Լրահոս
Օրվա լրահոսը

Յուշչենկոն սահմանի դեմարկացիա է պահանջում

Նոյեմբեր 28,2009 00:00

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ռուսաստանին կոչ է արել սահմանների փոխադարձ դեմարկացիա իրականացնել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, Յուշչենկոն այս խնդրին անդրադարձել է՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական սահմանին չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ Խարկովի մարզի բնակիչներից մեկը «Նիվա» ավտոմեքենայով փորձել էր անցնել ռուս-ուկրաինական սահմանը, ռուս սահմանապահների՝ կանգ առնելու պահանջին չէր արձագանքել եւ արդյունքում՝ ռուսական սահմանից 300 մետրի վրա հրազենից ծանր վնասվածքներ ստանալու արդյունքում տեղում մահացել էր:

Աղբյուրի փոխանցմամբ, Յուշչենկոն ասել է, թե «պետք է ձեռնպահ մնալ ընդհանուր սահմանի դեմարկացիայի վերաբերյալ անհիմն հայտարարություններից եւ մոտ ժամանակներս սկսել դեմարկացիոն հանձնաժողով ստեղծելու եւ հարցը լուծելու գործնական քայլեր իրականացնել: Կոչ եմ անում ռուսական կողմին հանդուրժողական, հետեւողական լինել եւ կանխատեսելի գործողություններ անել: Վստահ եմ, որ մենք սահմաններին վերաբերող անհետաձգելի բոլոր հարցերում կկարողանանք փոխըմբռնման հասնել»:

Նախագահը նաեւ հայտարարել է, թե Ուկրաինան հույս է հայտնում, որ ՌԴ համապատասխան մարմինները օբյեկտիվորեն կքննեն տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները ու առաջին հերթին՝ որպես իրավախախտումը կասեցնելու միջոց զենքի գործադրման նպատակահարմարության առումով:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ չկարգավորված են մնում Կերչի նեղուցի եւ Ազովի ծովի ծովային սահմանները, նաեւ երկու երկրների միջեւ մի քանի ցամաքային սահմանի հատվածներ: Բացի այդ, Ուկրաինան նույնպիսի՝ սահմանների դեմարկացիայի խնդիր ունի նաեւ Բելառուսի եւ Մոլդովայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել