Լրահոս
Օրվա լրահոսը

«Առեղծված», որ բացահայտվեց մահից հետո

Ապրիլ 07,2009 00:00

Արտագնա աշխատանքի արդյունքը՝ ՁԻԱՀ

«Ինչքան ինձ հիշում եմ, միշտ ստիպված եմ եղել ինչ-որ դժվարություններ հաղթահարել ու կյանքս նորովի վերսկսել»,- պատմում է 29-ամյա Սեդան (հերոսուհու անունը փոխված է): Ճակատագիրը հենց սկզբից էլ բարեհաճ չէր գտնվել Սեդայի հանդեպ. չորս տարեկան էր, երբ մայրը մահացավ, իսկ երեք տարի անց անսպասելի կաթվածից մահացավ նաեւ հայրը: Ինքը, քույրն ու երկու եղբայրները մնացին միայնակ: «Եղբայրներս աշխատում էին, քույրս մի կերպ տան գործերն էր հասցնում, իսկ ես դպրոցական էի ու դպրոցից վերադառնալիս փորձում էի գոնե ինչ-որ ձեւով օգնել քույրիկիս»: Տան հոգսն ու ծախսերը շատ էին, մի կերպ էին կարողանում ծայրը ծայրին հասցնել ու բնական էր, որ այդ կենցաղային կարիքները ուսմանը ժամանակ չէին թողնում. «Մինչեւ վերջ դպրոց չգնացի. բավարարվեցի 8-ամյա կրթությամբ: Չնայած փոքր էի, բայց ձեռքից՝ բավական շնորհքով, աշխատանքի ընդունվեցի թխվածքի փոքրիկ գործարանում: Ճիշտ է, աշխատանքը ծանր էր, շատ էի հոգնում, սակայն մեծ եղբայրս արդեն ամուսնացել էր ու հոգսը կրկնակի ավելացել. չէի կարող ձեռքերս ծալած նստել»,- պատմում է Սեդան: Նրա խոսքերով՝ ամուսնացավ, երբ ընդամենը 17 տարեկան էր: Սկզբում ամեն ինչ լավ էր. ամուսինը տան վերանորոգման աշխատանքներ էր անում, աշխատած գումարը բավականացնում էր ընտանիքի կարիքները հոգալու համար: Ծնվեց նրանց առաջնեկը, ու նույն գումարն արդեն չէր բավականացնում, իսկ ամուսնու գործերը հակառակի պես սկսել էին վատանալ: Մի որոշ ժամանակ անց Սեդայի ընտանիքը հայտնվեց շատ ծանր կացության մեջ, ու ամուսինը որոշեց մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Սեդան մնաց փոքրիկ դստեր ու անկողնային հիվանդ սկեսրայրի հետ: «Շատ անտանելի դրության մեջ հայտնվեցի: Մի կողմից փոքրիկիս էի խնամում, մյուս կողմից խնամքի կարիք ուներ նաեւ սկեսրայրս, ոչ մի բան չէի հասցնում. ամբողջ օրը վազքի մեջ էի ու օրվա վերջում ուղղակի հանգչում էի»,- ասում է Սեդան: Ամուսինը յուրաքանչյուր ամսվա վերջում գումար էր ուղարկում, որով Սեդան մի կերպ էր կարողանում ապրել: Նրա փոխանցմամբ, ամուսինը երեք տարվա բացակայությունից հետո վերադարձավ Հայաստան, երբ սկեսրայրը մահացավ:

Օրերն ընթանում էին իրենց սովորական հունով, սակայն ճակատագիրը նոր «անակնկալ» էր պատրաստել Սեդայի համար: Մեր զրուցակիցը պատմում է, որ Ռուսաստանից վերադառնալուց հետո ամուսնու առողջական վիճակը շատ էր անհանգստացնում իրեն. նա գրեթե միշտ թույլ էր, վատառողջ: Չէին կարողանում գլխի ընկնել, թե որն է անընդմեջ թուլության պատճառը: Որոշ ժամանակ անց ի հայտ եկան թոքաբորբի առաջին ախտանիշները, որի դեմ էլ մեկ տարուց ավելի փորձում էին պայքարել. «Տան ամբողջ գումարը ծախսվում էր միայն ամուսնուս բուժման եւ դեղերի վրա, բայց ոչ մի արդյունք: Ես նորից էի սկսել աշխատել, բայց վաստակածս գումարը չէր բավականացնում, իսկ պարտքերը օրեցօր ավելի ու ավելի էին կուտակվում: Հիվանդանոցներից տուն չէինք գալիս: Գնում էինք, բժիշկը դեղեր էր նշանակում, ներարկումներ էր անում, բայց նա ընդամենը մի քանի օր էր իրեն լավ զգում, որից հետո ամեն ինչ նորից վատանում էր»:

Ամեն ինչ պարզվեց ամուսնու մահից հետո, երբ արյան հետազոտության արդյունքում հայտնի դարձավ, որ նա ՁԻԱՀ-ով էր հիվանդ: Սեդան ու նրա դուստրն էլ հետազոտություն անցան. բարեբախտաբար՝ երեխայի օրգանիզմում ոչինչ չհայտնաբերվեց, բայց Սեդայի մոտ հայտնաբերվեց ՄԻԱՎ-ի վարակ, որն արդեն ՁԻԱՀ-ի վերածվելու վտանգ ուներ… Սեդան անցավ բժիշկների խիստ վերահսկողության տակ: «Շատ ծանր հոգեվիճակի մեջ էի: Նախ՝ ամուսնուս մահը, հետո՝ իմ հիվանդությունը, ու այն էլ այնպիսի հիվանդություն, որի մասին ոչ մի պատկերացում չունեի, գիտեի միայն այն, որ այդ հիվանդությունը սպառնում է վատ վարքի տեր մարդկանց՝ մարմնավաճառներին: Շատ էի ամաչում ու հիմա էլ ամաչում եմ, քանի որ առանց պատճառն իմանալու՝ մարդիկ միանգամից ուրիշ բաներ են մտածում իմ մասին, իսկ ես միայնակ կին եմ, որն աղջիկ է մեծացնում»,- ասում է Սեդան: Այժմ նրա հիվանդության մասին գիտեն միայն քույրն ու եղբայրները, ու նա չի ուզում բացահայտել իր գաղտնիքն ուրիշներին: Սեդայի խոսքերով, այս հիվանդությունն ու նրա տարածման ուղիները քչերին են ծանոթ, ու երբ մտերիմներն իմանան իր հիվանդության մասին, կդադարեն շփվել հետը. «Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես էլ այդպես կվարվեի: Կարծում եմ, որ մարդկանց բացասական ու խուսափողական վերաբերմունքը զուտ տեղեկացված չլինելու հետեւանք է: Հնարավոր է, հետագայում իմ հիվանդության մասին այլ մարդկանց էլ ասեմ, բայց գաղտնիքս բացելու առաջին նախապայմանը հոգեբանական պատրաստվածությունն է, որը դեռեւս չունեմ: Դեռ պատրաստ չեմ նրան, որ մարդիկ վախենան ինձ հետ շփվելուց կամ լեգենդներ հյուսեն հիվանդությանս առաջացման մասին. իմ գաղտնիքը դեռեւս միայն իմն ու հարազատներինս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930