Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆ

Մարտ 05,2009 00:00

«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են 1993/1994 թթ. ծնված մարզիկները, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը:

Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը երեկ «Առավոտին» ասաց. «Նախնական փուլում հանդես են գալիս այս տարիքային խմբի 153 մարզիկներ, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը: Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, եւ ես որպես հավաքականի ավագ մարզիչ՝ առայժմ գերադասում եմ գնահատական տալուց զերծ մնալ: Քաշային կարգեր կան, որոնցում ներկայացված են բավականաչափ լավ բռնցքամարտիկներ: Դրա դիմաց կան նաեւ այնպիսիք, որոնք պատրաստ չեն մրցումներին: Որպես հավաքականի ավագ մարզիչ՝ չեմ ուզում անուններ տալ: Ինձ համար միեւնույն է, թե ովքեր կդառնան չեմպիոններ կամ մրցանակակիրներ: Դրա համար էլ հիմա ուշի-ուշով հետեւում եմ մենամարտերին։ Ով հաջողությամբ կհաղթահարի բոլոր արգելքները, կհրավիրենք հավաքական: Սակայն ցանկությունս է, որպեսզի հաղթանակը շնորհվի արժանավորներին»:

– Այսօր միմյանց հետեւից երկու մենամարտերի ավարտից հետո պարտվողների մարզիչները լուրջ դժգոհություններ արտահայտեցին մրցավարությունից: Դա ձեզ չի՞ մտահոգում:

– Ես մարտերին հետեւում եմ, ինչպես ասում են, կողքից: Եվ աշխատում եմ չմիջամտել: Մրցավարությունը որքան ազնիվ լինի, այնքան հեշտ կլինի մեր ընտրությունը եւ հետագա աշխատանքը: Այո, ինձ էլ դուր չեկավ, որ ձեր նշած մարտերում հաղթողին որոշեց մրցավարական ժյուրին: Հակառակ դեպքում, ստիպված էինք լինելու ապագա հավաքներին հրավիրել ոչ արժանավոր հաղթողներին: Թեեւ պիտի ասեմ, որ ձեր նշած քաշային կարգերում այնքան էլ կարեւոր չէր, թե ռինգի մրցավարն ում ձեռքը կբարձրացնի: Նկատի ունեմ բռնցքամարտիկների վարպետության աստիճանը: Չնայած այս ամենին, միեւնույն է՝ մրցավարներին հորդորում ենք հատկապես նախնական մրցափուլերում հաղթանակը տալ իսկապես ավելի արժանավորին:

– Այս մրցաշրջանում ի՞նչ կարեւոր մրցումներ ունեք:

– Առաջինը մայիսի վերջին մեր մարզահամերգային համալիրում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունն է, որին էլ նախապատրաստվել սկսելու ենք այս առաջնության արդյունքների ամփոփումից հետո: Ինչ էլ լինի, պետք է հանդես գանք լրիվ կազմով: Նախ՝ նրա համար, որ տանտերը մենք ենք լինելու, եւ դա մեր բռնցքամարտիկների համար մրցափորձ կուտակելու եզակի հնարավորություն է: Բայց իմ եւ մարզչական խորհրդի համար ոչ այնքան մասնակցությունը, որքան հաջող մրցելույթներ ունենալն է կարեւոր:

Նախատեսել ենք մասնակցել նաեւ մի շարք միջազգային մրցաշարերի, կազմակերպել ուսումնամարզական հավաքներ՝ Հայաստանում եւ դրսում: Ու չնայած մեզ համար այլեւս երկրորդական մրցումներ չկան, բայց գլխավոր նպատակը առաջին անգամ կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին հնարավորին չափ մեծ թվով մասնակիցներ ու մեդալակիր ունենալն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել