Լրահոս
Օրվա լրահոսը

Չեքիջյանի մասին կարելի է գրել ու չսպառվել

Հունիս 18,2010 00:00

Կարծում է «Ամենայն հայոց մաեստրո» գրքի հեղինակ Աննա Ասատրյանը

\"\"Վերջին տարիներին հանրապետությունում ցածրաճաշակ արվեստը «հաղթարշավ» է ապրում, արդեն չես հասկանում, թե որտեղ է ճշմարիտ արվեստը եւ որտեղ՝ «աստղը», տարբեր հեղինակավոր դահլիճներում էլ նշվում են վաստակ չունեցող մարդկանց հոբելյաններ: Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծարանքի խոսքեր հնչեցին իսկապես մեծանուն արվեստագետի՝ Հովհաննես Չեքիջյանի հասցեին, եւ կայացավ երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանի «Ամենայն հայոց մաեստրո» գրքի շնորհանդեսը: «Առավոտը» երաժշտագետին հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ նա մեկ այլ գրքի տեսքով էր անդրադարձել Չեքիջյանին: Ի՞նչը երկրորդ գրքի ստեղծման պատճառ դարձավ: «Չեմ կարծում, թե այս գիրքն էլ բավարար է՝ ներկայացնելու մեծ արվեստագետին: Շուրջ 50 տարի երաժշտական կյանքի կամերտոնը դարձած եւ Հայաստանի երաժշտական այցեքարտի իր դիրքերը վստահաբար պահպանող Չեքիջյանի մասին գրելու դեռ շատ բան կա, կարելի է գրել, գրել ու չսպառվել: Իսկ առաջին գիրքս նվիրված էր կապելլայի հիմնադրման 70-ամյակին»,- ասաց երաժշտագետը: Նա հիշեց իր առաջին հանդիպումը մաեստրոյի հետ. «Սրանից ճիշտ քառորդ դար առաջ էր. 1984թ. Ազգային օպերային թատրոնում տեղի ունեցավ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի հերթական՝ 4-րդ բեմադրությունը՝ Չեքիջյանի երաժշտական ղեկավարությամբ: Այդ ժամանակ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սովորողիս հայրս՝ ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ Գրիգոր Ասատրյանը, որը դասական երաժշտության սիրահար է, վերցրեց հետը: Այդ օրն իսկապես խորհրդանշական դարձավ իմ կյանքում: Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց պիտի զբաղվեմ հենց Չուխաջյանի օպերաների ուսումնասիրությամբ ու գրքեր գրեմ մեծ կոմպոզիտորի եւ մաեստրո Չեքիջյանի ստեղծագործական գործունեության մասին»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ներկայացման ավարտից հետո հավաքվել են տնօրենի սենյակում, իսկ վերջում, երբ պետք է տուն գնային, Հովհ. Չեքիջյանը օգնել է հագնել իր վերարկուն. «Շփոթվեցի ու փորձեցի մերժել, չէ՞ որ այն ժամանակ ինձ՝ ուսումնարանի սովորողիս համար Չեքիջյանը, որը թեեւ մեր հարեւանն էր, այդուհանդերձ մեծություն էր՝ կենդանի լեգենդ: Մաեստրոն համառեց ու հորս ասաց՝ հետագայում երեւի կհիշի, որ ես օգնել եմ իրեն վերարկուն հագնելիս: Տարիներ անց, 1984-ին սկիզբ առած այս բարեկամությունը նորոգվել է 2006-ին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով՝ Ա. Խաչատրյանի հեղինակած հիմնի վերականգնման նպատակով, որում ընդգրկված էինք երկուսս էլ: Հենց այդտեղ ինձ վստահվեց մաեստրոյի մասին այս հոբելյանական գիրքը»: Հավելենք, որ Ա. Ասատրյանի գիրքը օգտակար կարող է լինել ատենախոսություն գրողների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել