Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին դրամահավաք

Մարտ 13,2009 00:00

Ինչ մարտի 9-ից սկսել են ԳԹԿ-ի կազմած թեստերով անցկացվող ընթացիկ գնահատումները հանրակրթական դպրոցներում, «Առավոտը» դժգոհություններ է ստանում ծնողներից, թե՝ կրկին գումար է հավաքվում՝ պատճենահանման համար: Ստացվում է, որ պաշտոնապես հայտարարվում է, թե դրամահավաքը դպրոցներում արգելված է, «թեժ գիծ» է բացվում, որպեսզի ահազանգեն դրամահավաքության մասին, բայց մյուս կողմից՝ դպրոցները ստիպված են գումար հավաքել, քանի որ չունեն համապատասխան միջոցներ ԳԹԿ-ի՝ ինտերնետում տեղադրված թեստերը պատճենահանելու համար: Այս անգամ էլ «Առավոտը» դժգոհություն ստացավ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի ծնողների կողմից, թե յուրաքանչյուր դասարանից 15000-ական դրամ է հավաքվում՝ պատճենահանման համար: Պարզաբանման համար դիմեցինք դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանին: Նա ասաց. «Հաշվարկել ենք, որ պատճենահանման աշխատանքների համար 25000 դրամ է պահանջվում: Իսկ մենք այդքան միջոցներ չունենք: Ուստի, դիմել ենք ամեն դասարանից մի քանի ծնողների, որոնք ուսմասվարի հետ կատարում են պատճենահանման աշխատանքները»: Հարցրինք՝ ինչո՞ւ ԳԹԿ-ի հետ քննարկման ժամանակ հարցը լուծում չստացավ, տիկին Կոստանյանը պատասխանեց. «Ըստ էության, դա ԳԹԿ-ի գործառույթի մեջ չի մտնում, իսկ նախարարությունը եւ կրթության վարչությունը եւս չունեն այդքան միջոցներ, որ օգնեն բոլոր դպրոցներին: Ուստի, ծնողը պիտի կանգնած լինի դպրոցի կողքին»: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի ծնողներից եւս այսպիսի դժգոհություն ստացանք: Դիմեցինք դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանին: Նա պարզաբանեց. «Գումար հավաքվում է պարզապես այն պատճառով, որ պատճենահանման պահին սպասարկողը մեզանից միանգամից գումար է պահանջում, իսկ դա այժմ դպրոցը հատկացնել չի կարող: Ուստի՝ ծնողներն են վճարում: Բայց այդ գումարը հետագայում դպրոցի կողմից կվերադարձվի ծնողներին»: Եղիշե Չարենցի անվան դպրոցում էլ կա նույն մտահոգությունը, այստեղ էլ են յուրաքանչյուր դասարանից պահանջում 15 հազարական դրամ: Երբ փորձեցինք կապվել տնօրենի հետ, մեզ չհաջողվեց, քանի որ նա խորհրդակցության էր, եւ ինչպես գործավարուհին փոխանցեց, այն շատ երկար կտեւի եւ օրվա ընթացքում չի հաջողվի նրա հետ կապ հաստատել: Տեղում չէին նաեւ ուսումնական եւ կազմակերպչական գծով փոխտնօրենները: Նկատենք նաեւ, որ պատճենահանման համար ծնողներից դրամ հավաքելու խնդիրը բնորոշ է հանրակրթական դպրոցների մեծամասնությանը: Նշենք, որ կան նաեւ տնօրեններ, որոնք վաղուց են հոգացել այս հարցի մասին: Օրինակ՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը երեկ հեռուստատեսություններից մեկով ասաց, որ դեռ ամառային խորհրդակցությունների ժամանակ իմանալով, թ ինչ է սպասվում, մի քանի կապոց թուղթ էր գնել, որ կարողանա ԳԹԿ-ի տեղադրած թեստերը տեղում պատճենահանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել