Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Է

Մարտ 04,2009 00:00

Ասում են կանայք, իսկ տղամարդիկ համոզված են, որ այդ դեպքում չեն լինի վեճեր ու բաժանումներ

Եթե տղամարդը պաշտոնապես ունենում է մեկից ավելի կին, դա կոչվում է բազմակնություն կամ պոլիգինիա: Երեւույթն ընդունված է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մոտ՝ ոչ միայն մահմեդականների, ինչպես ոմանք կարծում են: Որքնով է բազմակնությունը ընդունելի Հայաստանում՝ «Առավոտը» հարզախույզ արեց միջին տարիքի քաղաքացիների շրջանում: 39-ամյա Երանուհին դեմ է բազմակնությանը: Ըստ նրա, մի ընտանիքում չի կարող մեկից ավելի կին լինել. «Չգիտեմ՝ մահմեդական կանանց մոտ ինչպես է, նրանց ինքնասիրությունն ինչ աստիճանի վրա է, բայց համոզված եմ, որ ոչ մի հայ ընտանիքում չի կարող մեկից ավելի կին լինել. հայ կանանցից ոչ ոք չի համաձայնի, որ ամուսինը, իրենից բացի, մեկ ուրիշն էլ ունենա, այն էլ բացահայտ»: 29-ամյա Նունեն գտնում է, որ այդ մասին անգամ խոսելը թյուրիմացություն է. «Բազմակնությունը անհանդուրժելի եւ կնոջ անձը վիրավորող երեւույթ է: Ոչ միայն դեմ եմ, այլեւ այդ թեմայով խոսելը ավելորդ եմ համարում: Այստեղ եսասիրության խնդիր կա: Հայաստանին այն չի կարող սպառնալ, քանի որ հայուհիները մյուս ազգերի կանանցից տարբերվում են իրենց հպարտությամբ, եսասիրությամբ (հավանաբար, նկատի ունի ինքնա- սիրությունը- Լ. Շ.): Այսօր սիրուհի ունենալու դեպքում տղամարդիկ քննադատվում են, էլ ուր մնաց երկրորդ, երրորդ կին ունենան: Չեմ ժխտում, կան շատերը, որ երկակի կյանք են վարում, ունեն երկու ընտանիք. Ցավոք, այսպիսի դեպքեր շատ կան եւ դա արժանի է քարկոծման»: 32-ամյա Քնարիկը պնդում է, որ երբեք չէր համակերպվի այն մտքի հետ, որ, իրենից բացի, ամուսինը լիներ նաեւ ուրիշինը. «Չեմ հանդուրժի, որ ինձ հետ անցկացրած գիշերից հետո, մյուս օրն էլ ամուսինս գնա պառկի ուրիշ կնոջ կողքին»: 30-ամյա Վարդուհին էլ ասաց. «Ես ամուսնուս անգամ թույլ չեմ տա ուրիշին նայի, էլ ուր մնաց որպես երկրորդ կին ընդունի»: 35-ամյա Լուսինեն էլ հավելեց. «Ինչպես ես, այնպես էլ ինձ նման շատերը երբեք չեն ընդունի, որ, իրենցից բացի, ուրիշ կին լինի, որն էլ իր սեփական ամուսնուն դարձյալ «ամուսինս» կոչի»:

Չնայած հարցվողների մեծամասնությունը դեմ էր բազմակնությանը եւ երբեք չէր համակերպվի դրան, այնուամենայնիվ, գտնվեցին այնպիսիները, որ, անկախ իրենց կամքից, հայտնվեցին այդ իրավիճակում: 46-ամյա Արեւիկը պատմեց հետեւյալը. «Ես ամուսին ունեմ, որը ինձնից բացի ուրիշ կին էլ ունի: Դժվար է, չէ՞, ասածս ընկալել… Իսկ ինձ համար արդեն դժվար չէ, հարմարվել եմ: Ունեմ սիրող ամուսին, ով ինձ հանդիպելուց առաջ ամուսնացած է եղել ուրիշ կնոջ հետ: Նրանք ունեն երեխաներ, ես՝ նույնպես: Նա սիրում է իր երեխաներին, իմ որդուն՝ նույնպես: Կնոջ հետ եկեղեցական պսակադրությամբ է ամուսնացել, ինձ հետ էլ՝ քաղաքացիական: Սիրում է ինձ, ես էլ՝ նրան: Մեկ շաբաթ իր ընտանիքի հետ է, հաջորդ շաբաթ՝ մեր: Նրա կինը տեղյակ է, բայց մտադիր չէ ամուսնուց բաժանվել. ես էլ թույլ չեմ տա ու երբեք չեմ ցանկանա, որ իմ պատճառով նրա անչափահաս երեխաներն առանց հայր մեծանան: Բայց թույլ էլ չեմ տա, որ իմ երեխայից հրաժարվի: Նա երկու ընտանիք է պահում ու երկուսին էլ հավասարապես սիրում է: Միակ խնդիրն այն է, որ չի թողնում երկու կանանցով շփվենք, ասում է՝ չեմ ուզում անախորժություններ լինեն, ես կամ երկուսիդ կյանքում՝ այդքանով բավարարվեք: Այսպես ապրում ենք արդեն 7 տարի: Եվ դեռ քանի տարի էլ կապրենք՝ պարզ չէ…»: Եթե տիկին Արեւիկի դեպքում ամուսնու առաջին կինը տեղյակ էր նրա գոյության մասին, ապա 54-ամյա Սիրանուշի դեպքում պատկերն այլ է. «Ամուսինս տարիներ առաջ մահացավ. մտերմացա նրա լավագույն ընկերոջ հետ: Ջերմ հարաբերություններն ու երեկոներին երկար զրույցները հանգեցրին սիրահարության: Նա ամուսնացած է, երեխաներ ունի: Սակայն արդեն 12 տարի միասին ենք: Շաբաթվա մի քանի օրն ինձ հետ է ապրում, մնացած օրերն էլ տանն է լինում: Երբեմն նեղվում եմ, որ սիրուհու դեր եմ ստանձնել, բայց մենք ասես ամուսիններ լինենք: Երբեք չեմ պահանջել նրան բաժանվել կնոջից: Նա միշտ կատակով ասում է՝ ասես մահմեդական լինեմ, երկու կին ունեմ եւ երկուսին էլ սիրում եմ: Ես էլ հավատում եմ, որ երկուսիս էլ սիրում է եւ ինքնասիրությունս դրանից չի վիրավորվում: Ուղղակի հասկանում եմ, որ կարող էր ավելի վատ էլ լինել ու նա չլիներ իմ կյանքում. այժմ բավարարվում եմ նրանով, որ կա: Այնպես որ, չես կարող միանշանակ ասել՝ դեմ ես, թե կողմ բազմակնությանը: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե իրեն ինչ է սպասվում տարիներ անց»:

Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց կարծիքին, ապա 20 հարցվողներից 16-ը ցանկություն հայտնեցին Հայաստանում ընդունել բազմակնություն, խոստանալով՝ կանանց միջեւ ոչ մի տարբերություն չդնել եւ հավասար սեր ու քնքշանք տալ նրանց: Օրինակ, 38-ամյա Սուրենն ասաց. «Այդ կերպ Հայաստանը կվերածվեր դրախտի ու ոչ մի ընտանիքում չէին լինի վեճեր, բաժանումներ: Երանելի կլիներ…»:

39-ամյա Վոլոդյան էլ նշեց. «Գիտե՞ք ինչ լավ կլիներ, նախ տղամարդիկ կլինեին առողջ, ասում են, չէ՞, սեքսը լավ է առողջությանը, քանի որ այդ դեպքում մեր կյանքում սեքսը շատ կլիներ, ասենք՝ 3 կին եւ մեկ տղամարդ. ոչ մի գաղտնիք, ոչ մի սիրուհի, ոչ մի կշտամբանք կնոջ կողմից եւ այլն»: 31-ամյա Արգիշտին էլ դժգոհեց. «Բազմակնության դեպքում չես կարող սրտանց սիրել: Այդպես քո սիրած էակին կվիրավորես ու նրա զգացմունքների, արժանապատվության հետ կխաղաս: Եթե քեզ ուրիշ կին է անհրաժեշտ եւ մեկով չես բավարարվում, ապա գնա ուրիշի ետեւից, բայց այնպես, որ կինդ երբեք չիմանա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել