Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Մայիս 05,2010 00:00 Share

Մի մարզի մի տեղական հեռուստաընկերության մի պահվածքի մասին

\"\"

Սյունիքի Խուստուփ լեռն է, որ հպարտ է, անարատ ու ազնիվ:


Անցած 5-6 օրերի ընթացքում Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործող մի հեռուստաընկերություն առնվազն երկու անգամ անդրադարձել է «Առավոտ» թերթին, Սյունիքի մարզի մեր թղթակից Մերի Սողոմոնյանին եւ, չգիտես ինչու, հայտարարել, որ մեր թղթակիցը կանխակալ վերաբերմունք ունի Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության նկատմամբ: «Առավոտին» եւ մասնավորաբար մեր մասնագիտական եւ էթիկական կանոններին (www.aravot.am/am
/home/about), մեր աշխատաոճին թեկուզ փոքր-ինչ ծանոթ մեկը նման հայտարարություն չէր անի: «Առավոտը» բաց է բոլորի համար, կանխակալ վերաբերմունք ունեցողը «Առավոտում» չի կարող աշխատել, իսկ Մերի Սողոմոնյանը առաջին տարին չէ, որ «Առավոտի» համար գրում է: «Առավոտում» ամսական առնվազն 12-14 հրապարակում է լինում, որոնց հեղինակը Մերի Սողոմոնյանն է:
Առնվազն զարմանալի է, որ մեր թղթակցին մեղադրում են «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը քննադատելու մեջ եւ մոռանում, իսկ ավելի ճիշտ՝ «մոռանում», որ այդ նույն թղթակիցը քննադատական նյութեր է գրել նաեւ Սյունիքի տարբեր պաշտոնյաների եւ լեռնաարդյունաբերական այլ ձեռնարկությունների մասին՝ Ագարակի կոմբինատի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Ի գիտություն Կապանում գործող այդ հեռուստաընկերության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի անմխիթար վիճակի մասին Մերի Սողոմոնյանի հրապարակումներից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը Կապանում գործող բնապահպանական հ/կ-ին առաջարկեց համատեղ ուսումնասիրել հարցը:
Առնվազն զարմանալի է, որ մեր թղթակցին մեղադրում են «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը բացառապես վատ լույսի տակ ներկայացնելու մեջ եւ «մոռանում», որ այդ նույն թղթակիցը գրել է, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը իր միջոցներով նորոգում է Կապանի հիվանդանոցի մի բաժինը: «Առավոտը» եւ մասնավորաբար «Առավոտի» Մերին գրել է եւ գրելու է մեր իրականության մասին, գրելու է այն, ինչ կա, իրերը իրենց անուններով է կոչելու:
Առնվազն զարմանալի է, որ Սյունիքում գործող մի հեռուստաընկերություն ստանձնել է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության պաշտպանի դերը, այն դեպքում, երբ ընկերությունը երբեք որեւէ բողոք մեզ չի ներկայացրել: Մեր բոլոր նյութերում բոլոր կողմերն էլ իրենց կարծիքն ու տեսակետը ներկայացնելու հնարավորություն ունեն: «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը հաճախ օգտվել է այդ իրավունքից: Իսկ եթե ինչ-որ մեկը չի ուզում իր կարծիքը հայտնել, իր խնդիրն ու իր որոշելիքն է: «Առավոտն» ու «Առավոտի» Մերին ոչ մեկին ոչինչ չեն պարտադրում:
«Առավոտը» եւ Սյունիքի մարզում մեր թղթակից Մերի Սողոմոնյանը շարունակելու են լուսաբանել Հայաստանի ու մասնավորաբար Սյունիքի կյանքի բոլոր կողմերը, անկախ ամեն ինչից: Ու Կապանում գործող մի հեռուստաընկերության այսօրինակ, մեղմ ասած, զարմանալի պահվածքին էլ չենք անդրադառնալու: Մենք մեր աշխատանքն ենք անում: Եվ միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել