Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Մարտ 28,2009 00:00

Բեմադրիչ Նարեկ Դուրյանը կարծում է, որ «տեղացի» դառնալուց հետո արվեստագետը ՀՀ-ում հարգանքը կորցնում է

Երեկ Թատրոնի միջազգային օրն էր, ինչի կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնում հյուրընկալվել էր Փարիզի «Լա Բոհեմա» թատրոնի ղեկավար, բեմադրիչ, ռեժիսոր Նարեկ Դուրյանը: Հայաստանում բեմադրիչին ճանաչում են որպես Օհան Դուրյանի որդի եւ «Մորաքույրը Փարիզից» ներկայացման ռեժիսոր: Չնայած Ն. Դուրյանը ընդամենը 20 տարի է ապրել Հայաստանում, իսկ Ֆրանսիայում՝ 30 տարի, իր խոսքում «մեր երկիր» ասելով միշտ նկատի էր ունենում Հայաստանը:

«Մեր երկրի» եւ այլ թեմաների շրջանակներում երեկ ծավալվեց Նարեկ Դուրյանի եւ ուսանողների զրույցը: Նրանք բեմադրիչին խնդրեցին նշել հայ երիտասարդների դրական եւ բացասական կողմերը: Ն. Դուրյանը պատասխանեց. «Մեր երկրում ինձ նեղում է ինտելեկտի պակասը: Խորհրդային միությունը, որը, փառք Աստծո, դուք չեք տեսել, մի լավ բան տվեց մեզ բոլորիս՝ ինտելեկտը: Խորհրդային միությունը մեզ բանտ դրեց, իսկ հանճարը ծնվում է հենց այդտեղ, կռվում, պատերազմում, ոչ թե «Մաքդոնալդ» ուտելով: Սովետը մեզ թույլ չէր տալիս Սարտր, Իոնեսկու, այլ հեղինակներ կարդալ, ուստի այդ արգելվածների գործերը մենք ձեռքով արտագրում էինք: Հիմա երիտասարդներն ազատ են, բայց ազատ լինել՝ չի նշանակում լինել հիմար»: Ուսանողներից մեկը նկատեց, որ Ն. Դուրյանը իր ներկայացման մեջ խոսում է այն մասին, որ հայ ծնողները չափից ավելի են հոգատար իրենց զավակների նկատմամբ, ինչը վերածվում է պահանջատիրության, նրան հետաքրքրեց՝ բեմադրիչն ինչպե՞ս է վարվում իր զավակների հետ: Ն. Դուրյանը պատասխանեց. «Մեր տանը՝ Փարիզում, ֆրանսերեն խոսելն արգելված է: Բայց հո ես չեմ կարող հրացանով ընկնել 3 երեխաներիս հետեւից: Չէ՞ որ նրանք ծնվել են Փարիզում, եւ ինչպես հայերենն է ձեզ համար, այնպես էլ ֆրանսերենը՝ նրանց համար: Ուստի դժվարանում են, անընդհատ ձգտում են ֆրանսերեն խոսել, իսկ երբ ես լսում եմ դա, մեկ էլ մի սենյակից մյուսը գոչում եմ՝ Օհա՛ն: Հայաստանը նրանց համար մեր տան շեմն է: Դրա համար էլ հաճախ եմ երեխաներիս Հայաստան բերում՝ ամեն ամառ»:

Անցնելով ծնողական պահանջատիրությանը՝ ռեժիսորը նկատեց. «Մորս էլ եմ ասում, որ երեխաներին, այսպես ասած, երեսով պետք չէ տալ: Այսինքն, որ ասում են, թե բերանիցս կտրել, երեխաներիս եմ տվել, հարց է առաջանում, բա բերանից կտրեիր՝ հարեւանի՞ն տայիր: Կնոջս էլ եմ ասում՝ հանգիստ թող երեխաներին: Ֆրանսիական մի լավ արտահայտություն կա՝ խնայեք ձեր երեխաների արցունքները, որ հետո դրանք թափվեն ձեր գերեզմանի վրա»: Մտահոգություն հնչեց, որ այսօր ՀՀ-ում չկան անհատականություններ: Ն. Դուրյանն էլ նկատեց. «Ֆրանսիան էլ ունի նման խնդիր: Դա նրանից է, որ ամեն ինչ մատուցվում է ափսեի վրա ու պայքարելու խնդիր չի առաջանում: Այսօր բոլորիս ուղեղները կենցաղն է խեղդում, շատերը մտածում են մի բան անեն, ոտքի կանգնեն, մի «Ջիփ» առնեն կամ գնան մի հատ Թուրքիայում հանգստանան, ինչը գլուխս ոչ մի կերպ չի մտնում»: Ուսանողները հարցրին Ն. Դուրյանի՝ Հայաստան վերադառնալու մասին: Բայց դեռ, ինչպես բեմադրիչն է ասում, իր մի ոտքը Երեւանում է, մյուսը՝ Փարիզում: Այս թեման էլ հենց բեմադրիչի ցավոտ կետն էր: Նա վրդովվեց. «Հայերս մի զիլ բան ունենք, հենց դառնում ես լոկալ, հարգանքդ կորցնում ես: Այսինքն՝ անընդհատ պիտի ասեմ, թե Փարիզից եմ, որ ասեն՝ օ՜, հենց ասում ես՝ եկել եմ Հայաստան հաստատվելու, հարգանքդ կորցնում ես: Ցավոք, այսօր մեր քաղաքում չարություն կա»:

Ուսանողները հետաքրքրվեցին, թե բեմադրիչն ինչո՞ւ է լքել Հայաստանը: Նա պատասխանեց. «Ժամանակին ես դարձա դավաճանի որդի, ուզած-չուզած՝ պիտի գնայի: Ես տնտեսական էմիգրանտ չեմ, այլ՝ քաղաքական: Մյուս կողմից էլ գնացել եմ ոչ թե Հայաստանից, այլ Խորհրդային Հայաստանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել