Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈ՞ՒՄ Է

Փետրվար 11,2010 00:00

\"\"Նախագահ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական քաղաքականության» հերթական դրսեւորումը՝ Աբդուլա Գյուլին ուղղված ինքնաթիռային ուղերձը, որի նպատակն էր աշխարհին ի ցույց վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում եւ միեւնույն ժամանակ ճշտել պաշտոնական Անկարայի տրամադրությունները, ըստ էության, չտվեց սպասված արդյունքը: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի՝ ակնկալվածից սառը եւ հպանցիկ արձագանքը ցույց տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունների մահվան մասին խոսակցություններն այնքան էլ չափազանցված չեն: Ուստի պատահական չէ, որ թուրքական կողմի նման արձագանքին հետեւեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի բավականին կոշտ եւ սպառնալից բաց նամակը, որտեղ մասնավորապես ասվում է, որ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա «Եվրոպայի հայկական կազմակերպություններն առավել մեծ ուժով կշարունակեն իրենց պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ ընդգրկելով նորանոր երկրների եւ ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը: Ավելին, ԵՀՄՖ-ն կվերանայի իր որոշումը՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում եւ կտրուկ հանդես կգա այդ անդամակցության դեմ»:
Փաստորեն, եթե մինչ այս Սփյուռքի հայկական կազմակերպությունները, ըստ ամենայնի՝ ՀՀ իշխանությունների հորդորներով, որդեգրել էին առավել զուսպ-սպասողական կեցվածք, ապա այժմ արդեն անցել են կոշտ գործելակերպի, ինչն էլ խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն արդեն գրեթե համոզվել են, որ Թուրքիան չի պատրաստվում ստորագրել արձանագրությունները: Այսինքն՝ պարզ ասած, փորձում է խաբել հայերին:
Ժամանակին Սերժ Սարգսյանն, անդրադառնալով նման հեռանկարին, ասել էր՝ դա կնշանակի խաբել նաեւ ամերիկացիներին՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով:
Եվ, դատելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական՝ 252 բանաձեւի քննարկման գործընթացից, ամերիկացիներն արդեն սկսել են իրենց խաբված զգալ: Հարցն այն է, թե որքանո՞վ է խորն այդ խաբվածությունը եւ կհանգեցնի՞ այն ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչմանը:
Ենթադրենք՝ մինչեւ մարտի 4-ը Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ուղղությամբ որեւէ քայլ չարվի: Հնարավոր համարո՞ւմ եք, որ, ի պատասխան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ քվեարկի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին:
Ռուբեն Սաֆրաստյան- ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն- Այո: Ես դա հնարավոր եմ համարում: Այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հանձնաժողովն ընդունել է քննարկման այդ բանաձեւը, ցույց է տալիս, որ դա մաս է կազմում ԱՄՆ քաղաքականության, որով փորձ է արվում ստիպել, որ Թուրքիան կատարի իր ստանձնած պարտավորությունները: Ուստի, եթե մինչեւ մարտի 4-ը Թուրքիայի կողմից տեսանելի քայլեր չարվեն, հնարավոր է, որ հանձնաժողովը համապատասխան դրական որոշում ընդունի՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետ:
Ռազմիկ Զոհրաբյան- ՀՀԿ փոխնախագահ- Անշուշտ, ամերիկացիները շատ լավ դիվանագետներ են եւ կարող են այլ ճանապարհներ էլ գտնել Թուրքիային ճնշելու համար: Բայց ես կարծում եմ, որ եթե մինչեւ մարտի 4-ը Թուրքիան քայլ չանի, ապա հնարավոր է, որ հանձնաժողովի կողմից բանաձեւը հաստատվի եւ մտնի Կոնգրես: Որովհետեւ Միացյալ Նահանգները շատ խիստ տրամադրված է, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, եւ Ցեղասպանության ճանաչման հարցը ամենագլխավոր ճնշումներից մեկն է, որ նրանք կիրառում են Թուրքիայի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թուրքերը, իհարկե, մինչեւ վերջին պահը կձգտեն չգնալ արձանագրությունների վավերացմանը, բայց այս ճնշման տակ ստիպված կլինեն գնալ, քանզի Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը կունենա Թուրքիայի համար խիստ անցանկալի հետագա համապատասխան հետեւանքները:
Այնպես որ, հանձնաժողովում բանաձեւի հաստատումը կլինի նախազգուշացում: Եվ մինչեւ ապրիլ կլինեն էլի մեկ-երկու նախազգուշացումներ, ու եթե մինչ այդ Թուրքիան դիվանագիտական խողովակներով չհայտնի արձանագրությունները խորհրդարան մտցնելու եւ վավերացնելու իր պատրաստակամության մասին, եւ եթե որեւէ քայլ չանի այդ ուղղությամբ, ապա շատ հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Վահան Հովհաննիսյան- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար- ԱՄն Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերի արդյունք է, եւ ԱՄՆ-ը դրանով ամենեւին էլ չի փորձում ճնշել Թուրքիային:
Ես չեմ բացառում, որ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա էականորեն կախված կլինի նրանից, թե Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ինչ բանաձեւով հարցը կփոխանցի Կոնգրեսին:
Հայկ Բաբուխանյան- ՍԻՄ նախագահ- Մարտի 4-ին այդ գործընթացը դեռ միայն սկսվում է, եւ ես կարծում եմ, որ պետք չէ այդ օրը ֆիքսել իբրեւ ԱՄՆ կողմից Թուրքիային ներկայացվող վերջնաժամկետ: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը մի երկու ամիս ժամանակ կտա, որ Թուրքիան ավելի խելոք գնա այն ուղով, որը Միացյալ Նահանգներն իր համար նախանշել է: Ըստ իս, Թուրքիան չի կարողանա դուրս գալ այդ ճնշումների տակից եւ ստիպված կլինի վավերացնել արձանագրությունները: Եվ այդպիսով, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս կգա օրակարգից: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ԱՄՆ մերձավորագույն ռազմավարական դաշնակիցն է, եւ ԱՄՆ-ն այս փուլում դժվար թե գնա նման կտրուկ քայլի:
Սուրեն Զոլյան- քաղաքագետ- Ես դա միանգամայն հնարավոր եմ համարում: Առավել եւս, որ նախկինում էլ, երբ դեռ չկար հայ-թուրքական արձանագրությունների հարցը, եղել են նման դեպքեր: Մասնավորապես՝ երկու տարի առաջ, երբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը հասավ մինչեւ ԱՄՆ Սենատ, սակայն քաղաքական դրդապատճառներով գործընթացը սառեցվեց: ԱՄՆ օրենսդիր մարմնում ընթացակարգերն այնքան տարբեր են ու ճկուն, որ դրանք գործընթացի ցանկացած փուլում տարբեր լուծումների հնարավորություն են տալիս: Ամեն դեպքում, կարծում եմ, հանձնաժողովը կընդունի համապատասխան որոշումը, եւ հարցը կստանա կիսապաշտոնական լուծում, որը, սակայն, կարող է առկախվել: Այսպիսով, ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ կարող է ճնշում բանեցնել՝ ցույց տալով Ցեղասպանության ճանաչման հարցում հաջորդ քայլը կատարելու հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել