Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԿԱՆ, ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Մայիս 02,2009 00:00

\"\"ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում են առանձին ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզաձեւերում տիրող իրավիճակի եւ հետագա անելիքների հետ կապված քննարկումները:

Ըստ սպորտի պետական կառույցի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունների տարածած պաշտոնական տեղեկատվությունների, հունահռոմեական ըմբշամարտում կատարված աշխատանքները գոհացնող են, քանի որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի մասնագիտական ելույթը բավարարել է ներկաներին: «Թիմի եւ նվաճումներն են գոհացնող, եւ մասնագետների փոխհարաբերություններն են լավ: Սա հույս է ներշնչում, որ հավաքականը հաջող մրցելույթներ կունենա նաեւ սեպտեմբերի 24-ին Դանիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում: Հայաստանը ներկայացնելու պատիվը կշնորհվի այն ըմբիշներին, ովքեր հաջողության կհասնեն աշխարհի առաջնությանը նախորդող միջազգային մրցաշարերում: Հավաքականների մարզիչները իրենց գոհունակությունը հայտնեցին Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի աշխատակազմին…»,-ասվում է «armnok.am»-ում:

Իսկ մինչ այդ, չափազանց լուրջ բանավեճ է ծավալվել ծանրամարտի մասնագետների միջեւ: Այս մարզաձեւը, ինչպես քննարկման ընթացքում բազմիցս նշել է նախարարը, առաջատարն է մեզանում:

Վերոնշյալ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը լրիվ ներկայացրել է եվրոպական ստուգատեսի նախապատրաստական ընթացքը: Եվ նպատակահարմար է գտնվել երիտասարդական կազմով մեկնել «Եվրոպա» ու ուսումնասիրել հերթափոխը:

Տարածված տեղեկատվության համաձայն, քննարկմանը ելույթ է ունեցել վաստակաշատ մասնագետ Վահան Բիչախչյանը, որի նկատառումները եղել են անկեղծ ու սրտացավ: «Նա, մասնավորապես, ափսոսում էր, որ Պեկինի օլիմպիական խաղերում մեր բոլոր երեք օլիմպիական բրոնզե մեդալակիրները 6-ական մոտեցումներից իրացրին ընդամենը 2-ական փորձ, իսկ Եվրոպայի ռումինական մրցահարթակում նույնիսկ 0-ներ գրանցեցին մերոնց հաշվին»,- ասել է նա:

Խոսուն ու գնահատելի են եղել ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հարցադրումները, որոնց շուրջ նույնպես ակտիվ բանավեճ է ընթացել:

ՀԱՕԿ-ի լրատվությունը նշում է. «Հետաքրքիր է, որ այդ ամենի սկիզբը դրեց նախարար Արմեն Գրիգորյանը: Նա լուրջ բացահայտումներ կատարեց, պարզություն մտցրեց հավաքականի եւ անձնական մարզիչների փոխհարաբերություններում, անկեղծ համագործակցության կոչ արեց:

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ եւ սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանը յուրովի մեկնաբանեց բուխարեստյան ստուգատեսը: Նրա արդարացի դիտարկումները նույնպես սթափեցրին գործընկերներին: Մասնակիցներն ընդունեցին, որ տղամարդկանց մրցաշարում միայն Առաքել Միրզոյանի նվաճած «ոսկին» քիչ է Հայաստանի հեղինակավոր հավաքականի համար: Իսկ առջեւում Հարավային Կորեայում նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այնտեղ պետք է ներկայանալ ամբողջական կազմով, քանզի մրցաշարը նաեւ վարկանիշային է»:

Հակիրճ ու խոսուն է եղել կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքը: Նրա ղեկավարած թիմի աշխատանքը գնահատվել է բավարար, քանի որ բոլոր մարզուհիները բարելավել են իրենց արդյունքները:

Պաշտոնական այս տեղեկատվությունից դժվար չէ ենթադրել, որ, չնայած շարունակվող բարձր ցուցանիշներին, ծանրամարտում ամեն ինչ չէ, որ հարթ է: Արդեն վստահաբար կարելի է ասել, որ այստեղ կան խնդիրներ, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում լուծումներ են ստանալու: Մենք կաշխատենք դրանք ի հայտ բերել «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել