Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԿ-ը օլիգարխների հախից կգա՞

Մայիս 29,2009 00:00

Իրենց շանս տալու դեպքում, կուսակցության նախագահը խոստանում է խոշոր տնտեսական չարաշահումներըջրի երես հանել:

Եթե հանկարծ մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններում հաղթի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ), ապա մայրաքաղաքի մի շարք խոշոր տնտեսվարողների «բախտը չի բերի»: ՀԱՍԿ-ը պատրաստվում է պայքարել մայրաքաղաքի տոնավաճառների սեփականատերերի դեմ, բացի այդ, այս կուսակցության ավագանիները կարգավորելու եւ վերահսկելու են Երեւանի ջրամատակարարումը, գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը: Համենայնդեպս, այսպես գրված է կուսակցության նախընտրական ծրագրում եւ դա վստահեցնում է ավագանու թեկնածու եւ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը. «Ես չգիտեմ, թե ինչպես են այդ տոնավաճառները տրվել ներկայիս տերերին, բայց մենք կպահանջենք, որ քաղաքապետարանի հետ նոր պայմանագիր կնքեն՝ նոր պահանջներին համապատասխան: Եվ եթե իրենք հարմար չգտնեն, քաղաքապետարանը ինքը կկազմակերպի այդ առեւտուրը»:

Թե ինչպե՞ս են պատրաստվում վերահսկել տոնավաճառների աշխատանքները, պարոն Շահվերդյանն ասաց. «Դրանք գործում են Երեւանի տարածքում, տարածքի միակ սեփականատերը քաղաքապետարանն է, գործունեություն իրականացնողը պետք է ենթարկվի քաղաքապետարանին: Տեղյակ չեմ ինչպիսի պայմանների համար են կնքել պայմանագրեր, բայց գիտեմ, որ առեւտուր անողները դժգոհ են: Ուրեմն, պետք է դրանց աշխատանքի վերաբերյալ հստակ պայմաններ մշակվեն: Ովքեր համաձայնեն՝ կկնքեն պայմանագիր ու կաշխատեն, եթե ոչ՝ քաղաքապետարանի կող մից կառավարիչ կնշանակվի տոնավաճառում եւ այդ պայմաններում մարդիկ կկազմակերպեն իրենց գործը»:

ՀԱՍԿ-ը որոշել է վերահսկել նաեւ «լույսի մարդկանց», քանի որ, թեկնածուի ներկայացմամբ՝ այսօր տեսուչները բազմաթիվ խախտումներ են անում. «Հաշվիչները բնակարաններից հանեցին՝ տարան այլ տեղեր դրեցին, որ սպառողը շատ դեպքերում չի էլ կարողանում նայել, իսկ տեսուչը ինքնագլուխ թվեր է գրում: Չվստահեցին բնակիչների ազնվությանը, այլ՝ իրենց տեսուչներին: Սպառողը բողոքում է՝ էլի իրենց ընկերությունից են մարդ ուղարկում, բայց սպառողը չի շահում: Պետք է քաղաքապետարանը վերահսկի, որպեսզի նման չարաշահումներ չլինեն»:

Իսկ եթե ՀԱՍԿ-ը Երեւանում գործող բոլոր ձեռնարկություններում «ռեւիզիա» անցկացնի եւ խախտումներ հայտնաբերի, ապա կամ կպատժի նրանց, կամ էլ գործարանը ձեռքներից կվերցնի ու նորից աճուրդի կհանի. «Բոլոր պայմանագրերը ստուգելու ենք, տեսնենք՝ արդյո՞ք նախատեսված բոլոր կետերն են իրականացրել: Կարող է այդտեղ կրիմինալ հայտնաբերվի, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել