ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի» անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։
Սամվել Մեսրոպյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին։ 1975–1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը։ 1995 թվականին ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կողմից կազմակերպված բարձրագույն դասընթացները՝ «Միջազգային առևտուր և բիզնես» ծրագրով։
1995–1998 թվականներին աշխատել է «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն։ 1998–2005 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 2003–2011 թվականներին՝ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիրն ու մշակութային ծրագրերի տնօրենը։
2013–2021 թվականներին ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի» անվան ազգային լարային քառյակը։ 2021–2026 թվականներին եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Կոմիտասի» անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2023–2026 թվականներին՝ Առնո Բաբաջյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն։
Սամվել Մեսրոպյանի բազմամյա գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ համերգային, փառատոնային, ցուցահանդեսային և բարեգործական ծրագրերի կազմակերպում Հայաստանում, Ղարաբաղում և արտերկրում։
Նա մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության, «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության, «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպմանը՝ տարբեր տարիներին հանդես գալով որպես տնօրեն կամ գործադիր տնօրեն։ 2006–2010 թվականներին եղել է «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի համահեղինակ և տնօրեն, իսկ 2008 թվականին՝ «Առնո Բաբաջյան» երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ և տնօրեն։
Սամվել Մեսրոպյանը ակտիվորեն մասնակցել է նաև բարեգործական նախաձեռնությունների իրականացմանը՝ կազմակերպելով մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ։
2019 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Սամվել Մեսրոպյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված էր Հայաստանի մշակութային կյանքի հետ։ Իր կազմակերպչական աշխատանքով նա ներդրում է ունեցել մշակութային ծրագրերի իրականացման, հայ արվեստի հանրահռչակման և միջազգային մշակութային համագործակցության զարգացման գործում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորապես վշտակցում է Սամվել Մեսրոպյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն



















































