Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավի ու կամքի մարմնացում

Ապրիլ 24,2010 00:00

\"\"Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցմանը մասնակցած ուսուցչուհու կարծիքով՝ սա է Ծիծեռնակաբերդի էությունը

Վանաձորի բնակչուհի, ՀՀ վաստակավոր ուսուցչուհի, 82-ամյա Հասմիկ Անանյանն առաջին անգամ Մեծ եղեռնի զոհերի հիշատակման ու խնկարկման օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի գնա: Տարիքն իրենն անում է, ոտքերը ցավում են, երկար քայլել չի կարող: Ապրիլի 24-ը Հասմիկ Անանյանի համար ոչ միայն Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր է, այլեւ հայ ժողովրդի փայլուն մտքի թռիչքը գնահատելու եւ համբերության առջեւ խոնարհվելու առիթ, որ կարծրացել, քարացել՝ հուշարձան է դարձել: «Եթե մի ժողովրդի հավաքական գենը կարողացել է ամփոփել ցավը, ազգի կամքի ուժն ու կյանքի հանդեպ սերը, այդ ժողովուրդը չի ընկրկի ոչ մի արհավիրքի առաջ եւ անցնելու երկար ճանապարհ ունի»,- հուշարձանի ճարտարապետների ու շինարարների մասին խոսելիս՝ հպարտանալով ասում է տիկին Հասմիկը: Հասմիկ Անանյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի մաքրման աշխատանքներից մինչեւ հուշակոթողի բացման արարողությունը (1950-1967)՝ կանգնած է եղել շինարարի կողքին, օգնել նրանց ինչով կարողացել է:
1950 թվականին, երբ արդեն որոշված էր հուշակոթողի կառուցման վայրը, Երեւանի պետական համալսարանի մի խումբ կամավորներ, կոմերիտական կազմակերպության նախաձեռնությամբ, առանց սեռի, տարիքի ու պաշտոնի՝ ուսանող, դասախոս ու ռեկտոր, բահը, քլունգն ու պատգարակը ձեռքներին մի մարդու նման որպես սեւագործ բանվոր աշխատում էին: Բարեկարգման աշխատանքները 4 տարի տեւեցին, սակայն սպասումները, որ հուշակոթողը կկառուցվի մաքրման աշխատանքներից անմիջապես հետո՝ չարդարացան, Մոսկվայից թույլտվություն չկար: Չնայած դրան, ամեն տարի կամավորները շաբաթօրյակներ են կազմակերպել եւ տարածքը մաքրել: Վաստակաշատ ուսուցչուհու համար մայիս ամսվա հաղթանակների թիվը մեկով ավելի է, քանի որ հենց մայիսին են հուշակոթողի առաջին քարը դրել եւ հիմնարկեքը տոնել: «Երբ իմացանք, որ առաջին քարը պետք է դնեն, ծաղիկներ, ուտելիք ու խմիչք վերցնելով՝ գնացինք շինարարների մոտ: Հայկական կոնյակով կարծես օծեցինք հիմքը»,- հիշում է մեր զրուցակիցը: Դա 1965 թվականին էր, երբ այլեւս հնարավոր չէր սաստել ժողովրդին: Ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումներ էին կազմակերպվել, երթեր ու ցույցեր: ԽՍՀՄ ղեկավարությունը փորձել էր կանխել դրանք՝ հայտարարելով, թե ով հարգում է զոհերի հիշատակը, թող մեզ հետ գա ու մեծն Կոմիտասի շիրմաքարին ծաղիկներ դնենք: Որոշ մարդիկ այդպես էլ արել էին, շատերը՝ իրենց ոգեկոչման երթը շարունակել մինչեւ ուշ գիշեր: Երթերը շարունակվել են մի քանի օր, ալեկոծված ժողովրդին հանդարտեցնել չի եղել եւ հենց այդ շրջանում Խորհրդային միության ղեկավարները թույլատրել են վերսկսել հուշակոթողի շինարարությունը:
«Ի՜նչ տոն էր, խանդավառված ու ոգեւորված աշխատում էինք, ճիշտ է՝ պատ չեմ շարել, դա էլ կանեի, եթե թույլ տային, շինարարի համար ճաշ եփելուց մինչեւ քար տաշելն ու ցեխ փոխանցելը անում էինք, կարեւոր չէ, ով ինչով էր օգնում, կարեւորը օր առաջ ավարտելն էր»,- հիշում է Հասմիկ Անանյանը: Սակայն 1967 թ. ապրիլի 24-ին հուշարձանը դեռ վերջնական տեսքի չէր բերվել:
Արդեն կես դար տիկին Հասմիկը այցելում է զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, նաեւ դպրոցի բոլոր աշակերտներին պատմում մաքառմամբ, պայքարով ու համբերությամբ ձեռք բերված հուշակոթողի պատմությունը: Վաստակաշատ ուսուցչուհին այժմ մի թաքուն երազանք ունի, որ բոլորը ճանաչեն Ցեղասպանությունը, այլապես անպատժելիության մթնոլորտը նոր ոճիրներ կծնի: «Մինչեւ չարաճճի երեխային չես պատժում, ցավի դիմաց ցավ չես պատճառում, նա չի գիտակցում իր արածը, այսօր մենք Թուրքիային պետք է ցավ պատճառենք, որ քաղաքական կամք ունենա ճանաչել Ցեղասպանության փաստը, դրանից հետո միայն գուցեեւ մտածենք հաշտության մասին»,- վստահ է Հասմիկ Անանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել