Սեպտեմբերի 25-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Բաղրամյանով վերև-ներքև» գրքի հեղինակ Արա Թադևոսյանի և «Երևա, Երևա, Երևան» գրքի հեղինակ Լուսինե Հովհաննիսյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում նրանք խոսեցին երկու գրքերում ներկայացված Երևանի, մանկության հիշողությունների, իրենց պատմությունների համընկնումների և քաղաքի փոփոխությունների մասին։
Հանդիպման սկզբում Արա Թադևոսյանը պատմեց, որ Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, Երևա, Երևան» գրքի մասին հարցազրույցից հետո հետաքրքրվել էր գրքով և նույնիսկ հեղինակին գրել էր, որ ինքն էլ Բաղրամյանի մասին գիրք գրելու միտք ունի։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ թվում էր, թե գրքի կարկասն արդեն կա, և այն ավարտին հասցնելու համար երկու շաբաթ է պետք։ Գիրքը ավարտին հասցվեց 2 շաբաթում, բայց 4 տարի անց։
Կարդացեք նաև
Թադևոսյանը նշեց, որ նախորդ տարի երկար թռիչքի ժամանակ վերցրել էր Հովհաննիսյանի գիրքն իր հետ և ամբողջ թռիչքի ընթացքում կարդացել այն։ Նա «Երևա, Երևա, Երևան»-ը համարեց Երևանի մասին գրված լավագույն գրքերից մեկը և ասաց, որ երկու գրքերի համատեղ քննարկման գաղափարը հենց իրենն էր։
Հեղինակների զրույցի առանցքում հատկապես մանկության հիշողությունն էր։ Արա Թադևոսյանը առանձնացրեց Լուսինե Հովհաննիսյանի գրքի մի հատված, որտեղ նկարագրվում է 1980-ականների Երևանը.
«80-ականներն էին, դեռ սովետական մեղմը, բայց արդեն անատամ երկիր էր, չէին գնդակահարում, չէին աքսորում, մեկը մյուսի վրա մատնություն չէր գրում, ոչ ոք չէր ոգևորվում հեղափոխական երկրից, վզկապը սիրուն աքսեսուար էր, որ թուխ աղջիկներին շատ էր սազում ու իրականում սովետը արդեն 90-ականների հովհարային անջատումների ժամանակվա տրոլեյբուսի նման անհոսանք զառիվայր փողոցներով իջնում էր տանիքին»։
Թադևոսյանը նշեց, որ սոցիալական ցանցերում և մամուլում հաճախ հանդիպում է այն կարծիքը, թե Խորհրդային տարիները հիշող մարդիկ «սովետն են գովերգում»։ Նրա խոսքով՝ դրա բացատրությունը կարող է ավելի պարզ լինել․ մարդիկ հաճախ պարզապես կարոտում են իրենց մանկությունը՝ անկախ այն ժամանակաշրջանից, որում այն անցել է։
Լուսինե Հովհաննիսյանն էլ պատմեց, որ իրեն մտերիմ մարդ ասել էր՝ «սովետ ես գովերգել»։ Նա նշեց, որ մեծացել է հակասովետական հակումներով ընտանիքում, սակայն սիրում է այն ժամանակաշրջանը, երբ իր ծնողները երիտասարդ էին, իսկ ինքը՝ երեխա։
«Ես սիրում եմ սովետի այն ժամանակը, որտեղ իմ ծնողները երիտասարդ էին, ու ես երեխա էի։ Մանավանդ, որ այդ ժամանակ ինչ-որ սարսափելի բաներ չկային, մարող երկիր էր։ Շատ սիրում եմ մեր բակը, իմ դպրոցական ընկերներին, դպրոցի սարսափելի ուսուցիչներին, որոնք ինձ համար արհավիրքն էին, բայց կարոտում եմ», – ասաց նա։
Հովհաննիսյանը պատմեց, որ այսօր էլ Տերյանով անցնելիս նայում է իր նախկին ուսուցիչների պատուհաններին և հիշում ռազմագիտության ուսուցիչ ընկեր Յուզբաշյանին։ Նրա խոսքով՝ այդ հիշողությունն իրականում քիչ կապ ունի Խորհրդային Միության հետ և ավելի շատ իր մանկության ու մարդկանց մասին է։
Զրույցի ընթացքում Արա Թադևոսյանը հիշեց Կինո Նաիրիի մասին Հովհաննիսյանի գրքում տեղ գտած հատվածը։ Թադևոսյանը պատմեց, որ ինքը Բաղրամյանում էր ապրում, սակայն մանկության տարիներին իրենց թվում էր, թե Կինո Նաիրին շատ մոտ է Բաղրամյանին։ Դպրոցական տարիքի երեխաներով առանց մեծերի այնտեղ ֆիլմ գնալը նրա համար մեծ իրադարձություն էր։
«Շատ հետաքրքիր է, որ Լուսինեի գրքի մի զգալի հատված Լեո-Պարոնյան խաչմերուկին է վերաբերվում և ինձ համար էլ շատ հոգեհարազատ էր, կինս էնտեղ էր մեծացել, էլի անսպասելի համընկնում։ Կարծում եմ՝ այս համընկնումները պատահական չեն, երբ որ գրում էր Լուսինեն իր և իր ծնողների հարաբերությունների մասին, կարծես մեր տան մասին լիներ», – ասաց Թադևոսյանը։
Լուսինե Հովհաննիսյանը, խոսելով երկու գրքերի ընդհանրությունների մասին, ասաց.
«Փոքրիկ քաղաք է Երևանը, սոցիալական խավի նմանությունն է։ Մեր ընդհանուրը Երևանն է»։
Հանդիպման ընթացքում հեղինակները հիշեցին նաև իրենց բակերը, հարևաններին և ընկերներին։ Թադևոսյանը պատմեց իր գրքում հիշատակվող «Բառի հայաթի» մասին և նշեց, որ ընդհանուր ծանոթներից մեկը գրքի մի քանի օրինակ էր գնել՝ այդ բակի սերնդից ողջ մնացած մարդկանց նվիրելու համար։
Երկու հեղինակների գրքերի մեկ այլ ընդհանրությունն էլ շապիկների նկարներն են․ երկու գրքերի շապիկներին օգտագործված են Արարատ Մինասյանի նկարները։
Զրույցի մեկ այլ հատվածում հեղինակները խոսեցին այն հիշողությունների մասին, որոնք ժամանակի ընթացքում մոռացվում են, ապա հանկարծ վերադառնում։ Արա Թադևոսյանը հարցրեց՝ արդյոք Լուսինեի մոտ էլ է եղել այնպիսի դրվագ, որը մոռացվել է, ապա ինչ-որ պահի վերադարձել և գրելու ցանկություն առաջացրել։ Հովհաննիսյանը պատասխանեց՝ «Իհարկե, բնականաբար»։
Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանի մասին խոսելիս հաճախ կենտրոնանում են շենքերի վրա, մինչդեռ քաղաքի հիշողության կարևոր մասը մարդիկ են։
«Երևանը մարդիկ են, ոչ այնքան շենքերը։ Էն մարդիկ, որոնք հանրաճանաչ չեն, ոչ մի տեղ չի գրվելու իրենց մասին», – ասաց նա։
Հանդիպման ընթացքում լսարանից հարց հնչեց, թե ինչպես են հեղինակները հարաբերվում իրենց գրքերում նկարագրված Երևանի և ներկայիս Երևանի հետ։
Լուսինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր դեպքում ներկայիս Երևանի հետ այդ կապը գրեթե չկա․ «Ոչ մի կերպ իմ դեպքում, ես հիմա քայլում եմ և օտարացած է համարյա ամեն ինչ»։
Արա Թադևոսյանն ասաց, որ ինքը շարունակում է ապրել Բաղրամյանում, և այդ հանգամանքն է, իր կարծիքով, պատճառը, որ իր Երևանը շարունակում է մնալ իր հետ։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ միայն հիշողություններով չի ապրում։
«Առավոտի» հարցին, թե եթե մեկը երբեք չի ապրել Երևանում և միայն այս երկու գրքերի միջոցով պետք է պատկերացում կազմի քաղաքի մասին, ինչ կցանկանային հեղինակները, որ նա հասկանար Երևանի մասին, Թադևոսյանը պատասխանեց, որ այդ մարդը չի ստանա այն նույն զգացողությունը, ինչ նրանք, ովքեր ամբողջ կյանքն ապրել են Երևանում։
Նրա խոսքով՝ երկու գրքերը ընթերցողից ներգրավվածության որոշակի աստիճան են պահանջում։ Հովհաննիսյանն էլ համաձայնեց՝ հարցնելով, թե ինչի է պետք այդ գիրքը մեկին, ով երբեք չի ապրել Երևանում։
Այս տեսակետին արձագանքեց նաև լսարանը՝ նշելով, որ տարբեր քաղաքների մասին գրված գրքերը կարող են հետաքրքիր լինել նաև այն մարդկանց համար, ովքեր այդ քաղաքներում չեն ապրել։
Հանդիպման ավարտին Արա Թադևոսյանը նշեց, որ Երևանի մասին դեռ շատ գրքեր կարող են գրվել․ մարդիկ կշարունակեն պատմել իրենց մանկության, ընկերների ու քաղաքի մասին։ Նրա խոսքով՝ Երևանը կարող է փոխվել, սակայն այդ պատմությունները կմնան գրքերում։
Ծանոթացեք գրքերին
Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ


























































