Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՐ՝ ԱՌԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱ՞Ն

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"Համակերպումը անզորության նշան է

Եթե մի երկիր իրեն անկախ է հռչակում, ապա նրա առաջին գործը պիտի լինի դիվանագիտություն մշակելը, այնպիսի դիվանագետներ եւ միջազգային իրավունքի մասնագետներ պատրաստելը, որոնք գիտեն իրենց պետական եւ ազգային շահը, մանավանդ որ՝ երկիրն իրեն ազգային պետություն է հռչակել: Նրանք պետք է ոչ միայն սոսկ մասնագետ լինեն, այլեւ ջանան իրենց արհեստավարժությամբ գերազանցել դաշնակից եւ մանավանդ ախոյան երկրների իրենց գործընկերներին: Իսկ կարո՞ղ ենք մեր դիվանագետներին համեմատել, ասենք, Թուրքիայի կամ Ռուսաստանի դիվանագետների հետ:

Միջազգային հարաբերություններում ամեն ինչ հարաբերական է: Նույնիսկ ցեղասպանության պես ոճիրը մի ազգի համար մահ է, մյուսի համար՝ հաջողություն, նվաճում: Հետեւաբար, շատ դժվար է Թուրքիային ստիպել, որ ինքն իրեն դատապարտի հայերի ցեղասպանության համար: Գերմանիան իրեն մեղավոր ճանաչեց հրեաների ողջակիզման համար, քանի որ տարածքների հանձնման խնդիր չուներ: Թուրքիան կունենա, եթե նույն կերպ վարվի:

Ամեն ինչ հարաբերական է անգամ նույն ազգի սահմաններում: Ցեղասպանության դատապարտումը նույն արժեքը չունի տեղահանված արեւմտահայի ժառանգի եւ բնիկ արեւելահայի կամ նրա արտագաղթած տարատեսակի համար: Տեղահանվածի ժառանգը հույս ունի, որ գուցե մի օր ետ ստանա իր պապերի կալվածքներն ու անշարժ գույքը: Մյուս հայերի համար ցեղասպանության դատապարտումը առավելապես հուզական խնդիր է:

Գուցե սա է պատճառը, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության (այսինքն՝ արեւելահայության) ղեկավարությունը նպատակ է դրել Թուրքիայի հետ դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատել՝ առանց ցեղասպանության դատապարտման նախապայմանի եւ ներկայիս սահմանների ճանաչումով: Պիտի ենթադրել, որ այսպիսի նպատակ հետապնդողների կարծիքով՝ Թուրքիան եթե չի դատապարտում ցեղասպանությունը, ապա գոնե հրաժարվել է ցեղասպանության քաղաքականությունից: Արդյո՞ք իրավացի են այդպես կարծողները: Ցավոք՝ ո՛չ:

Մենք՝ հայերս, գիտենք, որ Թուրքիան (ինչպես նաեւ Ադրբեջանը) իրեն ենթակա տարածքների բնիկ հայերի մեծ մասին կոտորել կամ տեղահանել է իր բնօրրանից, եւ պատմական Հայաստանի մեծագույն մասն այսօր հայաթափված է ու բնակեցված թուրքերով, քրդերով: Սա ակնհայտ ցեղասպանություն է: Բայց Թուրքիան (ինչպես եւ Ադրբեջանը) րցւՏռ ՏՑՍՈջ է գալիս, իբր նման բան չի եղել: Այս առերես հրաժարումը թյուր տպավորություն է ստեղծում, թե իբր թուրքերը հրաժարվել են ցեղասպանության քաղաքականությունից, վերջ տվել ցեղասպանությանը:

Իրականում Թուրքիան թեեւ չի դատապարտում, բայց շատ լավ էլ ընդունում եւ ճանաչում է հայերի ցեղասպանությունը՝ որպես իր համար կարեւոր ձեռքբերում, խոշոր հաղթանակ ու նվաճում: Եվ այդ նվաճումը նա պաշտպանում է ատամներով: Ավելի ճիշտ՝ օրենքով: Խոսքը 1923թ. սեպտեմբերին Թուրքիայի ընդունած այն օրենքի մասին է, որով ընդմիշտ արգելվում է տեղահանված հայերի վերադարձը իրենց բնօրրանը: Սա նշանակում է, որ Թուրքիան օրենսդրորեն տեր է կանգնում ցեղասպանության միջոցով իր ձեռքբերածին՝ հայերի հողին, գույքին, մասամբ էլ մշակույթին, այսինքն՝ դե յուրե ճանաչում է ցեղասպանության փաստը: Բնական է, որ ինքնադատապարտման մասին խոսք լինել չի կարող: Իսկ միջազգային հանրության առջեւ հարմար է չքմեղանալը. ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, եղել է պատերազմ, դրա շրջանակներում՝ տեղահանություններ, փոխադարձ ջարդեր, արտագաղթ եւ այլն: Չե՞ք հավատում՝ եկե՛ք թուրքական ախիվները նայե՛ք…

Ցեղասպանության նվաճումներն օրենքով պաշտպանող ու ամրապնդող երկիրը, բնականաբար, չէր կարող հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից եւ պատեհ առիթով նոր կոտորած ու ջարդ չիրականացներ: Այդպես էլ եղել է ու շարունակվում է: Թուրքիայի կառավարությունը 1919 թ. հուլիսի 5-ին դատապարտեց երիտթուրքերի՝ ցեղասպանություն կազմակերպած պարագլուխներին, իսկ 1923 թ. մարտի 31-ին անմեղ ճանաչեց: Հետո եղան հայերի մի շարք զանգվածային կոտորածներ ու տեղահանություններ, մշակութային ջարդ: Վերջին փաստը Հրանտ Դինքի սպանությունն էր 2007-ին:

Ի դեպ, ցեղասպանության նվաճումներն ամրապնդող համանման օրենք ընդունվել է նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում՝ 1924 թ.: Այստեղ հայերի ցեղասպանությունը հիմնականում ավարտվեց 1989 թ., երբ վտարվեց վերջին կենդանի հայը: Դրանից հետո ցեղասպանությունը շարունակվեց հայերի հետքերի վերացման ճանապարհով: Այդ շրջանակներում ամենախոշոր եւ միջազգային որոշ հնչեղություն ստացած գործողությունը Ջուղայի ջարդն էր:

Ջուղայում վաղուց ոչ մի հայ չկար: Բայց կենդանի հայերից ավելի խոսուն ու մնայուն էին տասնյակ հազարավոր հանգուցյալ հայերի խաչքարակերպ կամ խոյակերպ արձանագիր տապանաքարերը, որոնք վկայում էին Ջուղայի՝ հայկական բնակավայր եղած լինելը: Եվ ահա 2005 թ. տեղի ունեցավ պետականորեն կազմակերպված ջարդ. ջարդվեցին եւ խճի վերածվեցին համաշխարհային մշակույթի արժեք ներկայացնող այդ տասնյակ հազարավոր խաչքարերն ու խոյաքանդակները: Տեղի ունեցավ այդքան հայերի ետմահու կոտորած. նրանք երկրորդ անգամ եւ վերջնականապես մեռան ու ոչնչացան, մանավանդ որ՝ ոչ ոք չԷր կարողացել նրանց տապանագրերը գրառել կամ լուսանկարել. դա արգելում էին ադրբեջանական իշխանությունները:

Սա հայերի ցեղասպանության մի խոշոր գործողություն էր, որ տեղի ունեցավ բառացիորեն մեր օրերում, աշխարհի աչքի առաջ, բայց չկանխվեց եւ միջազգայնորեն չդատապարտվեց: Ավելին, տեղի ունեցավ արցախյան խնդրի շուրջ ԵԱՀԿ բանակցությունների ընթացքում: Ի՜նչ ծաղր հայերի հասցեին: Նրանց ոչնչացումը շարունակվում է, միեւնույն ժամանակ՝ նրանց մի մասին համոզում են ապրել ջարդարարների, ցեղասպանությունը շարունակողների ենթակայությամբ, դառնալ նրանց տիրապետության մի մասը:

Ադրբեջանին ենթակա մյուս տարածքներում եւս հայերի ցեղասպանությունը հիմնականում ավարտվեց 1989 թ.: Իսկ նորագույն դրսեւորումներից հիշենք Հունգարիայում ադրբեջանցի մարդասպանի կողմից հայ սպայի կացնահարումը:

Ադրբեջանը ցեղասպանություն չկարողացավ իրականացնել միայն նախկին ԼՂԻՄ տարածքում: Այդ բացթողումը նա ամեն գնով փորձում է լրացնել այժմ՝ իբրեւ առաջին քայլ պահանջելով ազատագրված (իրենց տեսակետից՝ գրավյալ) տարածքների վերադարձ, ԼՂՀ վերացում եւ նրա տարածքի ներառում Ադրբեջանի կազմի մեջ: Ամենացավալին այն է, որ հայ դիվանագետները սկսել են համակերպվել Ադրբեջանի պահանջների հետ: Սա նման է այն տեսարանին, երբ օձը դանդաղ մոտենում է ճագարին՝ ողջ-ողջ կուլ տալու, իսկ ճագարը փախչելու կամ պաշտպանվելու որեւէ փորձ չի անում եւ խաղաղությամբ կուլ է գնում օձի երախին:

Համակերպումը անզորության նշան է: Բայց մի՞թե մեր դիվանագետները միջազգային ատյաններում չեն կարողանում խոսել այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն իրականացրել են ցեղասպանություն, այլեւ շարունակում են այն: Մի՞թե հայ դիվանագետները չգիտեն Թուրքիայի ու Նախիջեւանի առ այսօր չեղյալ չհայտարարված վերոհիշյալ օրենքների մասին կամ չեն հասկանում դրանց նշանակությունը: Մի՞թե նրանք Ջուղայի ջարդը չեն ընկալում որպես հայերի ցեղասպանության հերթական գործողություն: Մի՞թե երբ խոսք է լինում ադրբեջանցի փախստականների՝ իրենց նախկին բնակավայրերը վերադարձի մասին, հայկական կողմը դրան չի կարողանում հակադարձել՝ Ադրբեջանի տարածքից տեղահանված հայերի վերադարձի պահանջով, ինչքան էլ որ դա անիրական թվա:

Եթե մենք արհեստավարժ դիվանագետներ ունենք, ապա նրանք պարտավոր են աշխարհին ապացուցել, որ Թուրքիան ու Ադրբեջանը եղել եւ մնում են ցեղասպան երկրներ, եւ անկարելի է հայաբնակ որեւէ տարածք նրանց հանձնելը: Պարտավոր են ապացուցել, որ Ջուղայի ջարդը 21-րդ դարի՝ 3-րդ հազարամյակի առաջին ցեղասպանությունն է, որի համար Ադրբեջանը պիտի հատուցի առնվազն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումով: Եթե մենք չենք կարող դրան հասնել, ուրեմն մեզ մնում է մեր թշվառ երկիրը դիվանագիտորեն սնանկ հայտարարել, հրաժարվել անկախությունից եւ մտնել որեւէ կայսրության կազմի մեջ (եթե, իհարկե, ընդունեն)…

Հ. Գ. Տեղին կլիներ հիշեցնել Վարդան Այգեկցու «Այծեր եւ գայլեր» առակը: Դրան ծանոթանում են 9-րդ դասարանում: Իսկ մենք հավատում ենք, որ մեր դիվանագետները դպրոցում ծուլություն չեն արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել