Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գիրք ես սիրում, ուրեմն՝ մարդ ես»

Մայիս 11,2010 00:00

Ասում է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն

Հրատարակիչների ազգային ասոցիացիայի եւ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ մայիսի 9-11-ը անցկացվում է մանկապատանեկան գրքի երեւանյան 4-րդ տոնավաճառը: Ներկայացված են «Զանգակ», «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Արեւիկ» եւ այլ հրատարակչությունների՝ մանկական, ճանաչողական, գեղարվեստական, այլ բնույթի գրքեր: Ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն ունեն դրանք գնել 20% զեղչով: Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ամբողջ աշխարհում կա գիրքը ընթերցողին հասցնելու ճանապարհ՝ գրքի տոնավաճառներ, ցուցահանդեսներ: Բացի այդ, բազմաթիվ անակնկալներ են լինում՝ բուկլետներ, գրքեր, զանազան իրեր»: Նա նաեւ ավելացրեց, որ փետրվարին կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մոտ 4000 այցելու է եղել:
Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը՝ մտահոգությանը, թե մանկական գրքերը թանկ են, պատասխանում է. «Մանկական գրքերի գներն իրականում թանկ չեն, միջազգային շուկայում թղթի գինը 40%-ից ավելի բարձրացել է, իսկ մենք ոչինչ չենք թանկացրել: Հարկերից ազատված է միայն մանկական գրականությունը, իսկ գեղարվեստականի համար մենք վճարում ենք ավելացված արժեքի հարկ, շահութահարկ: Լավ կլիներ, եթե մեր կառավարությունը գոնե մինչեւ 2012 թվականը՝ գրքի 500-ամյակի տոնակատարությունը, աջակցեր՝ գրքերի գները իջնեին»:
ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ, գրող Էդուարդ Միլիտոնյանը գտնում է, որ ընթերցանությունը խթանելու համար քայլեր պետք է արվեն. «Սկսած գրքի գնից՝ վերջացրած բացօթյա գրախանութներով: Հասարակական, գերատեսչական հիմնարկներում գրախանութների գոյությունը կարեւոր է: Դրանք ձեւեր են, որ տարածվի գիրքը»:
«Արեւիկ» հրատարակչության նախագահ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն էլ կարծում է, որ նման միջոցառումներն օգուտ բերում են՝ որպեսզի մի քանիսը դառնան լավ ընթերցողներ, բայց գտնում է, որ գիրք կարդալու մշակույթը պիտի երեխաները, ընթերցողներն իրենց մեջ ունենան. «Իմ սերունդն ունեցել է, մենք անխոնջ ընթերցողներ էինք: Նոր գայթակղությունները, համակարգչային ընթերցանությունները՝ գրքի նկատմամբ ուշադրությունը շեղել են: Ժամանակին գուշակում էին թատրոնի, կինոյի վախճանը, այդպես չեղավ, ապրելու է նաեւ գիրքը, որովհետեւ այն հաճույքը, հոգեկան ներքին բավարարվածությունը, որ ստանում ես գրքի էջերը թերթելով, քեզ չի տա ոչ մի համակարգիչ»: Մեր զրուցակիցը համոզված է, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու համար հրատարակիչները եւս անելիք ունեն. «Լինում է՝ մի գիրք է պահանջարկ վայելում, բայց իրականում աղբանոց նետելու բան է: Սա խոսում է ժողովրդի խեղված ճաշակի մասին»: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն էլ նշեց. «Հայը միշտ սիրել է գիրքը, պահպանել, ստացել պապիկից, ծնողից: Այդ գեղեցիկ ավանդույթը կարեւոր է, որ պահպանվի: Սիրեք գիրքը, եթե այն սիրում ես՝ ուրեմն մարդ ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել