Լրահոս
Օրվա լրահոսը

1 ԿԻԼՈԳՐԱՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Մարտ 13,2009 00:00

Գյումրիի թիվ 19 դպրոցի սկանդալը՝ նոր փուլում

Երեկ այս թեմայով նորից մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ դպրոցում ծավալված ընթացիկ իրադարձությունների շուրջ 12 էջանոց «տեղեկանք» ու մի շարք այլ փաստաթղթեր ներկայացնելով: Հիշեցնենք, որ այս դպրոցում «մենամարտ» է սկսվել Շիրակի մարզպետի ու կառավարման խորհրդի լիազորությունները դադարեցրած անդամների միջեւ: Շիրակի մարզպետը, դեմ լինելով նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի վերընտրմանը, տնօրենի ընտրությունների ժամանակ ամեն ինչ արեց կառավարման խորհրդի կազմը փոխելու համար, մասնավորապես՝ դադարեցրեց կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանի (նա Լեւոն Բարսեղյանի կինն է) եւ անդամներից մեկի՝ Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունները: Վերջիններս էլ, մարզպետի որոշումը անօրինական ու անհիմն որակելով, դիմեցին վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն: Վարչական դատարանը ոչ միայն վարույթ ընդունեց հայցադիմումները, այլեւ՝ որոշեց «արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թ. թիվ 29 կարգադրության կատարումը թե՛ հայցվոր Ռուզաննա Մովսիսյանի եւ թե՛ Ալվարդ Ղայթանջյանի մասով»: Չնայած դրան՝ դպրոցում հապշտապ կառավարման նոր խորհուրդ ձեւավորվեց, որն էլ որոշեց տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել:

«Մարտի 19-ին նշանակված է առաջին դատական նիստը, եւ հիմա իրադրությունն այնպիսին է, որ դատաքննության արդյունքները կարող են կասեցնել այդ նոր մրցույթով տնօրենի ընտրության գործընթացը, բոլոր հնարավոր թեկնածուները հենց հիմա պիտի իմանան եւ հասկանան, որ իրենք կարող են հայտեր ներկայացնել տնօրենի թափուր պաշտոնի համար, կարող է նրանցից մեկը նույնիսկ ընտրվել, բայց վաղը չէ մյուս օրը դատարանի որոշումներից հետո այս ամենը քանդվելու է, այդ որոշումը կարող է լինել ի վնաս Շիրակի մարզպետարանի: Իհարկե, շատ-շատ լուրեր են տարածում, որով ուղղակի վիրավորում ու վարկաբեկում են դատարանին, ասում են՝ ինչո՞ւ եք դատի տալիս, մեկ է՝ ձեր հայցերը մերժվելու են, ինչի՞ եք անտեղի բաներ անում: Փետրվարի 19-ին, հապշտապ եւ հնարավոր բոլոր կարգերի խախտումներով տեղի է ունեցել դպրոցի մանկավարժական խորհրդի նիստ, որի վերաբերյալ բողոքի հայտարարությամբ են հանդես եկել 28 մանկավարժներից 23-ը, նրանք դիմել են Շիրակի մարզպետին, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետին եւ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին, այդ ժամանակ մի շարք խախտումներով դպրոցի խորհրդում «ընտրվել» է երկու նոր պատվիրակ: Բողոքի մեջ հանգամանորեն յոթ-ութ կետերով ներկայացվում են այն բոլոր կարգազանցությունները, որոնցով հրավիրվել ու վարվել է մանկավարժական խորհրդի նիստը, այն հրավիրվել է մեկ ժամ առաջ՝ առանց օրակարգի, առանց կնիքի, ստորագրության, մեկ ժամ առաջ փակցված հայտարարությունը հասանելի է եղել միայն դպրոցում այդ պահին ներկա եղած մանկավարժներին»,- ներկայացնում է Լեւոն Բարսեղյանը: Վերջինիս խոսքերով՝ բողոքող ուսուցիչների վրա ճնշումներ են գործադրել Շիրակի մարզպետարանում. նրանց անձնագրերով հրավիրել են իրավաբանական բաժին եւ հարցաքննել՝ արդյո՞ք նրանք են ստորագրել, արդյո՞ք պնդում են իրենց բողոքը:

Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ Հայաստանի պատմության մեջ մանկավարժների այսօրինակ դիմադրությունն ու պայքարը իրենց նկատմամբ կիրառվող վարչական ճնշումների դեմ՝ աննախադեպ է: «Շիրակի մարզպետը յոթ հոգանոց խորհրդի մեջ չի գոհանում իր երկու ներկայացուցիչների մասնակցությամբ, որոշում է, որ էն երկու հոգին էլ ծնողական խորհրդից իր համար պիտի հաճո լինեն, ինքը մոռանում է, որ տարիուկես առաջ ինքն է հաստատել այս խորհրդի կազմը, այսինքն՝ տեղի են ունեցել օրենքի ու օրենսդրության այնպիսի աղաղակող խախտումներ, որոնց վերաբերյալ մեր գործունեությունը թափով զարգանում է եւ այս երկու դատական հայցերից բացի էլի մի քանի դատական հայցերի լուսավոր մտահղացումներ կան»,- ասում է Լեւոն Բարսեղյանը, ով տվյալ պահին Շիրակի մարզում իրականացնելով «Հակակոռուպցիոն ծրագիր», պաշտպանում է ուսուցիչների շահերը: Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ Սահակ Մինասյանն էլ լրագրողներին հավաստիացնում է, որ մանկավարժական խորհրդի նիստից հետո 4-5 անդամներ գրավոր դիմել են իրենց, որ բողոքի տակ ստորագրել են՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու: Ըստ պաշտոնյայի՝ իրենք նաեւ տեղեկություններ ունեն, որ վերջիններիս ստորագրել են տվել ճնշումների ներքո, ահաբեկելով, որ եթե չստորագրեն, նախկին տնօրենի՝ իր պաշտոնում վերականգնվելուն պես, կազատվեն աշխատանքից: Իսկ թե ի՞նչ կլինի, եթե կառավարման խորհրդի անդամները դատական կարգով վերականգնվեն իրենց պաշտոնում, Սահակ Մինասյանը թեեւ խուսափում է մարզպետի փոխարեն պատասխանել, սակայն կարծում է, որ կկասեցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել