Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջ՝ երգով

Հուլիս 09,2009 00:00

\"\"Ընդդիմադիրների կարծիքով, Սերժ Սարգսյանը սկսել է խոստովանել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է:

Մինչեւ Կիպրոսի նախագահի Հայաստան այցելությունը՝ Հայաստանի պետական քարոզչությունը մշտապես հերքում էր տեսակետը, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Թուրքիան նախապայմաններ է առաջադրում Հայաստանին: Հերքվում էին անգամ թուրքական կողմից հնչած չափազանց թափանցիկ հայտարարությունները: Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակայնորեն մտահոգություն հնչեցրեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները եւ կառուցել առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ: Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործել բանակցային գործընթացը՝ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Թե ինչո՞վ կարելի է բացատրել նախագահի տեսակետի 360 աստիճանով փոփոխությունը, երեկ պատասխանելով «Առավոտի» այս հարցին, նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը խորհուրդ տվեց՝ «բավարարվել նախագահի պարզաբանումներով, հավելյալ ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, որ մինչ այդ նախագահի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բոլոր հայտարարությունները բացառապես դրական կոնտեքստում էին: Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանն «Առավոտի» հարցադրումը փոքր-ինչ հումորով ընկալեց՝ «Ինչքա՞ն կարելի է ակնհայտը հերքել»,- ասաց նա: Հնարավո՞ր է, որ զարգացումներն այն փուլին են հասել, երբ խուսանավելու տարբերակներ չկան եւ ստիպված պետք է բաց քարտերով խաղալ՝ հարցի արձագանքը եղավ՝ «հնարավոր է»: Պարոն Փափազյանն առայժմ հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից, քանի որ նախընտրում է հարցին անդրադառնալ ավելի ուշ, երբ պարզ կլինեն նաեւ Օբամա-Մեդվեդեւ հանդիպումների արդյունքները ու դրանց ֆոնին հնարավոր հետագա զարգացումները:

ՀՀՇ վարչության եւ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանն էլ այս հարցի առիթով կարծում է, որ իշխանությունն այլեւս ստիպված է հրապարակայնորեն խոստովանել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողված է: Ըստ մեր զրուցակցի, մի կարճ ժամանակահատված համընկան Սերժ Սարգսյանի եւ Օբամայի շահերը՝ մեկին պետք էր արտաքին քաղաքական նախաձեռնությունների շնորհիվ ամրապնդել իր դիրքերը, մյուսին պետք էր խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից: Արդյունքում՝ Թուրքիան օգտվեց առիթից, եւ թուրքական դիվանագիտությունը տարավ հերթական փայլուն հաղթանակը՝ հենց ապրիլի 24-ի շեմին. «Եվ սկսեցին դիվանագիտական հեքիաթը՝ իբր պատրաստվում են Հայաստանի առջեւ ճանապարհները բացել: Մինչդեռ, ճանապարհը հայերի առջեւ փակ չէր, ճանապարհները փակվել են Հայաստան պետության առջեւ: Հայերը ցանկացած պահի, ցանկացած տեղով կարող են մտնել եւ դուրս գալ Թուրքիա, տանել ու բերել այն ամենը, ինչ կամենան: Խոսքը ոչ թե սահմանների փակ լինելու, այլ շրջափակման վերացման մասին է: Այդ խաղը թուրքերը շարունակեցին այնքան ժամանակ, մինչեւ անցավ ապրիլի 24-ի վտանգը: Որից հետո եղավ հայտարարություն, որտեղ որեւէ երաշխիք չկար, որով ապահովվեր շրջափակման վերացումը: Հավանաբար, ազնիվ բանավոր խոսքի վրա էր Սերժ Սարգսյանը հիմնվել ու կարծում էր, որ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր կկատարվեն, քանի որ դիվանագիտության մեջ նա ուղղակի անգրագետ է, մինչդեռ միջազգային հարաբերություններում, առանց երաշխիքների, որեւէ պայմանավորվածություն չի լինում»: Այս ամենից հետո, ըստ Երջանիկ Աբգարյանի՝ Սերժ Սարգսյանին չի մնում այլ բան, քան՝ «կամաց-կամաց նահանջի փող հնչեցնել, քանի որ առջեւում է պատասխան ֆուտբոլային խաղը, որին, իր խոստման համաձայն, Սերժ Սարգսյանը պետք է գնա բաց սահմանով կամ մոտակա ժամանակներում այդ ուղղությամբ սպասվող քայլերի առկայության պարագայում»: Հայ-թուրքական հարաբերությունները վերադառնում են իրենց նախկին դրությանը՝ համոզված է մեր զրուցակիցը եւ գտնում է, որ «արդեն անգամ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ Թուրքիան շրջափակումը չի վերացնի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ հարցը լուծված չէ»:

Հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է ենթադրել, որ հայտնի «ճանապարհային քարտեզը» անգամ գոյություն էլ չի ունեցել: «Խոսվում էր ինչ-որ ուղղությունների մասին, բայց ես այն ժամանակ էլ ասել եմ, որ դա ռեալ չէր, դա շիրմա էր, որով փրկվեց Օբամայի դեմքը, որպեսզի նա չարտասանի «ցեղասպանություն» բառը՝ պատճառաբանելով, թե օտարների միջամտության կարիքը չկա, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են իրենց հարաբերությունների կարգավորման շուրջ, չխանգարենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել