Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ Է ՄՈՒԾԵԼ

Մարտ 05,2009 00:00

Օրեր առաջ Արաբկիրի համայնքի Ն. Տիգրանյան 7/69 բնակարանի բնակիչ Աշոտ Մխոյանի բնակարան ներկայացավ հարկայինի աշխատակիցը՝ գույքահարկի համար: Ինչպես ամեն տարի, 6 անձից բաղկացած Մխոյանի ընտանիքն այս անգամ էլ իրենց երկուսենյականոց բնակարանի համար վճարեց պահանջված գումարը: Նշենք, որ բնակարանի կոմունալ բոլոր ծախսերը հոգում են Մխոյանները, եւ չի պատահել, որ որեւէ խնդիր ծագեր այդ հարցում: Սակայն հավաքագրողն այցելության ժամանակ հայտնեց, որ Մխոյանների բնակարանի գույքահարկը մուծել է «տան սեփականատերը»՝ ոմն Մարիա Բարսեղյան: Ա. Մխոյանը 3 տարի առաջ էլ, երբ գույքահարկ էր մուծում, նույն բանն իրեն ասել էին: Այն ժամանակ իրական սեփականատիրոջ մասին տեղեկությունը լուրջ չթվաց, մտածեց, որ թյուրիմացություն է, սակայն դա չխանգարեց, որ Ա. Մխոյանը հաջորդ օրը գնա տարածքային կադաստր: Կադաստրում խորհուրդ տվեցին ուշադրություն չդարձնել կատարվածի վրա, նախ ասացին, թե հնարավոր է համակարգչային սխալի հետեւանք է, ապա խոստացան սխալն ուղղել: Հաջորդ տարի էլ նույնը կրկնվեց: Որեւէ աղերս անտեսանելի կնոջ հետ կապված՝ չգտնվեց: Սակայն օրեր առաջ կատարվածը կրկին տակնուվրա է արել այս ընտանիքի անդորրը: Որեւէ մեկը չի ճանաչում Մարիա Բարսեղյանին, չգիտի, թե որտեղ է ապրում նա, ինչու է մուծում ինչ-որ ընտանիքի գույքահարկը (222 դրամը մեծ գումար չէ, սակայն հարցն այդ գումարի մեջ չէ): Համենայնդեպս, հայաստանյան իրականության մեջ հայտնի չէ գույքահարկ մուծող որեւէ բարեգործ կամ բարեգործական հիմնադրամ, իսկ Մխոյանների բազմանդամ ընտանիքը մշտապես իր սեփական միջոցներով է հոգացել ամեն ինչ, չակնկալելով որեւէ մեկից որեւէ բան: Մխոյանները դիմել են կադաստր, այնտեղից ստացել գրություններ այն մասին, որ վերոնշյալ բնակարանում գրանցված է 6 անձ, իսկ «Մարիա Բարսեղյանը իրավունքներ չունի նշված բնակարանի նկատմամբ»:

Մխոյանները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին՝ հարցը պարզելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել