Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-Ը» ՆՇՎԵՑ «ԸՆԿՃՈՂ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ»

Մարտ 03,2009 00:00

\"\"Սա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականն է

Մարտի 1-ին տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որը, ինչպես ամիսներ առաջ էր հայտարարվել, կազմակերպվել էր 2008թ. մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանված մեր 10 համաքաղաքացիների հիշատակը հարգելու եւ այսօրվա իրավիճակը գնահատելու համար: Դա Հայ ազգային կոնգրեսի կողմից 2008թ. հոկտեմբերի 17-ից հետո երկար սպասված հանրահավաքն էր եւ, ի դեպ, ամենաբազմամարդը՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո: Իշխանությունները, սովորության համաձայն, էլի փորձել էին հանրահավաքից դեռ օրեր առաջ, նաեւ մարտի 1-ին «պրոֆիլակտիկ» միջոցառումներ իրականացնել հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներին վախեցնելու, մարզերից նրանց մուտքը Երեւան կանխելու համար: Ընդ որում, մարզերից Երեւան եկող մեքենաները կանգնեցվել էին տարբեր՝ իբր, հետախուզվող անձանց հայտնաբերելու՝ մինչեւ մեքենաների բեռնախցիկներում զենք-զինամթերք ստուգելու եւ այլ պատճառաբանությամբ, բայց ստուգելուց հետո էլ Երեւան մտնել չէին թույլատրել: Չէր աշխատում նաեւ մերձքաղաքային տրանսպորտը: Այդուհանդերձ, Երեւանին մոտ գտնվող մարզերից մարդիկ անգամ ոտքով էին եկել՝ հանրահավաքին մասնակցելու համար: Հանրահավաքը տեղի ունեցավ մատնանշված ժամից մեկ ժամ ուշ. իրավապահները դարձյալ փակել էին դեպի Մատենադարան տանող ճանապարհը, եւ միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ու ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի «ավանդական» դարձած բանակցությունները հերթական անգամ բարեհաջող անցան, ոստիկանները ետ քաշվեցին: Քիչ անց Մատենադարանից մինչեւ «պոնչիկանոցի» եւ դրան հարող տարածքը զբաղեցրած մարդիկ «Հաղթանակ», «Լեւոն» վանկարկումներով դիմավորեցին այդ հանրահավաքի միակ բանախոսին՝ ՀՀ առաջին նախագահ եւ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանրահավաքի բացման խոսք ասաց Լ. Զուրաբյանը: Նա թվարկեց մարտի 1-ի 10 զոհերի անունները, եւ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ եւ բռունցքները վեր պարզած նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին:

ՀՀ առաջին նախագահն իր ելույթը սկսեց այն արձանագրումով, որ «մարտի 1-ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում»։ «Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով։ Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը՝ ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Նրա համոզմամբ, անցած մեկ տարվա ընթացքում «իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել մարտի 1-ի ողբերգությունից եւ ոչ մի քայլ չեն կատարել ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, ինչպես նաեւ ներքաղաքական մթնոլորտի առողջացման ուղղությամբ։ Եթե միջազգային որոշ կառույցներ պնդում են հակառակը եւ ուզում են հավատալ, որ այդ բնագավառներում, այնուամենայնիվ, ինչ-որ առաջընթաց արձանագրվել է՝ դա իրենց գործն է։ Մնում է, որ այդ հավատը նրանք ներշնչեն նաեւ մեր ժողովրդին, ինչը դժվար, եթե չասենք՝ անհնարին խնդիր է, քանի որ առաջընթաց կոչվածը շատ հեռու է իրականությունից»:

Հանրահավաքը ավարտվեց երթով: Դրա մասնակիցները՝ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչի պողոտա: Երթը, որի ամբողջ ընթացքը ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները, անցավ առանց միջադեպերի, եթե չհաշվենք Օպերայի մոտ «կարմիր բերետավորների» կողմից ակնհայտորեն սադրանք հրահրելու մի անհաջող փորձը: «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն, նախագահ», «Միացում» եւ այլ վանկարկումներն ու ժամանակ առ ժամանակ հնչող երգերը դադարեցին, երբ երթի մասնակիցները հասան Մյասնիկյանի արձանի մոտ: Այստեղ ընդդիմության առաջնորդները եւ մեր համաքաղաքացիները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին արձանի պատվանդանին եւ 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Երթը շարունակվեց Հանրապետության հրապարակով եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ էլ ՀՀ առաջին նախագահը հրաժեշտ տվեց միջոցառման մասնակիցներին: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախատեսվում է անցկացնել մայիսի 1-ին:

Հանրահավաքից հետո գնահատելով տեղի ունեցած միջոցառումը՝ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ «Լիբերալ» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, հայտարարեցին, թե այդ հանրահավաքով երկրում դրվեց ընդդիմության պայքարի նոր փուլի սկիզբ: Այդ օրը բոլորն էին պնդում, որ օրվա ամենակարեւոր ձեռքբերումը ժողովրդի վճռականությունն է եւ այն, որ երկրում հաղթահարված է վախի մթնոլորտը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մանրամասները՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել