Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՔ ՉԵ՞Ն ՎԵՐՋԱՆԱ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Մայիս 29,2009 00:00

ՀՀԿ-ն երեկ իր բակային հանդիպումները եզրափակեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Երեկ ընտրողների հետ ՀՀԿ ավագանու թեկնածուների նախընտրական վերջին հանդիպման ժամանակ առաջին ելույթ ունեցողը կոնսերվատորիայի Էստրադային-ջազային ամբիոնի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանն էր, որը հանրապետականների ցուցակում 10-րդն է: Նա խոստովանեց, թե շատ հաճախ իրեն ընկերները, ծանոթներն ու անծանոթները հարցնում են, թե ինչո՞ւ մտավ քաղաքականություն: Մարտին Վարդազարյանի պատասխանն էր. «Երեւանին ծառայելը քաղաքականություն չէ, պարտականություն է: Եվ սկզբում ես մտածում էի, որ նույնպես հրաժարվեմ, քանի որ եղել են դեպքեր, երբ ինձ առաջարկել են՝ ես հրաժարվել եմ, համարելով քաղաքական գործունեություն: Տվյալ դեպքում՝ եկա եզրակացության, որ սա քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակի Երեւանին նվիրվածությունը դրսեւորելու եւս մեկ հնարավորություն է՝ ի՛մ իմացածով, ի՛մ կարողությամբ»:

ՀՀԿ-ի ցուցակում 4-րդը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը ելույթում ամփոփեց քարոզարշավը՝ նշելով, թե իրենց թիմն ամենակոռեկտն էր. «Մենք ընդամենն ասել ենք այն, ինչ պետք է անենք, այն խնդիրները, որոնց վրա պետք է սեւեռենք մեր ուշադրությունը: Երբեւիցե որեւէ մեկի հասցեին ոչինչ չենք ասել: Իսկ դա գիտե՞ք ինչի արդյունք է՝ միշտ ուժեղներն են այդպես լինում»: Ներկայացնելով իրենց թիմին՝ ասաց. «Գագիկ Բեգլարյան, պրոֆեսիոնալ կառավարիչ ու մենեջեր, կառուցապատել է Երեւանի կենտրոնը»: Հիշեցնենք, որ ինքը՝ պրն Բեգլարյանն իր պաշտոնական բլոգում նշել է, թե Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի տակ ստորագրել է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը:

«Երեւանցին կարոտ է իր խոսքի տեր տղամարդուն,- բացականչեց հանդիպումը վարող երգիչ Սամվել Գրիգորյանը:- Դիմավորեք Գագիկ Բեգլարյանին»: Վերջինս ելույթում ասաց. «Մայիսի 31-ի ընտրությունները նման են կենցաղային այն հարաբերության, որ, օրինակ, երբ որ դիմում եք մի մարդու, որ վերանորոգի ձեր բնակարանը՝ հաստատ չեք հավատա այն մարդուն, որը նախկինում ոչ մի բնակարան չի վերանորոգել։ Եթե դիմում եք բժշկին՝ հաստատ այն մարդուն չեք դիմի, երբ դեռ այդ բժիշկը բժշկական համալսարանը չի ավարտել։ Մենք ներկայանում ենք ձեզ ՀՀԿ ավագանու այն ցուցակով, որոնք գիտեն՝ ինչ պիտի անեն, որոնք մինչեւ այսօր արել են աշխատանքները Երեւանում, լավ հասկանում են քաղաքային տնտեսությունից, գիտեն մայիսի 31-ին ի՛նչ ընտրություններ ենք ունենալու Երեւանում: Հունիսի 1-ից անցնելու ենք տեղական ինքնակառավարման, եւ այդ ամենը դուք պետք է վստահեք այն մարդկանց, որոնք լավ գիտեն այդ բոլորի մասին»: Գագիկ Բեգլարյանը նշեց, թե իրենց հանդիպումներում միայն փորձում էին ներկայացնել արված աշխատանքները. «Երբեք չենք փորձում մարդկանց համոզել, թե դեռ կսովորենք, դեռ կիմանանք՝ ինչ կանենք, կլսենք ձեր խնդիրների մասին: Մենք ամեն օր լսել ենք այդ խնդիրները: Եվ շնորհակալություն ձեզ, քանի որ խնդիր ներկայացրած մարդիկ ավելի քիչ էին, քան առաջարկություններով ներկայացողները»: Ըստ նրա՝ իրենց ամեն հանդիպման ժամանակ փոխանցված բազմաթիվ դիմումները պարունակում էին առաջարկներ. «Հավատացեք՝ այդ առաջարկներով ենք մենք կառավարելու Երեւանը մայիսի 31-ից հետո»:

Պատասխանեց ընդդիմախոսներին. «Մարդիկ կլինեն մեր մեջ, որ կասեն՝ իսկ մինչեւ այսօր այն թերությունները, որոնք կային, ինչո՞ւ չէինք կարողանում վերացնել: Դա էլ կազմակերպչական աշխատանքների փորձի, երեւանցու խնդիրների չիմացության պակաս է եղել: Հավատացեք, որ այն խնդիրները, որոնք դուք այսօր ունեք՝ ձեր չափ գիտենք ու փորձելու ենք լուծել»: Եվ վերջում մի խոստում էլ տվեց. «Կվերջանա նախընտրական արշավը, բայց երբե՛ք չեն վերջանա այս հանդիպումները, որովհետեւ առանց այս հանդիպումների մենք չենք էլ կառավարելու»:

Հաջորդած համերգով ՀՀԿ-ն ավարտեց իր քարոզարշավը: Թեեւ լուրեր կան, որ այսօր էլ «Գրանդ Քենդին» է ինչ-որ բան կազմակերպելու ի պաշտպանություն ՀՀԿ-ի: Հիշեցնենք, որ «Գրանդ քենդիի» նախկին ղեկավար Կարեն Վարդանյանը, որը «Գրանդ» խմբի ղեկավար Հրանտ Վարդանյանի որդին է՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր է: Թեեւ սա արդեն սովորական է դառնում. երեկ ՀՅԴ ցուցակում 8-րդը՝ Ռուբեն Հախվերդյանն էլ էր «Ա1+»-ին տված հարցազրույցում քարոզչություն արել Բեգլարյանի օգտին:

Հ. Գ. Գագիկ Բեգլարյանի կայքէջում երեկ հրապարակվել են ինտերնետից օգտվողների հարցերին նրա պատասխանների տեսագրությունները: Նրանցից մեկը խնդրել է աջակցել օրեր առաջ գողություն կատարած ընկերոջն ազատելու հարցում: «Եթե, իհարկե, արդարացի հարց է՝ մեծ սիրով, թող դիմեն հունիսի 1-ից հետո»,- պատասխանել է թեկնածուն: Մեկն էլ նշել է. «7 տարեկանից երազել եմ շուն ունենալ, բայց էներգետիկ ճգնաժամի պատճառով ծնողներս չէին առնում: Ես շատ եմ ուզում, որ Դուք ինձ շուն նվիրեք»: Եվ Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է. «Ճշտեք հասցեն, մեկ էլ ճշտեք՝ ինչ շուն է ուզում»: Այս խոստումները չե՞ն հակասում «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածին, որով թեկնածուին արգելված է տալ կամ խոստանալ ապրանքներ ու ծառայություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել