Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մագիստրական կոչումը աշխատանք չի երաշ խավորում

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Ամերիկյան համալսարանի գործարար կառավարման դպրոցի 1992-2008 թվականների շրջանավարտներին օրերս նույն հարկի տակ էր համախմբել միասին արդյունավետ աշխատելու եւ ֆակուլտետի ներկայիս ուսանողներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությունը: Հանդիպումը կազմակերպել էր դպրոցի դեկան Ռուբինա Օհանյանը: Նրա խոսքով՝ նման մասշտաբով սա առաջին հանդիպումն էր, որը շարունակական բնույթ է կրելու: Տիկին Օհանյանը շրջանավարտներին ներկայացրեց վերջին տարիներին դպրոցի ձեռքբերումները եւ առաջիկա ուսումնական նոր ծրագրերը: Տիկին Ռուբինայի խոսքով, ֆակուլտետի դասախոսական կազմը լավագույններից է կազմված: Նրանց 95%-ը ամերիկյան եւ եվրոպական համալսարաններում է կրթություն ստացել, միայն 80%-ը ամերիկյան համալսարաններում դոկտորական աստիճան է պաշտպանել: Վերջին տարիներին բավականին խստացվել է նաեւ գործարար կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի դիմորդների ընդունելությունը, նրանցից 70%-ը սովորաբար չէր ընդունվում, բայց ֆակուլտետի ղեկավարությունը, հաշվի առնելով մասնագիտության տարեցտարի աճող պահանջարկը, նախատեսում է հաջորդ տարիներից ավելի մեծ թվով ուսանողների ընդունելություն ապահովել: Տիկին Օհանյանի խոսքով, դրանից չի տուժելու կրթության որակը. ընտրվելու են լավագույնները. «Մենք հաշվի ենք առնում դիմորդի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձը, ինչը չորս տարի առաջ չէինք կարեւորում: Հայաստանյան փորձը չենք կարող համեմատել միջազգային շուկայի փորձի հետ, բայց թեկուզ սպասարկման ոլորտում ձեռք բերած փորձը պարտադիր է»:

Անդրադառնալով ուսումնական նոր ծրագրերին՝ դեկանն ասաց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է իրականացնել բազմակողմանի բիզնես-ծրագիր. «Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ավարտել են, բայց ուսումը շարունակելու նպատակ ունեն. ծրագիրը կօգնի ուսման ընթացքում նոր որակ ու գործիքներ տալ»: Նախատեսել են նաեւ մշակել բիզնես-խորհրդատվական խումբ, որտեղ կընդգրկվեն արտասահմանյան նշանավոր համալսարանների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ. «Մասնագիտական բարձր հմտություններ ունեցող մասնագետներ են լինելու, եւ միասին փորձելու ենք պլանավորել մեր ուսումնական ծրագրերը՝ շուկայում ավելի պրոակտիվ լինելու համար»,- պարզաբանում է դեկանը: Առաջիկայում կստեղծվի նաեւ շրջանավարտների ծրագրերի խորհրդատվական խումբ, որի նպատակը, տիկին Օհանյանի մեկնաբանմամբ, տարածաշրջանին եւ տեղական շուկային ծանոթանալը եւ ժամանակակից պահանջարկներին տեղեկանալն է: Տիկին Օհանյանը նաեւ խրախուսեց համալսարանականներին՝ ակտիվ ու նախաձեռնող լինել կազմակերպչական աշխատանքներում, օրինակ բերելով վերջին տարիներին դպրոցի ինտերնետային կայքէջ հիմնելը:

Հանդիպման վերջում շրջանավարտներին հնարավորություն տրվեց իրենց հարցերը, առաջարկներն ու դիտողությունները ներկայացնել: Նախորդ տարվա շրջանավարտներից Շողերին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է առաջիկայում դպրոցի ուսանողներին հնարավորություն ընձեռվի ուսումնական պրակտիկան անցնել արտասահմանյան կազմակերպություններում՝ նշելով, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի լավագույն ուսանողներին այդ հնարավորությունն ընձեռվում է: Տիկին Օհանյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ իրենց ցանկությունն ու ջանքերը եւս ուղղված են դրան, բայց դժվարություններն էլ են շատ, նախ արտասահմանյան կազմակերպությունները պատրաստ չեն վճարել պրակտիկանտներին, հետո դժվարություններ կան վիզայի, տոմսի թանկ արժեքի եւ ուսանողի՝ արտասահմանում ապրելու ծախսերի հետ կապված: Նախորդ տարվա շրջանավարտ Անի Շահնազարյանն էլ հարցնում էր, թե ի՞նչ է վերջապես տալիս մագիստրոսի կոչումը. իր եւ ընկերների օրինակով նշեց, որ ճգնաժամային այս պայմաններում իրենք մրցունակ չեն եւ աշխատանք գտնելու խնդիրներ ունեն: Այս հարցը բավականին հակասական ու տարբեր մեկնաբանությունների ալիք բարձրացրեց: Ներկաների մեծ մասը չհամաձայնեց Անիի հետ՝ պարզաբանելով, որ մագիստրոսի կոչումը աշխատանք չի երաշխավորում, աշխատանք գտնելը կախված չէ գիտական կոչումներից: Արմինե Մուրադյանն էլ իր օրինակով պատասխանեց, որ մագիստրատուրայում ուսանելը, բացի թիմային եւ գլոբալ մտածողությունից, իրեն աշխատելու հնարավորություն էլ է տվել. ուսումնական պրակտիկայի շրջանակներում լավ հնարավորություն է ընձեռել սովորածը իրական աշխատանքում կիրառել: Եղան շրջանավարտներ, ովքեր հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարող են օգտակար լինել ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ու հանդես եկան առաջարկներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել