Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Որոշ՝ նախկինում չհայտնած մանրամասներ Ազատ գյուղում հրդեհից 15 զինվորների զոհվելու դեպքից… Վստահ եմ՝ չեք մոռացել այդ պատմությունը։
Ի՞նչ էր հայտնի ողբերգությունից անմիջապես հետո. Ազատ գյուղի սեփական տներից մեկում ամիսներով ժամկետային զինծառայողներ էին ապրում։ Դա միակ խումբը չէր, հետո պարզվեց, որ զորամասերից դուրս բնակվող այլ զինվորներ էլ կային։
Կոնկրետ Ազատ գյուղի մի կացարանում 2023-ի հունվարին հրդեհից 15 զինվոր է զոհվում։
Կարդացեք նաև
Նիկոլը շտապեց մեղավոր կարգել սպային, տեսախցիկների առջև հեքիաթ պատմեց, թե սպան անզգուշաբար բենզին է շուռ տվել, հրդեհ է բռնկվել բլա-բլա-բլա։ Հետո շտապ կարգով իրարամերժ այլ վարկածներ էլ դաշտ նետվեցին («դիվերսիա էր», «անօդաչու էր» ևն)։ Ստեղծվեց քաոս, որպեսզի ոչ ոք չկարողանա գլուխ հանել, թե ինչ է եղել։
Միաժամանակ, առանց որևէ լուրջ քննության, Նիկոլը շտապեց երկրորդ կորպուսի հրամկազմի մեծ մասին պաշտոնանկ անել։ Իսկ այ Պապիկյան Սուրենին կամ ԳՇ պետին որևէ տհաճ հարցեր չուղղվեցին ո՛չ այն ժամանակ, ո՛չ առավել ևս հետո…
Այդ դեպքից հենց տեղեկացա, գոնե ինձ պարզ էր, որ չէին կարող առանց ՊՆ և ԳՇ իմացության զինվորները ամիսներով բնակվել զորամասերից դուրս, առավել ևս՝ ամիսներով տան վարձ վճարվեր կացարանի սեփականատիրոջը։
Կարևոր հարց էր նաև, թե որքան ժամանակ էին այդ զինվորները բնակվել զորամասից դուրս։ Եթե զինվորը ամիսներով զորամասից դուրս է ու հրամանատարությունից հեռու, պարզ է, չէ՞, որ կարգապահության մասին կարելի է մոռանալ, իսկ դժբախտ պատահարները և այլ հոռի երևույթները տվյալ դեպքում ուղղակի անխուսափելի են։
Այդ հարցը լրագրողները փորձում էին տալ պաշտոնյաներին, բայց միշտ լղոզված պատասխաններ էին ստանում։
Հիմա, ինչ ենք իմանում դատական գործից.
🔺 1,5 տարի (տարի, ոչ թե ամիս, գրողը տանի!!!) զինվորներն ապրել են գյուղական այդ տան մեջ։
🔺 Թեպետ ՊՆ-ն վճարել է տան վարձը, բայց հոսանքի փող չի տվել, սպաներն են ստիպված եղել իրենց գրպանից վճարել (ձմեռները՝ մինչև 30 հազար դրամ ամսական)։
Այսինքն՝ հաստատվում է.
— նախ՝ այն փաստը, որ ՊՆ-ում շատ լավ տեղյակ էին, որ զինվորները 1,5 տարի զորամասից դուրս ապրում են, բայց մեծ հաշվով դա իրենց չի անհանգստացրել;
— երկրորդը՝ հոսանքի վարձի գումարը չտալու փաստից ակնհայտ է դառնում, որ իրենք շատ լավ տեղյակ էին, որ տղերքն այդ պայմաններում այլ տարբերակ չունեին, քան վառարաններ վառել, ու ո՛չ ՊՆ-ից, ո՛չ ԳՇ-ից որևէ պատասխանատու անձի չի հետաքրքրել, թե ինչպիսին են հրդեհային անվտանգության և ընդհանրապես անվտանգության պայմանները։
Որևէ նորմալ երկրում պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պետք է ոչ թե հրաժարական տային, այլ դատվեին իրենց ստեղծած բարդակի համար։
Սպայի հարցաքննության մանրամասները՝ «Առավոտի» նյութում»։



















































