Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿՆԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԾՈՒՂԱԿԸ»

Հոկտեմբեր 17,2009 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների մասին կարծիք են հայտնում օսլոյաբնակ եւ փարիզաբնակ մեր հայրենակիցները

\"\"
Ջիմի Վարդիվարյանը, Սարգիս Շիշմանյանն ու նրանց
նորվեգացի ընկերը՝ Թրոն Նիգորը:

Նորվեգիայում բնակվող մեր հայրենակից Ջիմի Վարդիվարյանը գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան: Այս տարի նրան ընկերակցել են հայ եւ նորվեգացի բարեկամները՝ փարիզաբնակ Սարգիս Շիշմանյանը եւ Օսլոյի քաղաքապետարանի աշխատակից Թրոն Նիգորը:

«Առավոտի» հետ զրուցելով ամենաարդիական թեմայով՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ պարոն Վարդիվարյանը նշեց. «Շատ եմ լսում նախագահի եւ նրա գործողություններին հակառակվող կողմերի կարծիքները: Մի կողմից Հայաստանն իրավունք ունի իր քաղաքականությունը վարել, ըստ այդմ՝ ամենահարմար տարբերակը սահմանը բացելն է: Բայց դա չպետք է լինի ի հաշիվ մեր անցյալի, մեր պատմության մոռացության: Անշուշտ, Հայոց ցեղասպանության հարցը չպիտի կապվի սահմանի բացման հետ, եւ Թուրքիան պիտի ընդունի մեր պատմությունը»: Սարգիս Շիշմանյանն էլ, համաձայնելով իր բարեկամի հետ, հավելեց. «ՀՀ ժողովուրդն ինքը պիտի որոշի իր ճակատագիրը: Բայց չմոռանանք, որ Ադրբեջանն այսօր իր գազով եւ նավթով մեծ պրոպագանդա է անում աշխարհում: Մյուս կողմից էլ Հայաստանն ունի 7 միլիոնանոց Սփյուռք, որը գազային եւ նավթային պրոպագանդայից ավելի մեծ կշիռ ունի իր ամեն տեսակի լոբբինգով: Արձանագրությունների ստորագրման գործընթացը մի քիչ մութ է, իսկ երբ թուրք վարչապետի խոսակցություններն ենք լսում, հասկանում ենք, որ նրանք մեկ քայլ առաջ են գնում, երկու քայլ հետ: Թուրքերը շատ ճարպիկ մարդիկ են, պիտի զգույշ լինենք նրանց հետ: Իհարկե, սահմանի բացմանը կողմ եմ, բայց թուրքերի ծուղակն ընկնել պետք չէ: Մենք միշտ պիտի մեր պահանջատիրական կեցվածքի մեջ մնանք»: Հայ-թուրքական հարաբերությունների մասին իր կարծիքը հայտնեց նաեւ նորվեգացի մեր զրուցակիցը: Նա նշեց. «Հայաստանը պիտի առաջ գնա, սահմանը պետք է բացվի, բայց չպետք է մոռանա իր պատմությունը»: Պարոն Նիգորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գիտի Ֆրիտյոֆ Նանսենի եւ հայերի մասին: Նա ասաց. «Նանսենի մասին լսել եմ եւ կարդացել գրադարաններում: Գիտեմ, որ ջարդերի ժամանակ նա օգնել է Եղեռնի զոհերի հարազատներին: Միայն Նանսենի կատարածը ապացուցում է, որ իրականում եղել է ցեղասպանություն, դա իրականություն է»:

Մեր սփյուռքահայ բարեկամների հետ զրուցեցինք նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Սփյուռքի պահվածքի մասին, երբ մի մասը ՀՀ նախագահին դիմավորեց ցույցեր կազմակերպելով, բողոքի ակցիաներով: Պարոն Վարդիվարյանը նկատեց. «Երկրի նախագահն իրավունք ունի ամեն բան իր ասածով անելու, իրավունք ունի սահման բացելու եւ փակելու: Բայց մյուս կողմից էլ սփյուռքահայերը պիտի ցույց տան, որ կա հայ դատ, թեեւ նախագահն ասում է, որ սահմանը բացելիս այդ խնդիրը չի մոռացվի, դրա համար չէ, որ բացում ենք սահմանը, այլ միայն դեպի Եվրոպա բաց լինելու համար»: Փարիզաբնակ պարոն Շիշմանյանն էլ նշեց. «Ցույցերը Եվրոպայում սովորական երեւույթ են: Նույնիսկ եթե Ֆրանսիայի նախագահը մի փոքր բան է անում, որին դեմ է ժողովրդի մի հատված, ապա նրանք ցույցերով նրան հակադրվում են: Բայց ես դեմ եմ ծայրահեղություններին: Նշեմ նաեւ, որ այժմ Թուրքիայի գլխին սրեր են կախված՝ Կիպրոսի, հայկական խնդիրները: Եթե Կիպրոսի խնդիրը կարող է լուծվել հանրաքվեի միջոցով, ապա Ղարաբաղի հարցն ինչո՞ւ չի կարող այդպես լուծվել: Թուրքիան եւ Ադրբեջանը կարծում էին, որ Հայաստանին շրջափակման մեջ դնելով կարող են նրան ծնկի բերել: Բայց երբ տեսան, որ չստացվեց, հիմա հայերի հետ քաղաքականություն վարելու ուրիշ տարբերակ են գտել: Մեկ է, ինձ համար առանց Ղարաբաղի՝ Հայաստան չկա, առանց Հայաստանի էլ՝ Ղարաբաղ: Այդ ինչպե՞ս է, որ Կոսովոն ամբողջ Եվրոպան ընդունում է, չնայած այնտեղի ժողովուրդը բնիկ չէ, այլ եկվոր, իսկ Ղարաբաղում, երբ բոլորը բնիկներ են, հանկարծ խնդիր է առաջանում: Ինչո՞ւ պիտի եկվոր ադրբեջանցիները տիրանան այդ հողին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել