Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետը ոստիկանապետին չի դիմել

Մարտ 13,2009 00:00

\"\"Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ամփոփեց 2008 թ. հանցավորության վիճակը մայրաքաղաքում, բերեց բազմաթիվ վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ հանցագործությունները նվազել են, շատերը «հերթ են կանգնում» ոստիկան դառնալու համար, այսինքն՝ ոստիկանությունից արտահոսք չկա, ինչպես փաստում են ԶԼՄ-ները:

Նա պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք միայն «Առավոտի» հարցերն ու դրանց պատասխանները:

Փետրվարի 6-ին Նորքի իր 16/1 տանը սպանվեց Սեմիդար Հարությունյանը: 69-ամյա կնոջ բերանը սկոչել, գլուխը պարկի մեջ դրել, ապա սպանելով՝ կողոպտել էին ողջ տունը: «Կասկածյալների մեջ է եւ կալանավորվել է Արաբկիր համայնքի թաղապետ Ալբերտ Երիցյանի քրոջ որդին: Ձեր տղան աշխատում է թաղապետի օգնական: Արդյոք այդ հանգամանքները չե՞ն խանգարի հանցագործության լիակատար բացահայտմանը»՝ «Առավոտի» հարցին քաղաքի ոստիկանապետը պատասխանեց. «Իրոք, թաղապետի քրոջ որդին է: Իրոք իմ որդին աշխատում է որպես օգնական: Հավատացնում եմ, որ հանցագործն իր կատարած հանցանքի համար կտա պատասխան, կլինի դատավարություն: Ինչ վերաբերում է թաղապետին, ապա ասեմ, որ նա ոչնչով չի խոչընդոտել: Երբեք ինձ այդ հարցով չի դիմել: Ակնհայտ կատարված հանցագործություն է»: «Առավոտը», հիշեցնելով նախորդ օրը մայրաքաղաքում կատարվածը, որ «Միասին» երիտասարդական կազմակերպությունը մայրաքաղաքի պատերին փակցրել էր «կաշառակեր դասախոսների» լուսանկարները, որոնք ոստիկանները հավաքում էին, հարցրեց՝ արդյոք քրգործ կհարուցվի՞, քանի որ կոնկրետ անուններ են եղել, դա դիտվե՞լ է որպես հաղորդում: Ոստիկանապետն ասաց, որ ընթացք կտրվի ուսանողների «համարձակ» քայլին. «Գիշերվա ուշ ժամին են պաստառները փակցվել: ԵՊՀ իրավաբանականի դեկան Ղազինյանն է զանգել, հետաքրքրվել: Ամեն բուհի մոտ ոստիկանները չեն կարող մարդ կանգնեցնել, թե պոկել են՝ նորն են փակցրել: Արձագանք լինելու է»:

Օրեր առաջ «Առավոտն» անդրադարձել էր նախկին ոստիկան Զաքար Զաքարյանի քրեական գործին: Նա ոստիկանի հագուստով խարդախությամբ գումարներ է շորթել: Քաղաքացիները հավատացել են նրան, քանի որ նա ամեն տեղ ներկայացել է որպես ոստիկան: Ոստիկանությունից հեռացվելուց հետո ինչու հագուստը չի հանձնվում՝ հարցին Ն. Նազարյանն ասաց, որ իրենք վերցնում են զենքն ու վկայականը: Ինչ վերաբերում է հագուստին, ոստիկանապետը չբացառեց, որ այն հնարավոր է գնված լինի: Ոստիկանապետն ասաց, որ մայրաքաղաքում 12 հանցավոր խումբ է վնասազերծվել: Մեր դիտարկմանը, թե, արդյոք, կա՞ր խումբ, որը միայն ոստիկաններից կազմված լիներ, ինչպես ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի գողության դեպքում էր, Ն. Նազարյանը պատասխանեց. «Ա. Ավետիսյանի բնակարանի գողությունը կատարողներից 2-ն են ոստիկան: Արմեն Նիկողոսյանը ղեկավարներից մեկն է եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել