Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից ընթացիկի մասին

Մարտ 13,2009 00:00

ԳԹԿ-ի կազմակերպած ընթացիկ գնահատումների հետ կապված՝ «Առավոտի» ստացած ահազանգերի հիմնական մասը վերաբերում է դրամահավաքությանը, սակայն կան նաեւ բովանդակային խնդիրներ: Մասնավորապես, 9-րդ եւ 11-րդ դասարանցիները դժգոհում են, որ առաջարկվող թեստերի մեջ կան առաջադրանքներ, որոնք իրենք դեռ չեն անցել դպրոցում: Օրինակ, 9-րդ դասարանի մաթեմատիկայի քննական թեստում մի քանի առաջադրանք վերաբերել է պրոգրեսիային, որի մասին տեղեկություններ իններորդցիները կստանան տարեվերջին կամ հաջորդ ուսումնական տարի, իսկ հայոց պատմության թեստում եղել են հարցեր ոչ միայն այս տարի անցած թեմաներից, այլեւ՝ նախորդ տարիների: Երեխաները զգուշացված չեն եղել եւ անակնկալի են եկել: Բացի այդ, նրանք զարմանում էին՝ «իսկ եթե այդ պրոգրեսիայի պատճառով ընթացիկ գնահատումից ցածր ստանամ, եւ հետո կիսամյակիս գնահատականը դրա պատճառով իջնի՞»:

Պարզաբանման համար դիմեցինք Գնահատման եւ թեստավորման կենտրոն: Այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ 9-րդցիների եւ 11-րդցիների համար ընտրված են ավարտական քննական թեստերին նման նմուշներ, որոնք, բնականաբար, պարունակում են ավելի հագեցած բովանդակությամբ առաջադրանքներ: Սակայն երեխաները կարող են չկատարել այն առաջադրանքները, որոնք դեռ չեն անցել դպրոցում: Եվ ուսուցիչներն էլ պետք է գնահատելիս հաշվի չառնեն այդ առաջադրանքների՝ կատարված չլինելը: Այդ դեպքում ի՞նչ միտք ուներ այդ առաջադրանքների ներառումը թեստերի մեջ՝ մեր հարցին ԳԹԿ-ից պատասխանեցին, որ դա նպատակ էր հետապնդում երեխաներին նախապես ծանոթացնել տարեվերջին իրենց սպասվող քննական թեստերին: Տարօրինակ է միայն, թե ինչո՞ւ այդ ամենի մասին ԿԳՆ-ի հանրակրթության վարչությունը մանրամասն պարզաբանում չի տվել դպրոցներին, որպեսզի նման հարցեր չառաջանան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել