Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում՝ «Բաց ծովի փակուղում»

Նոյեմբեր 27,2009 00:00

Ինտերակտիվ ներկայացման «հետեւանքները»

Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի դահլիճում օրերս ցուցադրվեց «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը։ Այն բեմադրվել է 2008-ին՝ հայ-թուրքական հարաբերություններին համընթաց եւ միտված է հայ եւ թուրք հասարակություններում առկա բացասական կարծրատիպերի քննարկմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Սցենարի հեղինակն ու բեմադրողը Հայկ Սեկոյանն է։ Ներկայացնում է նավաբեկությունից փրկված երկու երիտասարդների, ովքեր խարխուլ մակույկով հայտնվել են բաց ծովում։ Հետզհետե տանջող քաղցն ու այնքան բաղձալի, բայց այնքան հեռու ցամաքը ավելի ու ավելի հստակ են նշմարում կյանքի ու մահվան սահմանագիծը։ Երկուսն էլ մի ցանկություն ունեն. փրկվել ամեն գնով, փրկվելու համար էլ պետք է թիավարել դեպի հարավ, բայց ո՞ր կողմն է հարավը. այս հարցում նրանք տարակարծիք են…
Ինտերակտիվ ֆորում-թատրոնի ժանրը մշակվել է նախորդ դարի 60-ական թթ.՝ բրազիլացի հայտնի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանդիսատեսն ակամա դառնում է մասնակից, հնարավորություն ստանում այս կամ այն իրավիճակում առաջադրել լուծումների սեփական տարբերակներ, թատերական բեմահարթակն էլ դառնում է հասարակական քննարկումների յուրօրինակ ամբիոն։ Այս մեթոդը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես «հասարակական փոփոխությունների գործիք»։ Հայաստանում ինտերակտիվ թատրոնի հիմնադիրն ու տարածողը Փոփոխությունների թատրոնն է՝ Բրիտանական խորհրդի հետ համատեղ։ «Բաց ծովի փակուղում» ներկայացումը «Բացեք ձեր միտքը» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է երեւանյան բեմերում, Գյումրու, Վանաձորի, Գորիսի, Իջեւանի, Արտաշատի, Արմավիրի երիտասարդական կենտրոններում, եւ շուրջ 800 հանդիսատես է հնարավորություն ստացել ազատորեն քննարկել հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները, բարձրացնել սեփական տեսակետները, հենց բեմում փորձարկել խնդրի լուծման իրատեսական տարբերակներ։ Մինչ ներկայացումը՝ կիրառվում է նաեւ «Կոնսենսուս եւ կոնֆրոնտացիա» վարժությունը, որը մասնակցին հնարավորություն է տալիս պաշտպանել սեփական դիրքորոշումը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ Ներկայացման երկու դերակատարներից մեկը՝ Երաժշտական կամերային թատրոնի դերասան Վահագն Խաչատրյանը նշեց. «Եթե կա գոնե մեկ մասնակից, ուրեմն ներկայացումը կայացել է եւ ծառայել նպատակին, իսկ այսօր այդ մասնակիցները կային, առաջարկվող լուծումներ՝ նույնպես»։ Նրա խաղընկերն էր Համազգային եւ Երաժշտական կամերային թատրոնների դերասան Արթուր Նազարյանը: Նրա կարծիքով, մեծ նշանակություն ունի այն բեմը, որտեղ խաղում ես:
Նույն կարծիքին է նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողուհի Արփինե Մարտիրոսյանը. «Հանդիսատես-բեմ կապը պետք է լինի, իսկ դրա համար թատերական բեմ է պետք, համապատասխան լուսային ու գունային էֆեկտներ, մի խոսքով՝ թատերական մթնոլորտ։ Քոլեջի դահլիճն այս ամենը չէր ապահովում եւ ավելի շատ դասախոսության տպավորություն էր թողնում»։ Ըստ նույն ինստիտուտի ուսանող Արթուր Էմինյանի՝ «այս ներկայացման մեջ հանդիսատեսը դառնում է ոչ միայն դիտող, այլ նաեւ մտածող կողմ։ Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ ես սահման որպես այդպիսին չեմ ճանաչում, իրականում այդ սահմաններն ավելի լայն են, իսկ բուռն քննարկումները ոմանց քաղաքական շահերից բխող են եւ շինծու բնույթ ունեն»։ Ի դեպ, ամենաակտիվ դերում հենց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն էին, թեեւ ներկա էին ուսանողներ այլ ուսումնական հաստատություններից։ «Բաց ծովի փակուղում» ներկայացման հաջորդ կանգառը Հրազդանն է, կանցկացվի նաեւ Արմավիրում։   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել