Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասարության մասին Պատում «գայիշնիկների» եւ վարորդների կյանքից

Մարտ 31,2009 00:00

Տավուշի մարզի ճանապարհներին հիմա հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են վարորդները իրար «ֆառ տալիս»: Սովորաբար այսպես, լուսարձակների միացում-անջատումով, ծանոթ վարորդները ողջունում են միմյանց: Սակայն հիմա դա նշանակում է, որ առջեւում վտանգ կա, այն էլ՝ դարանակալած: Իսկ վարորդների համար վտանգը պետավտոտեսչության մեքենան է: Տավուշի մարզի ճանապարհներին պետավտոտեսուչները գրեթե բոլոր մեքենաներն են կանգնեցնում:

«Գրիր «գայիշնիկների» եւ նրանց արարքների մասին»,- ամեն օր լրագրողիս հորդորում են ծանոթ վարորդները: «Անցյալ օրը Նոյեմբերյան քաղաքի հենց կենտրոնում, «ԱրմենՏելի» շենքի մոտ, պետավտոտեսչության մեքենան կանոնների խախտումով մեծ արագությամբ վազանցի էր դուրս եկել, դիմացից էլ մեքենա կար, հազիվ փրկվեցին վթարից»,- պատմում է ծանոթ վարորդը եւ, պետավտոտեսուչներից զգուշանալով, խնդրում իր անունը չհրապարակել եւ հռետորական հարց տալիս. «Եթե ես նման խախտում անեի, ինչքա՞ն էին տուգանելու»:

Մարզում տարածված են լուրեր, որ յուրաքանչյուր պետավտոտեսուչ, որպես «վերեւից իջեցված պլան», շաբաթական 150 հազար դրամի տուգանքների ակտեր պիտի գրի: Իբր այդ կերպ փակվելու է պետավտոտեսչության համար Հայաստան ներկրված ավելի քան 3000 հատ «Տոյոտա Կորոլա» մեքենաների գինը: Ասում են՝ այդ մեքենաներից յուրաքանչյուրը $30 հազար արժե: Դրա համար էլ ժրաջան աշխատում են պետավտոտեսուչները: Ծանոթ պետավտոտեսուչներից մեկին հարցրի այս լուրերի իսկության վերաբերյալ: Ժխտեց տուգանքների «պլանի» գոյությունը: Պետավտոտեսուչն ասաց, որ տուգանքների ակտերի գումարի 25-30%-ը, որպես հավելավճար, գումարվում է իրենց աշխատավարձին: Դրա համար էլ պետավտոտեսուչները շահագրգռված են շատ ակտեր գրել: Ֆինանսական ճգնաժամից տուժած Հայաստան երկրի բյուջեն էլ տուգանքների մեծ գումարներով է համալրվում:

Սահմանամերձ Տավուշի մարզի տնտեսական կյանքը գրեթե մարած է, ճգնաժամն էլ՝ հավելյալ: Պետավտոտեսուչները կանգնեցնում են մեքենաները եւ, ի թիվս այլ փաստաթղթերի, մեքենայում գազի սարքավորում տեղադրելու փաստաթղթեր պահանջում: Տավուշցիները հիմա մեծամասամբ պարտքերի, բանկերից վերցված վարկերի «տոկոսների տակ են»: Մեքենայում տեղադրված գազի սարքավորումից օգտվելու թույլտվություն կամ, ինչպես վարորդներն են ասում՝ «դոպուսկ» վարորդները հիմնականում չունեն, ոչ մի վարորդ գազով մեքենա վարելու դասընթաց չի անցնում, քննություն չի հանձնում, բայց վկայական ունի:

Պետավտոտեսչության հետ կապված՝ Տավուշի մարզի բնակիչները մի այլ մտահոգություն էլ ունեն: Մարզի խոտհարքների մեծ մասը հեռու սարերում է, բնակավայրերից 50-60 կմ հեռավորությամբ: Սարերում կուտակված անասնակերը տեղափոխելու նպատակով սար մեկնելիս սովորաբար բեռնատարի խցիկում մի քանի հոգով մի կերպ տեղավորվում են: Գյուղական ո՞ր բեռնատարի թափքն է հարմարեցված մի քանի հոգի տեղափոխելու համար: Եթե պետավտոտեսչությունը հասնի գյուղական ճանապարհներին՝ գյուղացին ստիպված կլինի սարից խոտը բարձել-բերելու համար մեկից ավելի մեքենա վարձել՝ կրկնակի ծախս անել: Ի դեպ, տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով 2008 թվականին Տավուշի մարզի հեռագնա խոտհարքների զգալի մասն առանց հնձելու մնաց, չորացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031