Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է

Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի Իսահակյան փողոցում գտնվող Արմեն Ավետիսյանի սեփական տան տարածք մտան դիմակավորված, զինված անձինք: Նրանք «սկոչելով» տանը գտնվող անձանց բերանները, աչքերը, կողոպտեցին տունը: Մաքսային ծառայության նախկին պետի բնակարանից նրանք տարան $280 հազարի ոսկեղեն: Ասում են, որ գողացվել են նաեւ ադամանդյա իրեր, հսկայական գումար: Հարուցվեց քրեական գործ: Վարույթն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Սակայն նախաքննությունը լռում է, փոխարենը շրջանառվում են լուրեր, որ օրեր առաջ ձերբակալվել են կողոպուտն իրականացրած անձինք: Նախնական տեղեկատվության համաձայն, նրանք 5-ն էին, ապա՝ 8-ը: Կազմակերպված հանցագործների խումբն իրականում գլխավորել են բարձրաստիճան ոստիկաններ, մասնավորապես նշվում են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ աշխատակից Բագրատ Սողոմոնյանի, Ավանի նախկին ոստիկանապետ Արմեն Նիկողոսյանի անունները:

ԱԱԾ մամուլի քարտուղարն «Առավոտին» խոստացավ, որ կտրամադրի տեղեկատվություն, իսկ այս փուլում խորհուրդ տվեց, նախաքննության շահերից ելնելով, ձեռնպահ մնալ այս գործի հետ կապված ապատեղեկատվությունից:

ՀՐԴԵՀ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանին հարակից զբոսայգում: Բացօթյա սրճարանում այրվել է փայտե մեկ տաղավար:

ԱՅՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՍՏԱՂՆ ՈՒ ՏԱՆԻՔԸ

Երեկ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Այրվել էր Մ. Մախսադյանին պատկանող տան առաստաղը եւ տանիքը՝ 154 քմ ընդհանուր մակերեսով:

ԹԱՂԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱ՞ՆԸ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, օրեր առաջ Նորքի իր 16/1 տանը սպանվել էր «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ Սիլվա Ասատրյանի մայրը՝ Սեդմար Հարությունյանը: Արթուր անունով կասկածյալին բռնել էին, մյուսը՝ փախել էր: Ինչպես ասում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, հանցագործներից մեկը Արաբկիրի թաղապետի քրոջ որդին է:

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՆՈՋ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

34-ամյա Սիլվա Հարությունյանը ձերբակալվել է անցյալ տարվա հունիսին՝ Իրանի կառավարության կողմից: Ս. Հարությունյանն աշխատում էր միջազգային հետազոտությունների եւ փոխանակման գրասենյակում (IREX)՝ Հայաստանում, որպես ծրագրի կազմակերպիչ: Սիլվան ձերբակալվեց «թավշյա հեղափոխության» կազմակերպման փորձին մասնակցելու համար: Նա այս տարվա հունվարի 19-ին դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Վերջինիս ազատելու համար բացվել է Free Silva.org միջազգային վեբ-կայքը, որի այցելուները կարող են ստորագրել «Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդներին ուղղված հարգալից խնդրանքը՝ ազատ արձակելու մեր սիրելի Սիլվա Հարությունյանին»:

Երեկ մայրաքաղաքի փողոցներում դարձյալ բաժանվում էր «Աղոթք Սիլվայի ազատության համար» թռուցիկը: Սիլվայի աջակիցները բողոքարկելու են իրանական դատարանի վճիռը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել