Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՈՒԳԼԻ-ԱՂՋԿԱ» ԾՆՈՂՆԵՐԻՆ ԿԶՐԿԵՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

Մայիս 29,2009 00:00

ՌԴ-ի Չիտա քաղաքում հայտնաբերված «մաուգլի-աղջկա» հորը առայժմ միայն տուգանել են, սակայն չի բացառվում, որ նրա դեմ քրեական գործ հարուցելուց հետո նա նաեւ ազատազրկվի: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Չիտայում հայտնաբերվել էր 5 տարեկան աղջիկ երեխա, որը թեեւ բնակվում էր հոր, տատի, պապի, այլ բարեկամների, 3 շների եւ տասնյակ կատուների հետ 3 սենյականոց մի բնակարանում, սակայն շփվում էր միայն շների եւ կատուների հետ, խոսել եւ քայլել չգիտի, ճաշը «լափում» է շան նման, հաչում է եւ չորեքթաթ ման գալիս: 5-ամյա Նատաշա Լոժկինան հասկանում է մարդկային խոսքը, բայց վախենում է մարդկանցից: Աղջկա մայրը՝ Յուլյա Միխայլովան, որ ապրում էր առանձին, հայտարարել է, որ հայրը՝ Վիկտոր Լոժկինը, 2,5 տարի առաջ գողացել է փոքրիկին իրենից եւ այլեւս թույլ չի տվել, որ տեսնվեն: Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ Միխայլովան ուղղակի չի հետաքրքրվել իր զավակով: Ամենայն հավանականությամբ, Նատաշայի հայրը եւ մայրը կզրկվեն ծնողական իրավունքներից:

Լոժկինների հարեւանուհին պատմում է, որ բազմիցս դիմել է թաղային ոստիկաններին՝ այս ընտանիքից երեխային վերցնելու համար, քանի որ տանը տիրում էր խայտառակ հակասանիտարական վիճակ, բոլորն ապրում էին կեղտի մեջ, սնվում էին աղբանոցից հավաքած սննդի մնացորդներով, սակայն ոստիկանները բանի տեղ չեն դրել իրեն: Պարտքերի պատճառով Լոժկինները զրկված էին գազից, ջրից, ջրահեռացումից եւ հոսանքից:

Ներկայումս Նատաշան գտնվում է «Նադեժդա» մանկական վերականգնողական կենտրոնում: Բժիշկներն ու հոգեբանները հույս ունեն, որ կկարողանան երեխային դուրս բերել այդ վիճակից, սովորեցնել խոսել, քայլել եւ վերադառնալ մարդկային կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031