Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայում են անվտանգության երաշխիքները

Մայիս 16,2009 00:00

\"\"ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահող Վլադիմիր Կազիմիրովը գտնում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Ըստ նրա, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերը մոտավորապես նույն ռազմական ներուժն ունեն, եւ այդ պայմաններում պատերազմը կարող է երկար տեւել եւ ոչ մի արդյունքի չհանգեցնել: Բացի այդ, ռազմական գործողությունները կառաջացնեն միջազգային հանրության կոշտ արձագանքը: Այդ իսկ պատճառով, ինչպես Կազիմիրովը նշել է մայիսի 15-ին Երեւանում կայացած ասուլիսում, առավել կարեւոր է ոչ թե կողմերի միջեւ որեւէ համաձայնագրի ստորագրումը, այլ հետագայում դրա կատարումը: Վ. Կազիմիրովը հիշեցրել է, որ 1994թ.-ին հաստատված հրադադարի ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հաջորդ տարի կնքված համաձայնագիրը այդպես էլ չկատարվեց, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրած ոչ բոլոր կողմերին է այն ձեռնտու: Մասնավորապես, Բաքվին դուր չի գալիս, որ համաձայնագիրը ստորագրել է նաեւ Ստեփանակերտը: Ռուս դիվանագետը նշեց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել վերադառնալու այդ փաստաթղթի կետերի կատարմանը, եթե նույնն անի Ադրբեջանը, սակայն Բաքվից ոչ մի արձագանք չի հետեւել: «Ակնհայտ է, որ հրադադարի խախտումը ինչ-որ մեկին պետք է»,- նկատեց Վ. Կազիմիրովը: Նա նաեւ նշեց, որ Բաքուն, որը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, երբեք որեւէ առաջարկ չի ներկայացրել դրանք կանխելու համար: Ըստ Վ. Կազիմիրովի՝ անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում դժվար է պատկերացնել որեւէ ստորագրված փաստաթղթի իրագործումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել