Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտաստիկայի մրցույթ

Մայիս 16,2009 00:00

Օրերից մի օր երկու ուսանող որոշեցին կազմակերպել ֆանտաստիկայի ժանրում գրական մրցույթ՝ երիտասարդների շրջանում:Երեկ «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ այդ մրցույթում հաղթողների մրցանակաբաշխությունը: Դրամական մրցանակների եւ գրքերի արժանացավ 7 մասնակից: Մրցույթի կազմակերպիչ, «Արմկոն» ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփան Սմբատյանն «Առավոտին» ասաց. «Ժամանակին ՌԴ-ում մասնակցել եմ «Ցարկոն» գրական փառատոնին: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ ֆանտաստիկայի ժանրի մրցույթ կազմակերպել, քանի որ այդ ժանրով ստեղծագործելու համար անձին մեծ կենսափորձ պետք չէ, ինչպես դասական ժանրի դեպքում»: Հետաքրքվեցինք՝ չափից ավելի ռեալ այս կյանքում ֆանտաստիկան կգրավի՞ ընթերցողին: Ս. Սմբատյանն ասաց. «Ժամանակակից գրականության մեջ ամենատարածված գործերը հենց ֆանտաստիկ ժանրի են՝ «Մատանիների տիրակալը», «Հարրի Փոթերը» եւ այլն»: Մրցույթին մասնակցել են մասնագիտությամբ ոչ գրող անձինք, իսկ երկրորդ փուլ անցել են 17 մասնակիցների ներկայացրած 27 աշխատանքներից նրանք, որոնք ընտրել են մասնակիցները: «Առավոտը» զրուցեց 1-ին մրցանակակիր, Սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Նունե Մելքոնյանի հետ, որը ներկայացել էր «Պղնձե թեյնիկ» ստեղծագործությամբ: Նա պատմեց. «Ստեղծագործությանս ոգեշնչման աղբյուր դարձավ «Սպլին» խմբի «Տերպսիխորա» երգը: Իմ հերոսուհին հենց այդպես էլ կոչվում է: Նա օժտված է այնպիսի ունակությամբ, որ մարդկանցից վերցնում է գերբնական ուժ եւ ստանում մոգական ուժ, ինչով դժբախտացնում է այդ մարդկանց: Իրականում հերոսուհին ինքն իր հետ կռվի մեջ է»:

3-րդ մրցանակի արժանացած Աշոտ Դանիելյանն էլ ասաց. «Ներկայացրածս ստեղծագործությունը կոչվում է «Չերտավշչինա», որի հայերեն տարբերակը դեռ չեմ որոշել: Այն պատմում է մի լրագրողի մասին, որը հրավիրվում է դժոխք՝ այնտեղի կյանքի մասին հոդվածներ պատրաստելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել