Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ էն թվերից եմ մտերիմ»

Մայիս 06,2009 00:00

Հայերի հետ իր բարեկամության մասին ասաց կոմպոզիտոր Գիա Կանչելին

«21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնն այսօրվանից մինչեւ մայիսի 9-ն անցկացնում է «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» համերգաշարը: Վրաց ճանաչված կոմպոզիտորի ստեղծագործությունների մեկնաբանման նպատակով Հայաստան են հրավիրվել անվանի երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Պավել Վերնիկովը, թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն, ալտահար Մաքսիմ Րիզանովը, որոնք հանդես կգան «Սերենադ» կամերային, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, «Հովեր» կամերային երգչախմբի ընկերակցությամբ, դիրիժորներ՝ Անդրես Մուստոնենի, Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգաշարը կբացվի այսօր, «Ա. Խաչատրյան» համերգասրահում:

Գ. Կանչելին 20-րդ դարի վրացական ազգային օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է, որը նշանավոր դարձավ ժամանակին Սանկտ Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում Գեորգի Տովստոնոգովի բեմադրած Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» պիեսի բեմադրության համար գրված երաժշտությամբ: Հետո նրա կենսագրությունն առնչվեց անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի հետ, որի հրաշալի բեմադրությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվեց կոմպոզիտորի «Երաժշտության հնչյունները» օպերան: Կանչելիի «Խանումի արարքների» երաժշտությունը 1980-ականներից հնչում է նաեւ Երեւանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի, ապա նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնների համանուն ներկայացումներում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ անվանի կոմպոզիտորը անուն առ անուն հիշեց ժամանակին իր ստեղծագործական ջերմ բարեկամությունը դիրիժոր Դավիթ Խանջյանի, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Գրիգոր Հախինյանի հետ: «Մի խոսքով, բարեկամական ու ստեղծագործական կապերս հայ գործընկերներիս հետ ինձ միշտ ուղեկցել են: Պատկերացնո՞ւմ եք, 6 սիմֆոնիա գրել եմ միայն Դիլիջանի կոմպոզիտորների միության տանը»,- ասաց կոմպոզիտորը: Շուրջ 20 տարի Հայաստան չայցելած արվեստագետը հայտնեց նաեւ, որ ինքը 1991-95թթ. բնակվել է Բեռլինում, որից հետո մինչ օրս ապրում ու ստեղծագործում է Բելգիայում. «Արեւմուտքում հայտնվելուս պատճառը Խորհրդային Միության փլուզման հետեւանքով առաջացած խառնաշփոթը չէր: 1991թ. Գերմանիայի արվեստների ակադեմիան ինձ նշանակեց կրթաթոշակ՝ իր երկրում ապրելու եւ ստեղծագործելու պայմանով, եւ 1, 2, 3 տարի Արեւմուտքում գտնվելուց հետո մի տեսակ հարմարվեցի»:

Հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում դասական երաժշտության վիճակը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ թեեւ անցկացվում են համերգներ, փառատոներ ու այլ բնույթի միջոցառումներ, սակայն, իր խոսքերով՝ հստակ ծրագրեր չկան եւ ինչ որ արվում է այդ ոլորտում՝ հեռու է այն մշակույթից, որը կոչվում է ֆիլհարմոնիկ կյանք:

Հետաքրքրությանն էլ, թե Արեւմուտքում ստեղծագործական առումով շփվո՞ւմ է հայերի հետ, Գ. Կանչելին ասաց. «Մյունխենի հանրահայտ ECM Records ձայնագրման ստուդիայում է պատրաստվել ձայնասկավառակս, որտեղ մեկ ստեղծագործության կատարումով հանդես է եկել աշխարհահռչակ ալտահար Կիմ Քաշքաշյանը: Ընդ որում, հենց այս ստուդիայում է ձայնագրում իր գործերը բարեկամս՝ Տիգրան Մանսուրյանը: Լոնդոնում հանդիպել եմ նաեւ կոմպոզիտոր Ալեքսանդր Չաուշյանի հետ եւ այլն: Մի խոսքով, դեռ էն թվերին սկսվել ու այսօր էլ շարունակվում է հայերի հետ մտերմությունս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել