Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակ՝ Հայաստանի Հոլիվուդ

Մայիս 29,2009 00:00

Ժամանակին պատմական իրադարձությունների ականատես գյուղը այժմ «պահանջարկ» չի վայելում ու դեռ ուշադրության պակաս է զգում:

\"\"\"\"
Հանրապետական գյուղապետը նախընտրել է գյուղապետարանի ճակատին փակցնել հարեւան Լոռվա մարզի ծնունդ բանաստեղծի պատգամը:

Խաշթառակը լեռնալանջին ծվարած մի փոքրիկ գյուղ է Տավուշի մարզում: Բնակիչներն այն համարում են Հայաստանի Հոլիվուդ: Հպարտանում են, որ այստեղ են նկարահանվել սիրված ու անգամ տասնյակ տարիներ անց իրենց արդիականությունը չկորցրած շատ ֆիլմեր՝ «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան»: Բացի այն, որ «Հայֆիլմի» նկարահանումների համար գյուղը տաղավար էր դարձել, գյուղացիներին էլ դարձրել էին դերասաններ: Մասնավորապես՝ «Հուշարձան» կինոնկարի մասսայական տեսարանները մարմնավորել են գյուղի բնակիչները:

«Դրա համար էլ մերոնք այդքան մշակութասեր են: Կինոարվեստի նկատմամբ նրանց սերը պատահական չէ: 1965-77 թթ. գյուղում անընդհատ նկարահանումներ էին լինում, գյուղացիներն էլ ամեն ինչ թողած՝ գնում- հավաքվում էին նկարահանող խմբի կողքին: Կրթվեցին, դաստիարակվեցին կինոյով: Հավատացեք՝ յուրաքանչյուրը դերասան է, երգիծաբան, երաժիշտ, երգող, պարող»,- ասաց մեկ տարի առաջ Խաշթառակ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Հայկ Քամալյանը: Գյուղապետն ինքն էլ է դերասան: Նրան նկատել ու դեր են առաջարկել «Ճանապարհ» կինոնկարում: Ցավով է խոսում այն մասին, որ շատ մտահղացումներ ունի, բայց չունի դրանք իրագործելու հնարավորություններ՝ շենքային պայմաններ: Խոսքը գյուղի ավերված մշակույթի տան մասին է, որը բնակիչների առջեւ դռները մեկընդմիշտ փակեց 2005 թվականի կարկտահարությունից հետո:

Մշակույթի տան բացակայությունը մեծ հարված էր խաշթառակցիների համար: Սակայն նրանք սեփական ուժերով կարողացան ստեղծել այն, ինչով հիմա հպարտանում է ողջ գյուղը՝ գործող մանկապատանեկան թատրոն ու պարի խումբ, որ լրացնում են մշակույթի շենքի ավերումից առաջացած մշակութային բացը:

Նախկին դերասան գյուղապետն ասում է, որ երազում է այն օրը, երբ գյուղը նոր մշակույթի տուն կունենա, իսկ ինքը՝ սեփական թատրոն: Իսկ մինչ այդ, ստիպված են բավարարվել եղածով: Իսկ ունեն գյուղապետարանի կիսավեր մի շենք, որի մի փոքրիկ հատվածը հատկացրել են 14 000 գրիք ունեցող գրադարանին, որտեղ էլ իրենց փորձերն են անում մանկական թատրոնն ու պարի խումբը: «Այդ սուղ պայմաններում էլ ոչ մի առիթ բաց չենք թողնում միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար: Անհնարինը հնարավոր ենք դարձնում. միայն ցավում եմ, որ դժվարություններ են առաջանում գրքերի պահպանության հարցում»,- փոխանցեց Հայկ Քամալյանը:

Խոնավությունից ու պայմանների բացակայությունից գրքերը խունանում, շարքից դուրս են գալիս: Թե վերջին անգամ երբ է գրադարանը նոր գրականությամբ համալրվել՝ գրադարանի տնօրենը դժվարացավ հիշել: Փոխարենն ասաց, որ խաշթառակցիները կարդալ սիրում են եւ մշտապես օգտվում են գրադարանից:

Գյուղի դպրոցն ու բուժամբուլատորիան «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ոտքի են կանգնել: Ամբուլատորիան շահագործման է հանձնվել այս տարվա մայիսի 16-ին, իսկ դպրոցի հիմնանորոգումը դեռ ընթացքի մեջ է: Շինարարները խոստացել են աշխատանքները ավարտել մինչ սեպտեմբերի 1-ը: Գյուղապետ Քամալյանը հույս ունի, որ Խաշթառակում այլ ծրագրեր դեռ իրականացվելու են, եւ մշակութային կյանքը վերածնունդ է ապրելու. «Եթե շենքը հիմնանորոգվի, գրադարանն էլ կփրկվի, մանկապարտեզի հարցն էլ կլուծվի»:

Գրադարանի տնօրեն Անիկ Գլեկչյանը հույսով սպասում է այն օրվան, երբ շինարարի մուրճը կզնգա նաեւ գրադարանում: «Ձեւավորումն ու կահավորումն ինքս եմ անելու՝ իմ երեւակայությամբ: Որ եվրոստանդարտներից զերծ եմ մնալու՝ դա հաստատ եմ որոշել: Նախապատվությունը տալու եմ ազգային ոճին, իսկ ավելի կոնկրեկ՝ հագեցնելու եմ գյուղական կոլորիտով: Այնպիսին եմ դարձնելու, այնպիսի միջոցառումներ եմ կազմակերպելու, որ երկրով մեկ ասելիք լինի»,- իրադարձություններից առաջ ընկնելով անկեղծացավ Խաշթառակի գյուղապետարանի խարխուլ շենքի մի անկյունում կուչ եկած գրադարանի տնօրենը:

Թե վերջին անգամ Խաշթառակում երբ է պաշտոնյայի ոտք մտել՝ չհիշեցին ոչ բնակիչները, ոչ էլ՝ գյուղապետը, բայց որ «Ճանապարհ» ֆիլմի նկարահանման հրապարակ-գյուղ տանող ճանապարհներն ու գյուղի փողոցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում էին՝ տեսանելի է անգամ հեռվից: Բավական է թեկուզ մեկ մեքենա անցնի ու ասֆալտազուրկ ճանապարհից բարձրացած փոշին պարզապես ստիպում է կասկածել տարիներ շարունակ վագրային երկնիշ ցատկերով առաջ գնալու մասին պաշտոնական հավաստիացումներին: Ու թերեւս պատահական էլ չէ, որ խաշթառակցիները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է այստեղ պաշտոնյա եկել. պաշտոնյաները սովորաբար նման ճանապարհներով չեն անցնում: Որ չտեսնեն, որ տրամադրությունները չփչանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել