Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ՄԵԿ ՁԱՅՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ

Մայիս 06,2009 00:00

Երեկ Քիշնեւում տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը կայացավ Հանրապետության պալատում, քանի որ խորհրդարանի շենքը վնասվել է ապրիլի 7-ին կայացած զանգվածային անկարգությունների ժամանակ: Պառլամենտի 101 տեղերից 60-ը պատկանում է կոմունիստներին, իսկ 41-ը՝ ազատական ընդդիմությանը: Կոմունիստներին մեկ ձայն չի հերիքում պետության ղեկավարին ինքնուրույն ընտրելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, սպասվում է, որ նախագահի ընտրությունները կայանալու են մայիսի կեսերին: Օրենքի համաձայն, դրա համար անհրաժեշտ է, որ ոչ պակաս, քան 15 պատգամավորներ առաջ քաշեն որեւէ մեկին: Մոլդովայի ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են եւ հրաժարվում է քվեարկել երկրի ղեկավարի այս կամ այն թեկնածուի օգտին: Կոմունիստներն իրենց հերթին հայտարարում են, որ ընդդիմությունից մեկ ձայն ստանալու հետ կապված որեւէ պրոբլեմ չեն ունենա, բայց սկզբից խորհրդարանը պետք է հանձնաժողովներ եւ խմբակցություններ ձեւավորի, ընտրի իր ղեկավարին, այնուհետեւ պետք է ձեւավորվի նոր կառավարություն: Այս մի գործը կոմունիստներն անելու են առանց դժվարությունների, քանի որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը 52 մանդատ: Ենթադրվում է, որ ընդդիմությունը մասնակցելու է խորհրդարանի առաջին նիստերին, սակայն ցուցադրաբար արհամարհելու է բոլոր տեսակի ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել