Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԳՈՐԾԱ՞Ծ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ 35 ՏԱՐԻ ԲԱՆՏՈՒՄ

Մայիս 05,2010 00:00

«Փախուստ բանտից»-3

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շարունակվեց ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործի դատաքննությունը:

Մհեր Ենոքյանը հայտարարություն արեց, հայտնելով իր վերաբերմունքը վանդակաճաղի հետ կապված. «Ստորացուցիչ է վանդակի մեջ գտնվելը: Ծտերը ծրտել են, վանդակը մաքրված չի, գլանակներ կան թափված: Սա մոտեցում է, վերաբերմունք: Նույնիսկ գազանանոցի կենդանիների վանդակներն ավելի մեծ են, քան մերը, ավելի մաքուր, քան՝ որտեղ ես կանգնած եմ: Բարոյական ճնշում կա»:

Թե բարոյական, թե ֆիզիկական ճնշման մասին խոսեցին 2 ամբաստանյալները, իրենց ցուցմունքները փորձելով հիմնավորել:

Մհեր Ենոքյանն ասաց, որ 20 տարեկանում իրեն դատապարտեցին մահապատժի, իր չգործած հանցանքի՝ սպանության համար: Նա փորձել է բողոքել ամենուր, սակայն արժանացել է խոշտանգումների, կտտանքների: Նա նախընտրել է միշտ փախչել Սողոմոնի հետ, որովհետեւ «նա էությամբ հանցագործ չէր»: Մ. Ենոքյանն ասաց, որ փախուստը եղել է պաշտպանության ձեւ. «2005թ.-ին, երբ Գորիսի բանտից փախչելուց հետո ինձ բերեցին «Նուբարաշեն», տեղավորեցին մի խուց, ուր մանյակներ էին, արվամոլներ: Մանկուց ծխել չեմ կարողացել ու ինձ տեղավորեցին մի խցում, ուր ծխում էին: Ոտքերս ու ձեռքերս կապում էին: Ասում էին, քո 1996թ. գործի հետ կապված՝ մի բողոքիր, դիմումներ մի գրի, ասում էին՝ քո հետ ճիշտ են վարվել: Մի օր էլ 10 հոգով մտան խուց ու ինձ տարան Հովիկ Պետրոսյանի աշխատասենյակ… 2 ժամ ծեծեցին, որ ես չբողոքեմ»:

Մ. Ենոքյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշենում» ստուգող աշխատող Սեդրակ Արթինյանը ծեծի ակտիվ մասնակիցներից էր, որը հետագայում դարձավ տեղի անվտանգության բաժնի պետը, եւ այս գործով կալանավորված է, իրեն հետագայում առաջարկել է փախուստը կազմակերպել: Մհերն ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերվել Սեդրակ Արթինյանի ասածին, սակայն նա պնդել է, որ գործը գլուխ կբերի 100 000 եվրոյով. «Ասաց՝ հանաք չեմ անում, միայն դու»:

Մհեր Ենոքյանն ասաց, որ իր ծեծի հետ կապված որեւէ գործ չհարուցվեց, որ վտանգված են իրենք, քանի որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ այս գործով մեղադրված 5 հսկիչներն ու պետերը ամեն վայրկյան կարող են իրենց հետ հաշվեհարդար տեսնել: Իսկ իրենց խնդրանքը՝ տեղափոխել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, այդպես էլ մերժվել է: Դատապարտյալն ասաց, որ 2005 թվականի փախուստից հետո իրենք 6 տարի զբոսանքի իրավունք չեն ստացել. «Ահա շարժառիթը: Հիմա, երբ եւս 8 տարի կավելացնեն իմ ազատազրկմանը եւ կստացվի, որ ես 35 տարի դատապարտվել եմ, քանի որ 20 տարի հետո իրավունք չեմ ունենա վաղաժամկետ ազատման դիմում գրելու, ես կդառնամ 55 տարեկան: 20 տարեկանում ազատազրկվել եմ՝ 55 դուրս եկել…
Ես այլեւս համբերելու ուժ չունեմ: Ես 21 օր մնացի դրսում եւ հանրության համար վտանգ չէի ներկայացնում: Իսկ այստեղ վտանգավոր եմ, քանի որ ինձ պաշտպանելու համար կդիմեմ փախուստի, արդեն դիակներ իմ ետեւից թողնելով: Կխփեմ մարդկանց ու հետո ինձ: Որովհետեւ ես չեմ ուզում ամեն օր ուտել, զուգարան մտնել ու անասունի նման տելեվիզորի պուլտը ձեռիս պտտել: Ո՞վ կշահի: Համակա՞րգը: Դատավո՞րը: Դատախա՞զը: Հանրությո՞ւնը»:

Երեկ ցուցմունք տվեց նաեւ Սողոմոն Քոչարյանը: Նա իր թարգմանի միջոցով դատարանին ներկայացրեց էլեկտրոնային թերթերից մեկի տեղեկատվությունը, ըստ որի՝ ինքը մեղադրվել է բանդիտիզմի եւ անմեղ մարդկանց սպանության համար: Սողոմոն Քոչարյանը հայտնեց, որ հասկանում է՝ որտեղից է այդ տեղեկատվությունը, ակնարկելով ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությանը, ապա հավելեց, որ դա կապված է թմրանյութ տեղափոխող ադրբեջանցու հետ, որի փաստաթղթերը եղել են Իրանի քաղաքացու: Ի դեպ, դատարանին հարցրեց, թե ինչո՞ւ իր գործի մեջ չկա պատերազմում 1993թ.-ից իր հաշմանդամության մասին տեղեկանքը, ինչո՞ւ առանց պատճառաբանության ինքը զրկված է հաշմանդամության նպաստը ստանալուց: Մեղադրող Հարություն Հարությունյանը հարցի պատասխանը չուներ:

Սողոմոն Քոչարյանը գրեթե կրկնեց այն, ինչ Մհերն էր ասում: «Ես սիրել եմ իմ ազգը: Եթե մեղավոր եմ՝ դատեք»: Նա նույնպես փախուստը ընտրել էր, որովհետեւ իր գործի վերանայման դիմումները մնացել էին անպատասխան: «Ցանկացած դիմում ի վերջո աղբաման է նետվում»,- ասաց նա:

Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատարան պետք է բերվեին «Նուբարաշեն» քրեակատարողականի նախկին 5 աշխատակիցները՝ ցերեկային հերթափոխի աշխատակիցներ Աղասի Սմբատյանը, Արա Աթաբեկյանը, Վանիկ Հարությունյանը, ցմահ ազատազրկվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանն ու անվտանգության բաժնի պետ Սեդրակ Արթինյանը:

Նրանք հրաժարվել էին ներկայանալ դատարան, այդ իսկ պատճառով հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Ըստ նախաքննական ցուցմունքների, անցյալ տարվա նոյեմբերին՝ փախուստի օրը դատապարտյալները չեն խուզարկվել, իսկ երբ ցմահ դատապարտվածների զբոսանքից հետո իրենք բարձրացել են 6-րդ հարկի զբոսախուց, հայտնաբերել են տանիքի ճաղավանդակը պոկված, պարանը կախված…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31