Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՈՋ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 03,2009 00:00

Աշխարհն ի սկզբանե բաժանված է եղել երկու մասի՝ տղամարդկանց եւ կանանց, եւ միայն քրոմոսոմային համակարգը չէ, որ կանխորոշում է առնականության եւ կանացիության չափանիշները: Կինը տղամարդուց տարբերվում է նաեւ իր հոգեբանությամբ, նյարդային համակարգով, զգացմունքներով եւ, վերջապես, իր դերակատարությամբ, որը դրսեւորվում է ընտանիքում եւ հասարակության մեջ:

Գրեթե բոլոր ժողովուրդների ավանդական պատկերացումներով կանայք հնազանդ են, կախյալ, հուզական, հարմարվող եւ քնքուշ։ Նրանք պատասխանատվություն են կրում երեխաների դաստիարակության եւ տնային տնտեսություն վարելու համար, իսկ տղամարդիկ ավելի հեղինակավոր եւ պատասխանատու դիրք ունեն հասարակական կյանքում: Ժողովրդական պատկերացմամբ, «նորմալ» կինը ցանկանում է ամուսնանալ եւ երեխաներ ունենալ, իսկ մնացած հետաքրքրությունները, որ նա կարող է ունենալ՝ երկրորդական են: Ամուսնանալ եւ երեխա ունենալ չցանկացող կանայք չեն ընկալվում հասարակության կողմից:

Ավանդաբար համարվում է, որ թուլությունը կնոջ ուժն է. նա զգացմունքային է, քնքուշ, նազելի, գեղեցիկ, կոկիկ ու խնամված, նրբակիրթ շարժուձեւով եւ այլն: Ֆեմինիստական ուղղություն կրողները համարում են, որ կանացիության իդեալը ստեղծել եւ շահարկում են տղամարդիկ՝ դրա շրջանակներում նրանց «պատանդ» պահելով: Դա թույլ չի տալիս, որ կանայք ներխուժեն տղամարդկանց ոլորտներ, այն է՝ քաղաքականության, կառավարման եւ խոշոր բիզնեսի ասպարեզներ: Կարծիք կա, որ այս ոլորտներում կինը զրկվում է կանացիությունից: Թե որքանով են այս պատկերացումները ճշմարիտ կամ հորինված, եկեք չմեկնաբանենք, քանզի կարծիքներն ու տեսակետները տարբեր են, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական եւ բացասական ասպեկտները:

Այնուամենայնիվ, կնոջ եւ տղամարդու միջեւ դրվող խտրականությունը գալիս է հին ժամանակներից: Օրինակ, ըստ հույն փիլիսոփա Արիստոտելի՝ «կինն ու տղամարդը տարբեր էություններ ունեն եւ չեն կարող հավասար լինել»: Տղամարդը նորմա է, իսկ կինը՝ շեղում նորմայից, հետեւաբար՝ տղամարդն ավելի բարձր է կնոջից, եւ հենց այդ պատճառով էլ նա իշխում է, կինը՝ հնազանդվում։

Այս մեկնաբանություններից անցել են դարեր, եւ կանանց դրությունը էականորեն բարելավվել է: Ժամանակակից հասարակության սոցիալ-տնտեսական կարիքները, դառնալով կանանց կրթման նախադրյալներից մեկը, նրանց դուրս մղեցին ընտանեկան պարտականությունների նեղ շրջանակից, եւ այսօր կանայք ոչ միայն գրագետ են, այլեւ ակտիվ մասնակցում են հասարակական կյանքի իրադարձություններին: Հատկապես 20-րդ դարավերջին կանանց ընձեռվեց ինքնադրսեւորման, ինքնաբացահայտման լիարժեք հնարավորություն: Ներկայումս կինն ընկալվում է որպես հասարակության լիիրավ անդամ, լիարժեք անձ……

Գաղտնիք չէ, որ մարդն անձնավորություն է դառնում իր սոցիալական զարգացման ընթացքում, որը տեւական, անընդմեջ գործընթաց է եւ ունի պատմահասարակական բնույթ: Անձնավորությունն այն մարդն է, որը գիտակցում է իր սեփական «ես»-ը հասարակական հարաբերությունների համակարգում, որտեղ նա որոշակի տեղ ու դիրք է գրավում, իրականացնում դեր, ունենում ձգտումներ, համոզմունքներ, նպատակներ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել