Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 21,2009 00:00

«Հոգեւորը ոչ թե աստղ կոչված զիբիլներն են, որոնցով լցվում են բոլոր հեռուստաալիքները, թերթերը, այլ Աբովյանը, նրանով պետք է սերունդ դաստիարակենք, ոչ թե ազգովի ելնենք սրա-նրա, ինչ-որ աստղ կոչվածի ծնունդը նշենք: Մեր լրագրողները սենսացիաների ետեւից են ընկել: Երբ թանգարանը տանիք չուներ, կաթում էր, բոլորը վազում էին նկարելու, որ անպայման ցույց տան՝ իբր մի բան արել են, բայց հիմա հոյակապ թանգարան է ստեղծվել ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ գան, տեսնեն, լուսաբանեն, միջազգային մակարդակի ցուցասրահ ենք ստեղծել»,- երեկ ՄԱԱ-ում, նախքան աբովյանական միջոցառումներին անդրադառնալը, այս նախաբանով սկսեց Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը: Ապա շարունակելով դժգոհել լրագրողներից՝ ասաց, թե իրեն մենակ ենք թողել եւ բացի նախարարից ու Մանկավարժականի ռեկտորից, ոչ մի բարեկամ թանգարանը չունի, իսկ մնացածները, նրա խոսքով՝ միայն ուրախացողներ են: «3 ամիս է՝ ընկել եմ դռնեդուռ, չեմ կարողանում փող հավաքել, հին շենքը մնացել է կիսատ, նախագիծը սխալ էր կազմված եւ պարզվեց, որ էդ պատերը անօգտագործելի են, այսինքն՝ հիմքից նորից պետք է շարվի: Հիմա էս անտեր մնացած ճգնաժամը ազդեց ամեն ինչի վրա. ո՛չ բարերար է երեւում, ո՛չ ինչ-որ մեկին կարող ես բռնացնել, ցուցադրաբար մեկը մյուսին փող կվճարի, նվեր կտա, իսկ Աբովյա՞նը…»,- դժգոհում է Հ. Զատիկյանը: Նշենք, որ Աբովյանի 200-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են 2009-ի սկզբից, նոյեմբերի սկզբին կբացվի նաեւ աբովյանական ցուցասրահ, նույն ամսին նախատեսված է նաեւ մեծ գիտաժողով, որով էլ, հավանաբար, կեզրափակվի միջոցառումների շարքը: Տուն-թանգարանի տնօրենը իր հետ բերել էր Աբովյանի ձեռքով գրած նամակը, մի ապացույց, որ Աբովյանը ծնվել է 1805թ, ոչ թե, որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ 1809թ.-ին: Իսկ թե ինչու է այս տարի նշվում Աբովյանի 200-ամյակը, տուն-թանգարանի տնօրենը պարզաբանեց. «Աբովյանագիտական մի ահռելի գրականություն է ստեղծվել, իրարից փախցնելով մտքերը՝ գրում են եւ դրանից միայն տուժում է մեծ երախտավորը: 2005թ.-ին, երբ պետք է նշվեր 200-ամյակը, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց՝ ավելի լավ է թանգարանը բերենք քրիստոնեական տեսքի, նոր՝ նշենք: Քրիստոնեական տեսքն ավարտվեց 2007-ին, հիմա, երբ պատրաստ ենք տոնելու, դժբախտաբար դա համընկավ 1809-ի հետ»: Անդրադառնալով Աբովյանի անհետացման՝ աքսորավայրում լինելու եւ այլ վարկածներին՝ Զատիկյանը նշեց. «Դժբախտաբար մեր ժողովուրդը սովորություն ունի նրան վարկաբեկելու փորձ անել, վարկաբեկիչ եմ համարում այն տեսակետը, որ իբր Աբովյանը թուրքերի ձեռքով է սպանվել, նա գեղեցիկ տղամարդ է եղել, Հայաստանում, Եվրոպայում, Թիֆլիսում նրա նկատմամբ կանայք անտարբեր չեն եղել, բայց- բերել կապել «Թուրքի աղջիկը» պատմվածքի հետ եւ ասել՝ թուրքերն են նրան սպանել, չի կարելի ընդամենը վարկածներից մեկը դարձնել մատի փաթաթան»: «Առավոտի» հարցին՝ ո՞րն է թանգարանի աշխատակիցների եւ տնօրենի միջեւ մշտական խնդիրների պատճառը, պարոն Զատիկյանն այսպես պատասխանեց. «Կոնֆլիկտները նրանից են գալիս, որ նախկին աշխատողները նախկին տնօրենների կողմից ենթարկվել են անաշխատունակության, եթե աշխատակիցները տնօրենի հետ միասին մի օրում նստում եւ 4 կիլոգրամ արեւածաղիկ են ուտում, նրանց աշխատեցնելը շատ դժվար է… Ինքս աշխատող մարդ եմ, երբ գաք թանգարան, ձեզ իմ բանվորական շորերը ցույց կտամ, որ առավոտ գնում, հագնում ու բանվորների հետ աշխատում եմ մինչեւ երեկո: Ինչ վերաբերում է նրան, ում հանել եմ աշխատանքից, թող օձությունը, թույնը հանի, որ կարողանա գոնե այլ տեղ աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել