Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգն անկատար է

Մայիս 29,2010 00:00

Երբ արջն է բուին կարգում դատավոր

ՀՀ դատական համակարգի անկատար լինելու մասին խոսվել ու գրվել է բազմաթիվ անգամ: Այն ոչ միայն դաժան է, հակամարդկային ու նպատակ չհետապնդող, այլ զուտ կամայական է, նաեւ՝ անկարող: Դիպուկ ասված «անկարող»-ը հասկանալի դարձնելու համար հիշեցնենք ժողովրդական հանրահայտ ասույթը. «ով վճարում է, նա էլ պատվիրում է»: Փաստացի վճարողը ժողովուրդն է, բայց պատվիրելու իրավունքից՝ իսպառ զրկված: Խորհրդային տարիներին դատավորների վճարումը դարձյալ միջնորդավորված էր, բայց գոնե, թեկուզ ձեւականորեն, ժողովուրդն էր ընտրում նրանց: Սահմանադրության ընդունման առիթով երբ բանավիճում էի հայտնի իրավագետ՝ հանգուցյալ Վլ. Նազարյանի հետ, նա ասաց. «Որքան հասկացա, դուք բժիշկ եք, ձեզ անկեղծ հավատացնում եմ, որ իրավագիտությունը իր խորությամբ ու բարդությամբ չի զիջում բժշկությանը»: Սակայն մարտյան դատավարությունների ընթացքում, երբ ողջ ժողովուրդն էր հետեւում դրանց, ինձ համար էլ պարզ դարձավ, որ մեր իրավական համակարգը ոչ միայն գիտության նշույլ անգամ չունի, այլեւ նման է բիզնեսի մի տեսակի, որից սատանան էլ գլուխ չի հանի: Չասեմ՝ Քրիստոսին էլ սրանք կդատեին, բայց փորձեք մի նորածնի սրանց ձեռքը գցել: Հազար ու մի պատրվակ կկպցնեն ու կդատեն տասը տարի: Մի առակագիր ունեինք ու լավ էլ գրում էր. «Էլ ում լինի մարդ գանգատավոր, երբ արջն է բուին կարգել դատավոր»: Պարզաբանման համար բերենք մի օրինակ. Քրդատօրենսգրքում կա հոդված՝ դատավորին բացարկ հայտնելու մասին: Կա օրենք, հոդված, կետեր ու ենթակետեր այդ առնչությամբ, սակայն օգտվել դրանցից, ինչպես տեսանք, չհաջողվեց ոչ ոքի: Կամ փաստաբանները չէին կարողանում գիտականորեն հիմնավորել բացարկը, կամ էլ դատավորն է ասում՝ օրենքը ես եմ…
Այս առիթով դիմեցի մի տարեց ու փորձառու փաստաբանի: Եվ ահա թե ինչ ասաց նա. «Իմ ողջ գործունեության ընթացքում երբեւէ չի հաջողվել օգտվել այդ իրավունքից, բացի մի դեպքում, երբ այն անհրաժեշտ էր դատավորին»:
Ժամանակին համոզում էին, թե անհրաժեշտ է դատավորներին առատաձեռն վճարել, որպեսզի կաշառք չվերցնեն: Ունենալով քստմնելի եւ հեռահար նպատակ, պարզ կաշառակերությունը հնարամտորեն վերածեցին կոռուպցիայի, իր բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի դրսեւորումներով, որի հետեւանքով ժողովրդի հաշվին խոշոր գումարներ ստացող դատավորները ծառայում են ոչ թե ժողովրդին, այլ պաշտոն ու գումար հատկացնողին, առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ հրահանգներով ու կիսվելով:
Կատարենք մի մեջբերում ասույթներից. «Վայ այն երկրին, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերն ու դատարանները: Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն եւ դրանից էլ «յոթը դայակների մանուկը մնում է առանց աչքի» (Մ. Ի. Կուտուզով):
Իրոք, ունենք սահմանադրություն, որի վրա (նաեւ Աստվածաշնչի) ձեռք դնելով՝ երդվողը երաշխավորեց իշխանության թեւերի տարանջատում, անկախ իրավական պետության ստեղծում, օրենքների գերակայության հաստատում: Մինչդեռ առայսօր ոչ տարանջատումը տեսանք, ոչ էլ «անկախ» համակարգից բան հասկացանք: Ուրեմն, իրոք վա՜յ մեզ… Այլ կերպ. ՄԻՊ Արմեն Հարությունյանը չէր ասի. «Մեր դատարաններում դատում են մի սկզբունքով՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ի դեպ, Քրեական օրենսգրքում կա հոդված բժշկական սխալի համար, եթե այդպիսին էլ կա իրավական սխալի համար, ապա՝ ինչո՞ւ իրավաբանները չեն գիտակցում, որ իրենք ընդամենը օրենք մեկնաբանող են եւ ոչ թե այն պարգեւող: Այստեղ էլ կարող ենք հիշեցնել ժողովրդական ասացվածքը՝ «ում կուտն են ուտում, ում դռանը ածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել