարքը»: Դեսպան Լի Կյու Հյոնի գնահատմամբ, կորեերեն ուսանող հայ երիտասարդների նման քանակի առկայությունը թույլ է տալիս լրջորեն մտածել մեր երկրների միջեւ տնտեսական եւ այլ բնույթի գործընկերություն ծավալելու մասին: 2008 թվականին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը, կորեական կողմի հրավերով, եղել է Կորեայում եւ համագործակցության պայմանագրեր ստորագրել այդ երկրի չորս առաջատար համալսարանների հետ: Ներկայումս ԵՊԼՀ-ի երկու ուսանող մագիստրոսական դասընթացների են մասնակցում Կորեայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել